Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՈՒՍԱԴԻՐՆԵՐՈՎ ԿԻՆԸ



ՈՒՍԱԴԻՐՆԵՐՈՎ ԿԻՆԸԶինվորական գործը որպես կյանքի ուղի ընտրած գեղեցիկ սեռի ներկայացուցիչները քիչ չեն զինված ուժերում: Ավելին, բանակի մաս կազմելու ցանկություն ունեցող կանանց թիվը զգալիորեն աճում է:

Կապիտան Աննա Վարդանյանը շուրջ տասը տարի զինված ուժերում է: Ծառայել է տարբեր զորամասերում, նաև մարտական հերթապահություն իրականացրել առաջնագծում: Վերջերս էլ նշանակվել է կանանց զորամասի հրամանատարի՝ բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալ:

-Մեծագույն պատվով եմ իրականացնում ծառայությունս մեր գումարտակում, երջանիկ եմ լինել ՀՀ պատմության մեջ առաջադեմ ծրագրերից մեկի ակունքներում: Հայրենիքը բոլորինս է, ու հայրենիքի համար հավասարաչափ պատասխանատու ենք յուրաքանչյուրս՝ կին, թե տղամարդ, տարբերություն չկա,- հենց այս գաղափարով է առաջնորդվում կապիտան Վարդանյանը:

Զորամասում Աննային առանձնահատուկ հարգանքով եւ ջերմությամբ են բնութագրում.

-Իր գործի իրական նվիրյալ է: Բարեկիրթ է, սրտացավ, օգնելու պատրաստակամ, մարդկային բարձր որակներով է օժտված: Գործում չափազանց պատասխանատու է, մասնագիտական հարուստ գիտելիքներ ունի, նրանից անընդհատ կարելի է սովորել: Մի խոսքով՝ զինվորական կնոջ կատարելատիպ է,- զորամասի աղջիկների խոսքն ամբողջացնում է դասակի հրամանատար, լեյտենանտ Սիրան Վարդանյանը:

Մասնագիտությամբ տնտեսագետ, մանկավարժ, իրավագետ Աննայի համար   զինվորականի ճանապարհն  է նախընտրելին, ամենից հոգեհարազատը:

-Բանակի և ծառայության հանդեպ սերը, կարծես, ծնվել է ինձ հետ: Մտաբերում եմ, թե փոքր տարիքում ինչ ակնածանքով, հիացմունքով էի նայում զինվորականներին, հոգու խորքում երազանք փայփայում՝ գուցե մի գեղեցիկ օր ինքս էլ այդ համազգեստը կրեմ:

Երբ տեղեկացա, որ կանայք եւս կարող են համալրել պայմանագրային կազմի շարքերը, առանց երկմտելու, ոգեւորված շտապեցի կյանքի կոչել վաղեմի երազանքս: Հասուն տարիքում եմ կայացրել որոշումս՝ համալրել զինված ուժերի շարքերը: Հարազատներս ըմբռնումով են մոտեցել որոշմանս, քաջալերել ինձ: Երբ ընտանիքում հայրենիքը գերակա արժեք է, բնականաբար, հայրենիքի պաշտպանի մասնագիտությունը ամենապատվաբեր առաքելությունն է:

Աննան չափազանց կարեւորում է իգական սեռի ներկայացուցիչների դերը բանակում: Նա համոզված է՝ կնոջ ներկայությունը զորամասում ապահովում է բարեկրթություն, զսպվածություն,  զգոնություն, պատասխանատվություն…

-Իհարկե, ամեն մեկը չէ, որ կցանկանա իր կյանքի մասնագիտական գործունեության միակ ուղին դարձնել ծառայությունը, բայց յուրաքանչյուրը պարտավոր է գոնե նվազագույն ռազմական գիտելիքների ու հմտությունների տիրապետել: Հորդորում եմ աղջիկներին համալրել մեր շարքերը, իրենց ներուժը ներդնել բանակի ուժեղացման գործում: Այսօր մեր պետությունը իգական սեռի 18-27 տարեկան քաղաքացիներին հնարավորություն է տալիս կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայության անցնել վեց ամիս ժամկետով: Զորակոչված աղջիկների համար որպես ծառայության վայր է նշանակվում ուսումնական զորամասը՝ առանց վիճակահանության, և ծառայությունը կազմակերպվում է բացառապես այդ զորամասում: Մեր նոր մասնաշենքում ստեղծված են գերազանց պայմաններ՝ աշխատասենյակներ, հանգստի սենյակներ: Վեցամսյա ժամկետը լրանալուց հետո էլ  ծրագրի շահառուները  կստանան պատվովճար՝ 1 միլիոն դրամի չափով:

ՈՒՍԱԴԻՐՆԵՐՈՎ ԿԻՆԸԿապիտան Վարդանյանը բոլորովին վերջերս է նշանակվել կանանց գումարտակի  հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալ, բայց կարճ ժամանակահատվածում էլ  բավականին արդյունավետ աշխատանք է իրականացրել  զորամասում փոխադարձ հարգանքի եւ վստահության մթնոլորտ ձևավորելու նպատակով:

-Տարբեր խառնվածքի, բնավորության ու հոգեկերտվածքի աղջիկներ են, յուրօրինակ մի գունապնակ, ինչպիսին, վստահ եմ, առկա է յուրաքանչյուր այլ կոլեկտիվում: Պարզապես հարկ է ճիշտ կազմակերպել փոխհարաբերությունները: Այստեղ մեզ օգնության են գալիս օրենքները, ԶՈՒ կանոնագրքերը,- ասում է Աննան ու ժպտալով հավելում է,- աղջիկների հետ աշխատելիս դասական մեթոդաբանությանը գումարվում է նաեւ ստեղծագործ մոտեցումը, չենք մոռանում կանանց հոգեբանության առանձնահատկությունների մասին:

Լսարաններից մեկում անցկացվող դասաժամի թեման է՝ «Զինծառայող կանանց սոցիալական իրավունքներն ու երաշխիքները»: Կապիտանը ներկայացնում է սահմանված արտոնությունները, կին զինծառայողների աշխատանքային իրավունքներն ու սոցիալական երաշխիքները, պարզաբանում է զինվորական ծառայության յուրահատուկ բնույթով պայմանավորված սահմանափակումները: Քաղաքացիական կյանքում ստացած գիտելիքների շնորհիվ Աննան նյութն առավել պատկերավոր, մանրակրկիտ է մատուցում:

Անկեղծ ու անմիջական զրույցները ստորաբաժանումում հաճախակի են: Կապիտան Վարդանյանը նաեւ իր օրինակով ոգեւորում է ենթականերին:

-Ամեն մեկս պետք է կարեւորի, գիտակցի իր դերը երկրի անվտանգության ու պաշտպանության գործում, սիրի Հայրենիքը կյանքից առավել:

 

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Լուսանկարները՝ ՌԱԶՄԻԿ ՏԻԳՐԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #36 (1549) 4.11.2024 - 11.11.2024, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


21/11/2024