ՄԱՐՏԱԿԱՆ ԴԻՐՔՈՒՄ
Մարտական հերթապահությունում ընդգրկված ստորաբաժանումները շարունակում են պատվաբեր առաքելությունը՝ բարձր զգոնությամբ շուրջօրյա հսկելով սահմանագոտին ու ապահովելով թիկունքի անվտանգությունը: Հարավարևմտյան սահմանագոտու պահապանները ամեն օր պատրաստություն են անցնում զորամասում և դիրքում: Ինժեներական կահավորման աշխատանքները գրեթե ավարտել են, պատրաստ են ձմռանը: Դիրքապահները վստահեցնում են՝ բարձրլեռնային գոտիներում պատրաստ են եղանակային ցանկացած պայմաններում գերազանց կատարելու իրենց առաքելությունը:
Դիրքի ավագն է սերժանտ Նաիրա Մովսիսյանը: Արդեն մի քանի տարի է, ինչ մարտական հերթապահություն է իրականացնում։ Մեծ պատասխանատվությամբ ու ամենակարևորը՝ սիրով և նվիրումով է կատարում իր առաքելությունը։
-Ինձ համար մեծ պատիվ է ծառայել զինված ուժերում, մարտական հերթապահություն իրականացնել: Կին, թե տղամարդ, կապ չունի, եթե նույն համազգեստն ենք կրում, ուրեմն պիտի խնդիրը կատարենք հավասարապես: Սկզբում մտածում էի, որ շատ դժվար է լինելու, մանավանդ, որ միակ կինն եմ դիրքում: Հետո աստիճանաբար սովորեցի ու տղաներին հավասար սկսեցի ծառայել:
Նաիրան տարիներ առաջ որոշեց, որ պետք է դառնա զինվորական։ Ավարտեց Հայ-ռուսական (Սլավոնական), ապա նաև Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանները, բայց որոշեց երրորդ մասնագիտությունն էլ ունենալ՝ դառնալ հայրենիքի պաշտպան։ Ու գնաց իր երազանքի իրագործման հետքերով:
-Իմ հայրիկն էլ է սպա եղել, դրա համար էլ ես միշտ երազել եմ զինվորական դառնալ: Հատկապես դիրքային ծառայությունը ինձ շատ է դուր գալիս: Ես այստեղ ինձ ավելի լավ եմ զգում և այլ բանի մասին չեմ էլ մտածում:
Սերժանտ Մովսիսյանն անկեղծանում է՝ ծառայությունը դիրքերում կնոջ համար առանց դժվարությունների ընթանալ չի կարող, սակայն ցանկացած բարդություն արագ հարթվում է, երբ կա փոխըմբռնում ու միմյանց հարգելու գիտակցում:
-Դիրքն ու սահմանը բոլորիս համար ավելին է, քան պարզապես ծառայությունը: Եթե սիրում ես քո գործը, հայրենիքն ու ընտանիքը, ավելի հեշտ է անցնում ծառայությունը: Անձնակազմի հետ հարաբերություններում ես տղաներին վերաբերվում եմ որպես մայր: Ես էլ տղա ունեմ ու ինձ համար նման ընկալմամբ ծառայելը շատ ավելի հեշտ է: Ինչպես մայրն է ամեն ինչ հարթում, այնպես անում, որ ընտանիքում մեկը մյուսի հետ հաշտ լինի, այդպես էլ մենք որպես մեկ ընտանիք ծառայում ենք և ապրում: Մարտական դիրքը մեր տունն է: Ամեն ինչ միասին ենք հաղթահարում:
Ծառայությունն ընթանում է սահմանված կարգով, հերթափոխն էլ կատարվում է ըստ ժամանակացույցի։ Յուրաքանչյուր դիտորդ խրամաբջջում իր պարտականություններն է կատարում։ Պարբերաբար ստուգվում է կապը, հրամանատարությանը զեկուցվում է օպերատիվ իրավիճակն ու այն ամենը, ինչն արձանագրվել է տեսադիտարկման սարքերով։ Անձնակազմն իր անելիքը լավ գիտի, բայց լրացուցիչ հրահանգավորումը երբեք ավելորդ չէ։ Դիրքի ավագը ևս մեկ անգամ պարտականություններն է հարցնում ու անձնակազմին պատրաստում հերթափոխին։
-Ծառայում եմ արդեն մեկ տարի ինը ամիս: Մոտենում է զորացրվելուս ժամանակը, ինձ հետ տանելու եմ մարտական բարձր ոգի, փորձ, գիտելիքներ, պատասխանատվության մեծ զգացում, ամենակարևորը՝ ինքնուրույնություն,- ասում է դիրքապահ Էդգար Խաչատրյանը:
Ներսիկ Հակոբյանը շարունակում է.
-Դիրքում ծառայությունն իրականացնում ենք չափազանց զգոն: Կարգապահությունը, միջանձնային հարաբերությունները բարձր մակարդակի վրա են: Գիտակցում ենք՝ ինչի համար ենք առաջնագծում և մեր խնդիրը կատարում ենք գերազանց, մի ընտանիքի պես:
-Բոլորն էլ գիտեն` ինչպես պետք է վարվել տարբեր իրավիճակներում: Հաճախակի իրականացնում ենք մարզումներ անձնակազմի հմտությունները կատարելագործելու նպատակով: Ցանկացածիս պարտքն է պատրաստ լինել մասնագիտորեն,- հավելում է Գոռ Իսկանդարյանը:
Շուրջօրյա զգոն ծառայությանը զուգահեռ խստորեն պահպանելով անվտանգության կանոնները՝ առաջնագծում ուսումնական վարժանքներ հաճախակի են անցկացվում: Հենց այդ մարզումների շնորհիվ են հղկվում զինծառայողների վարժվածությունը, մարտական հաշվարկով արագ ու ներդաշնակ գործելու հմտությունները։ Դիրքապահներին իրենց խորհուրդներով ուղղորդում են նաև հրամանատարները հենակետերում իրականացվող ստուգայցերի ժամանակ: Նրանք ուշադրության կենտրոնում են պահում մարտական հերթապահության անվտանգ կազմակերպմանն առնչվող յուրաքանչյուր բաղադրիչ, որպեսզի որևէ խնդրահարույց հարց չմնա անպատասխան, բոլորը քաջատեղյակ լինեն իրենց պարտականություններին, լինեն կարգապահ և, որ ամենակարևորն է՝ միահամուռ ուժերով ամուր պահեն և պաշտպանեն իրենց վստահված սահմանը:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՌԱՇՅԱՆ
Խորագիր՝ #37 (1550) 12.11.2024 - 18.11.2024, Ազգային բանակ