Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՕՐԵՆՔԻ ՆՈՐ ՆԱԽԱԳԻԾ



ՕՐԵՆՔԻ ՆՈՐ ՆԱԽԱԳԻԾԱզգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց նոր նախագիծ, որով սահմանվում է՝ կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողները կարող են որոշ զորամասերում կրկին անցնել պայմանագրային զինծառայության՝ պահպանելով կենսաթոշակ ստանալու իրավունքը:

«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի համապատասխան հոդվածի նոր բովանդակությունը սահմանում է, որ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստացող եւ պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու ցանկություն հայտնած քաղաքացուն Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով սահմանված զորամասերում պայմանագրային զինվորական ծառայության կընդունեն ոչ ավելի, քան «փոխգնդապետ» կոչումային դասակարգմամբ զինվորական պաշտոնի:

«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» եւ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքներում լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է ՀՀ զինված ուժերի որոշակի զորամասերում պայմանագրային զինվորական ծառայության գրավչությունն ու շահագրգռվածությունը բարձրացնելու նպատակով զինվորական կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողների համար այդ զորամասերում պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու դեպքում նշանակված զինվորական կենսաթոշակի իրավունքը չդադարեցնելու անհրաժեշտությամբ:

Նման կարգավորման նպատակն առաջին հերթին միջին եւ ցածր օղակների զինվորական պաշտոնների համալրման գործընթացն ապահովելն է: Պահեստազորայինների ներուժն ու կարողությունները կօգտագործվեն զինված ուժերի զարգացման գործում:

Օրենքների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ համապատասխան կարգավորումներ կներառվեն նաեւ հարակից հրամաններում:

Ծրագրի մանրամասներին կարելի է ծանոթանալ՝ այցելելով ՊՆ Զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումներ կամ զանգահարելով թեժ գիծ՝ 1-28 հեռախոսահամարով:

 

Խորագիր՝ #36 (1549) 4.11.2024 - 11.11.2024, Սոցիալ-իրավական


21/11/2024