Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆ



ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆՇուրջ մեկ տասնամյակ է, ինչ Հայաստանի Հանրապետությունում ռազմական բարձրագույն կրթությունը հասանելի է նաև իգական սեռի ներկայացուցիչներին: Տարիների ընթացքում աղջիկների ծառայության պայմանները զգալիորեն բարելավվել են, և արդեն շատերն են ցանկանում զինվորական մասնագիտություն ունենալ:

Շարքային Միլենա Ենոքյանը ռազմական բուհի առաջին կուրսում է սովորում, ապագա մոտոհրաձիգ է: Միլենային շատերը կհիշեն, նա իգական սեռի առաջին ժամկետային զինծառայողն է, որ կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայության անցավ կանանց գումարտակում: Նոր ձևաչափով ծառայության վեցամսյա ժամկետը լրանալուց հետո Միլենան ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա:

-Երկու տարի անընդմեջ փորձել եմ ակադեմիա ընդունվել, չէր հաջողվում: Շատ էի տխրում, բայց նաև ինքս ինձ հուսադրում էի՝ պետք չէ հուսահատվել, այլ համառորեն ու հաստատակամորեն գնալ երազանքի հետևից։ Կարծում եմ՝ վեցամսյա կամավոր ծառայությունից հետո բուհ դիմելը լավագույն տարբերակն էր,- ասում է Միլենան ու պարզաբանում: -Այդ ամիսները մի յուրօրինակ փորձաշրջան էին ինձ համար, հնարավորություն՝ ինքս ինձ ավելի լավ ճանաչելու ու բացահայտելու, վերջնականապես համոզվելու, որ  զինվորական աշխարհն իրապես իմն է, հոգեհարազատ է: Ամենակարևորը՝ կանանց գումարտակում ստացած գիտելիքների ու հմտությունների շնորհիվ զինվորական նիստուկացին առավել քաջածանոթ ոտք դրեցի ռազմական բուհ:

Միլենան քաղաքացիական կյանքում ծրագրավորում է ուսումնասիրել, մասնագիտական փորձաշրջան անցել ոլորտի ընկերություններից մեկում: Կարող էր, իհարկե, ծրագրավորողի մասնագիտությամբ աշխատել՝ բարձր վարձատրությամբ, ավելի հանգիստ պայմաններում, բայց իր ուզածը դա չէր:

-Զինվորական գործը ինձ միշտ հրապուրել է, այս մասնագիտությունը հոգուս մի մասնիկն է… Ընդամենը երեք ամիս է, որ ռազմական կրթօջախում եմ, բայց այս կարճ ժամանակահատվածում էլ նկատելի է՝ գիտելիքներս ավելացել են, բավականին կոփվել եմ: Օրս հագեցած է՝ դասաժամեր, մարզումներ, սուսերամարտ, ընթերցանություն, և դա ինձ շատ է դուր գալիս:

Միլենան չափազանց կարևորում է իգական սեռի ներկայությունը բանակում:

-Կնոջ ներուժը պիտի օգտագործվի մեր երկրի պաշտպանության գործում, կին, թե տղամարդ, պիտի գերազանց տիրապետեն զենքին, պատրաստված լինեն: Շատ պետություններում ժամկետային ծառայությունը պարտադիր է նաև աղջիկների համար: Աղջիկը չի երկմտում՝ ծառայե՞լ, թե՞ ոչ, ինքը հստակ գիտի իր զորակոչվելու օրն ու ժամը ու պատասխանատվության ու պատրաստակամության բարձր գիտակցումով համալրում է բանակի շարքերը: Ավելին՝ բանակում չծառայելը դժվարացնում է հետագայում քաղաքացիական պաշտոններ զբաղեցնելը։ Մենք էլ այդպես վճռական ու համախումբ պիտի կանգնենք մեր եղբայրների, հայրերի կողքին, բանակի բաղկացուցիչ մասը կազմենք: Երբ տեղեկանում եմ, որ մեր քույրերից ևս մեկն է համալրել կանանց գումարտակը կամ ռազմական բուհը, անկեղծորեն ուրախանում եմ. բանակի ուժն է ավելանում:

***

ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆԱպագա կապավոր, շարքային Նարե Վարդանյանը  ևս ռազմական բուհ է ընդունվել բանակի մի մասնիկը դառնալու վճռականությամբ: Բազմազավակ ընտանիքից է Նարեն, վեց քույրերից կրտսերն է:

-Հիշում եմ՝ փոքր տարիքում ինձ հասակակից աղջիկները տիկնիկներով էին խաղում, իսկ ինձ խաղալիք զենքն էր հետաքրքրում: Իններորդ դասարանում պատանի երկրապահ դարձա: Ռազմամարզական ճամբարների էինք մասնակցում, մարզվում, կոփվում: Հետո որոշեցի Մոնթե Մելքոնյանի անվան վարժարան ընդունվել, բայց  ծնողներս չհամաձայնեցին՝ շատ հեռու էր վարժարանը: Մեր դպրոցի զինղեկը՝ ավագ լեյտենանտ Գագիկ Վարդանյանը, որ տեղյակ էր նախասիրություններիս ու մշտապես քաջալերում-ոգևորում էր ինձ, խորհուրդ տվեց ավագ դպրոցն ավարտելուց հետո ռազմական ակադեմիա դիմել: Կապավորի մասնագիտությունը ևս նրա խորհրդով եմ ընտրել:

Տնեցիները կտրուկ դեմ էին Նարեի այս մտադրությանը, ասում էին՝ հեշտ չի լինի: Շրջապատում էլ շատերը պնդում էին՝ կինն ու բանակը անհամատեղելի են, խորհուրդ էին տալիս ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ինստիտուտ դիմել, բայց ինքը որոշեց չհանձնվել ու երազանքն իրագործել: Ռազմական բուհի ընդունելության քննությունների ժամանակ էլ ֆիզիկական պատրաստության ցուցանիշները գերազանց էին:

-Համազգեստը հպարտությամբ եմ կրում: Ամեն ինչ անում եմ լավ զինվորական դառնալու համար: Դրա համար բուհում առկա են բոլոր պայմանները: Մեր դասակում տղաները աղջիկներին եղբոր նման թևութիկունք են, ամեն կերպ աջակցում են, որ հեշտ հաղթահարենք ամեն բարդություն: Դասընկերներիցս մեկն էլ է այստեղ ընդունվել: Ծնողներս, քույրերս հիմա հպարտանում են ինձնով, մայրս կատակում է՝ «սալդատ բալես»:

Կին զինվորականների հանդեպ հասարակության ջերմությունը Նարեն բազմիցս է զգացել: Մի դիպված է պատմում.

-Փողոցն անցնելիս մի կին ուրախ-ուրախ բարևեց, ես էլ ողջունեցի՝ կարծելով՝ ծանոթ է, ու ես պարզապես չեմ մտաբերում: Ասացի՝ կներեք, չճանաչեցի, ինքն էլ ժպտալով, թե՝ ես էլ Ձեզ չեմ ճանաչում: Պարզապես համազգեստով եք, ամենակարևոր գործն եք անում, որոշեցի բարևել, բարի ու խաղաղ օր մաղթել:

Դրանից հետո ես ավելի համոզվեցի, որ մասնագիտության ճիշտ ընտրություն եմ կատարել:

 

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Լուսանկարները՝ ՌԱԶՄԻԿ ՏԻԳՐԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #37 (1550) 12.11.2024 - 18.11.2024, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


28/11/2024