Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԵՏԱԽՈՒՅԶՆԵՐԸ ՌԱԶՄԵՐԹ ԵՆ ԿԱՏԱՐԵԼ



ՀԵՏԱԽՈՒՅԶՆԵՐԸ ՌԱԶՄԵՐԹ ԵՆ ԿԱՏԱՐԵԼՆՈՅԵՄԲԵՐԻ 5-Ը ՀԵՏԱԽՈՒՅԶԻ ՕՐՆ Է

Ուսումնական առօրյան բոլոր զորամասերում ու ստորաբաժանումներում հագեցած է մասնագիտական պարապմունքներով ու վարժանքներով: Դրանք են կոփում մեր բանակի զինվորներին, դարձնում ավելի փորձառու և հմուտ մասնագետներ: Հատուկ նշանակության ստորաբաժանման ժամկետային զինծառայողներն օրերս մասնակցեցին ճամբարային հավաքի, որի ավարտին կատարվեց խմբի կազմով ռազմերթ: Զինվորները հրահանգիչների օգնությամբ զարգացրին արագ կողմնորոշվելու, ներդաշնակ գործելու, մասնագիտական գիտելիքները նպատակային կիրառելու հմտությունները:

Քսանհինգ կիլոմետրանոց երկօրյա երթը սկսվում է հրահանգավորումից և խնդրի առաջադրումից անմիջապես հետո: Զինվորները խմբերով հաղթահարում են սահմանված երթուղին, հընթացս իրականացնում են տարաբնույթ վարժանքներ և մարզումներ։

Գործնական պարապմունքի նպատակը հստակ է՝ դաշտային պայմաններում զարգացնել հատուկ նշանակության խմբերի զինծառայողների արագ կողմնորոշվելու, առաջադրված խնդիրները արագ եւ արդյունավետ լուծելու ունակությունները։

ՀԵՏԱԽՈՒՅԶՆԵՐԸ ՌԱԶՄԵՐԹ ԵՆ ԿԱՏԱՐԵԼ-Մեր խմբում հիմնականում մարտավարությանն ենք ուշադրություն դարձրել, թե ինչպես պետք է գործել զույգերով կամ ամբողջ կազմով: Ուսումնառությունը անդադար գործընթաց է, և միշտ կարելի է նոր գիտելիքներ ստանալ, բայց արդեն իսկ իմ ստացած գիտելիքներով վստահ եմ ուժերիս, կարող եմ կատարել իմ առջև դրված խնդիրները:

-Անցնում ենք հատուկ հոգեբանական արգելագոտիներ, մարտիկը պետք է պատրաստված լինի նաև հոգեպես: Բացի այդ, խնդրի կատարման ընթացքում առավելագույն նշանակություն ունեն փոխգործակցությունն ու վստահությունը: Հավաքի ընթացքում բազմաթիվ վարժանքներ են իրականացվում, տարբեր պայմանական իրավիճակներ են ստեղծվում: Գործնական պարապմունքի ժամանակ խումբը սովորում է գործել ներդաշնակ, զինվորները մեկը մյուսի հետ խոսակցական, ժեստերով, անգամ՝ հայացքով կապ են ձևավորում, լիարժեք հասկանում իրար:

Յուրաքանչյուր այսպիսի գործնական վարժանք ամրապնդում է  զինվորների մարտավարամասնագիտական պատրաստությունը, ոգևորում, օգնում է առավել եռանդով լծվելու ուսմանը, պատվախնդրորեն կատարելագործելու  հմտություններն ու ունակությունները։

-Առանց գործնական վարժանքների շատ դժվար կլինի: Նախ` պետք է ճանաչես քո զենքը, հասկանաս դրա հնարավորությունները, ամբողջությամբ հարմարեցնես քեզ: Անչափ կարևոր է ծառայակից ընկերների հետ համագործակցությունը, կես խոսքից իրար հասկանալը: Միասին ենք անցնում բոլոր դժվարությունների միջով, ինչն ավելի է բարձրացնում վստահությունը:

ՀԵՏԱԽՈՒՅԶՆԵՐԸ ՌԱԶՄԵՐԹ ԵՆ ԿԱՏԱՐԵԼՀետախուզական խմբի արդյունավետությունը մեծապես կախված է խմբի զինծառայողների գործողությունների ներդաշնակումից և փոխգործակցելու ունակությունից։ Իսկ դա հենց այն է, ինչին առանցքային նշանակություն է տրվում նման ճամբարային հավաքների և գործնական վարժանքների ընթացքում։

Ընդհանուր առմամբ` ճամբարային հավաքը հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողներին առավել արդյունավետ  գործելու, դաշտային վարժվածությունը բարձրացնելու հնարավորություն ընձեռեց: Այն կարևոր միջոց դարձավ զարգացնելու հատուկ նշանակության խմբերի զինծառայողների փոխգործակցելու կարողությունը եւ մեծացնելու առաջադրված խնդիրները համատեղ կատարելու արդյունավետությունը: Ամփոփելով միջոցառումը՝ տղաներից մեկն ասաց.

-Մասնագիտորեն պատրաստվում ենք ամեն օր: Ունակ ենք առաջադրված խնդիրները կատարելու և հատուկ նշանակության զորքերի անունն ու պատիվը միշտ բարձր պահելու:

 

ՆԵՐՍԵՍ ԻՎԱՆՅԱՆ

Լուսանկարները՝  ՌԱԶՄԻԿ ՏԻԳՐԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #36 (1549) 4.11.2024 - 11.11.2024, Ազգային բանակ


21/11/2024