ՌԱԶՄԱԿԱՆ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Դեռեւս վաղեմի ժամանակներից բժիշկները բանակի անբաժան մասն են կազմել։ Որոշ հին աղբյուրներում բժիշկը ներկայացվում է որպես «նետեր հանող»։
Հին հույների, հռոմեացիների բանակներում եղել են բժիշկներ, որոնք պատասխանատու են եղել հիվանդությունների կանխարգելման, վիրավորների բուժման համար: Տարբեր հիշատակությունները փաստում են, որ հռոմեացիները նույնիսկ զինվորական բուժհաստատություններ են ունեցել, վիրաբուժական միջամտություններ կատարել։
***
Հրազենի հայտնվելուց հետո պատերազմներում զոհերի ու վիրավորների թիվը կտրուկ աճեց, ավելացավ նաև բժիշկների կարիքը: Արդեն յուրաքանչյուր մեծ ստորաբաժանում համալրվում էր բուժակներով, զինվորականների համար բացվում էին հիվանդանոցներ և դեղատներ։
Եվրոպական շատ պետություններում հենց այդ շրջանն է համարվում բժշկական ծառայության սկիզբ: Օրինակ՝ Իսպանիայում 16-րդ դարի կեսերին յուրաքանչյուր հետևակային գունդ ուներ իր բժիշկը։ Այնտեղ գործող ռազմաբժշկական հաստատությունները եվրոպական այլ բանակների նման հաստատություններ ստեղծելու հիմք հանդիսացան:
***
Ռուսական բանակում 1616 թվականից զինվորական ցուցակներում արդեն նշվել են գնդային բժիշկները, իսկ զորավարներին հատկացվել է հատուկ գումար՝ բժշկական ծախսերի համար։ Հետագայում Պետրոս I կայսրը զինվորական կանոնադրությամբ սահմանել է ռազմաբժշկական ծառայության կառուցվածքը: Յուրաքանչյուր ստորաբաժանման կազմում նշանակվել է բժիշկ։
***
Նապոլեոնյան պատերազմների ժամանակ ֆրանսիական բանակում Պիեռ Պերսիի և Ժան Դոմինիկ Լարեի նախաձեռնությամբ ստեղծվեցին շարժական առաջադեմ վիրաբուժական ստորաբաժանումներ՝ «թռչող շտապօգնության մեքենաներ»: Վիրաբույժները թեթև սայլերով գնում էին անմիջապես զորքի հետևից և բուժօգնություն ցուցաբերում վիրավորներին, իսկ ծանր վիրավորներին տեղափոխում էին մոտակայքում տեղակայված կետեր, որտեղ ավագ վիրաբույժները վիրահատում էին նրանց:
***
Ռազմական բժշկության զարգացման գործում անգնահատելի է ռուս գիտնական, ռազմական բժիշկ Նիկոլայ Պիրոգովի դերը: Նա, մասնավորապես, Ղրիմի պատերազմի ժամանակ ձևակերպել է վիրավորների բժշկական տրիաժի՝ տեսակավորման հիմունքները: Վիրավորները բաժանվել են մի քանի խմբի՝ ելնելով վիճակի ծանրությունից, տարանջատվել են անհետաձգելի բուժօգնություն պահանջող, տարհանման կարիք ունեցող, թեթև վնասվածք ունեցող վիրավորները:
Սա բուժման չափազանց արդյունավետ ձև է, երբ միջոցները անբավարար են բոլորին անհապաղ բուժելու համար։ Այս մոտեցումը հնարավորություն է տվել փրկելու բազմաթիվ վիրավորների կյանքեր, նաև ճիշտ բաշխելու ռազմական բժիշկների ուժերը։
***
Ռազմական բժշկությունը զարգացել է ժամանակին համաքայլ՝ օգտագործելով բժշկագիտության նորագույն հայտնագործությունները: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ մարտադաշտում սկսեցին կիրառել արյան փոխներարկում, իսկ ռենտգենյան ճառագայթները վիրավորների մարմիններում հայտնաբերում էին փամփուշտներն ու բեկորները։ Ըստ հնարավորության՝ առավել խորացված դիմածնոտային, ակնաբուժական մասնագիտական բուժօգնություն էր ցուցաբերվում։
Մինչև 20-րդ դարը զինվորներն ավելի շատ մահանում էին հիվանդություններից, դրանց բարդացումներից, քան մարտերում ստացած վերքերից։ Օրինակ՝ Ղրիմի պատերազմի ժամանակ 16000 բրիտանացի զինվոր մահացավ հիվանդություններից, իսկ մարտերում զոհվեց ընդամենը 2600-ը:
Վարակիչ հիվանդությունների տարածումը կանխելու միջոցառումները, ներառյալ փայտացման և որովայնային տիֆի դեմ պատվաստումները, զգալիորեն սահմանափակեցին զինվորների շրջանում վարակների տարածումը: Իսկ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ արդեն օգտագործվում էին հակաբիոտիկներ, ինչպիսին է պենիցիլինը, որը հազարավոր մարդկանց կյանք է փրկել:
***
1864 թվականին Ժնևի առաջին կոնվենցիան սահմանեց բժշկական անձնակազմի հատուկ չեզոք կարգավիճակը՝ սահմանելով պարտավորություն՝ կատարել «բացառապես բժշկական» գործառույթներ և ապահովել անաչառ բժշկական օգնություն պատերազմի և զինված հակամարտությունների բոլոր կողմերին: Ըստ կոնվենցիայի՝ ճամբարային և զինվորական հոսպիտալները ճանաչվում են չեզոք և այդ հիմքով համարվում են անձեռնմխելի, վայելում են պատերազմող կողմերի պաշտպանությունը, քանի դեռ այնտեղ հիվանդներ կամ վիրավորներ կլինեն։
Պատրաստեց ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ
Խորագիր՝ #37 (1550) 12.11.2024 - 18.11.2024, Պատմության էջերից