ԿՈՉՈՒՄ ԵՎ ԱՊՐԵԼԱՁԵՎ
Հետախուզական ստորաբաժանումներից մեկում մարտական պատրաստության պարապմունքներ են: Ստորաբաժանման զինվորները կատարելագործում են մասնագիտական հմտություններն ու կարողությունները: Ամենօրյա պատրաստության կարևոր մաս կազմող գործնական վարժանքների նպատակը հետախույզների արհեստավարժությունը հղկելն է, մարտավարամասնագիտական գիտելիքները կատարելագործելը:
Ստորաբաժանման մարտիկներն իրենց գործը լավ գիտեն, լիովին գիտակցում են բանակի, հայրենի արժեքները պաշտպանելու նշանակությունը:
Հետախույզներից մեկը պատմում է իր մասին.
-Զինվորական համազգեստը փոքրուց ձգել է ինձ: Իսկ 15 տարեկանում արդեն որոշել էի՝ ծառայելու եմ հատուկ նշանակության զորքերում: Իհարկե, զինվորական կյանքում դժվարությունները շատ են, սակայն բոլորն էլ հաղթահարելի են, եթե սիրում ես գործդ: Ինձ դուր է գալիս հետախույզի անչափ հետաքրքիր կյանքը: Ամեն պահի պիտի պատրաստ լինես գործողություն կատարելու, այդ պատճառով էլ այլ բաների ժամանակ պարզապես չենք ունենում, մշտապես զբաղված ենք մարտական պատրաստությամբ: Այս զորատեսակն ընտրածները առանձնահատուկ հպարտությամբ են ծառայում: Բոլորովին կարևոր չէ, որ մեր մասին չի խոսվում, թող մեզ՝ հատուկ նշանակության մարտիկներիս, ճանաչեն մեր գործով: Թող բոլորն իմանան ու վստահ լինեն՝ ցանկացած պահի պատրաստ ենք խնդիր կատարելու:
ՀԱՅԿ ՂԱՐԱՔԵՇԻՇՅԱՆ
Լուսանկարը՝ ԱՐՄԱՆ ԱՐՇԱԿՅԱՆԻ
Խորագիր՝ #37 (1550) 12.11.2024 - 18.11.2024, Ազգային բանակ