Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԳՐԻԳՈՐ ԽԱՆՋՅԱՆ. ԱՐՎԵՍՏԻ ՈՒԺԸ



ԳՐԻԳՈՐ ԽԱՆՋՅԱՆ. ԱՐՎԵՍՏԻ ՈՒԺԸՀայ մեծանուն գեղանկարիչ Գրիգոր Խանջյանն իր բազմաժանր արվեստով մեծ ավանդ ունի հայ գեղանկարչության, գրքի գեղարվեստական ձեւավորման եւ գրաֆիկայի զարգացման գործում։ Գրիգոր Խանջյանը եզակի արվեստագետ էր, նա ոչ միայն պատկերում էր, այլև ստեղծում էր իր դարաշրջանը։ Արվեստում նրա վաստակը ծանրակշիռ ու յուրօրինակ է, ձեռագիրը՝ անհամեմատելի, անշփոթելի։ Նա հավասարապես ստեղծագործել է գեղանկարչության եւ գրաֆիկայի բնագավառներում, ստեղծել թեմատիկ պատկերներ, դիմանկարներ, բնանկարներ։ Գրիգոր Խանջյանը առավելապես հայտնի է իր մեծածավալ աշխատանքներով՝ «Հայոց այբուբենը», «Վարդանանք» եւ «Վերածնված Հայաստան» եռապատկեր որմնանկարներով։

Երջանկահիշատակ Վազգեն Ա Վեհափառ Հայրապետի առաջարկով Գրիգոր Խանջյանի «Հայոց այբուբենը» եւ «Վարդանանք» նկարները վերածվում են գոբելենների եւ ամրացվում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վեհարանի ընդունելությունների սրահում։ Սկզբում նկարներն ստեղծվում են ստվարաթղթի մեծ կտորների վրա, որոնց հիման վրա էլ Ֆրանսիայում դասական տեխնիկայով հյուսվում են գոբելենները՝ շուրջ 3000 երանգի թելերով։ Հայաստանի այդ ժամանակվա կառավարության անդամները, տեսնելով Գրիգոր Խանջյանի աշխատանքները Վեհարանում, հայտարարում են, որ դրանք պետք է լինեն ոչ միայն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, այլև արվեստի այդ գործերը շատերը պետք է տեսնեն, քանի որ Վեհարան ոչ բոլորը կարող են մուտք ունենալ:

Որոշում է ընդունվում գոբելենները վերածել որմնանկարների եւ ցուցադրել թանգարանային որեւէ սրահում։ Սկզբում ցանկություն կար ստեղծագործությունները կերտել նորակառույց Մարզահամերգային համալիրում, բայց Գրիգոր Խանջյանը տվյալ վայրը նպատակահարմար չի համարում։ Փոխարենը Մարզահամերգային համալիրի համար ստեղծում է «Մայր Հայաստան» գոբելեն-վարագույրը, որն իր մեծությամբ երկրորդն էր Խորհրդային Միությունում։ Նշանավոր ճարտարապետ Ջիմ Թորոսյանի առաջարկով որմնանկարները հիմնվում են նոր կառուցվող Կասկադ համալիրի առանձին սրահում։ «Հայոց այբուբենը», «Վարդանանք» եւ «Վերածնված Հայաստան» որմնանկարների վրա Գրիգոր Խանջյանն աշխատում է շուրջ 15 տարի՝ մինչեւ իր մահը։ Գոբելեններն այժմ զարդարում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վեհարանը, իսկ որմնանկարները՝ Գաֆեսճյան արվեստի կենտրոնի Խանջյան սրահը։

 

ԳՐԻԳՈՐ ԽԱՆՋՅԱՆ. ԱՐՎԵՍՏԻ ՈՒԺԸ«Անցյալում ես մոնումենտալ գործեր չեմ ստեղծել, բայց չեմ թաքցնում՝ պաննոն, որմնանկարը, խճանկարը, գոբելենը միշտ հրապուրել են ինձ։ Մեծ հարթությունները ոգեշնչում են, դրանց վրա կարելի է ծավալվել, ասելիքդ մինչեւ վերջ արտահայտել։ Երբ ինձ առաջարկվեց ստեղծել երկու մեծ գոբելեն՝ նվիրված հայոց գրերին ու Վարդանանց պատերազմին, ես ինձ երջանիկ զգացի։ Ընդհանրապես, ինձ միշտ գրավել են պատմության խոշոր, գագաթնակետային անցքերը։ Եվ ահա հայ ժողովրդի պատմության հինգերորդ դարի երկու վճռորոշ իրադարձությունները, որոնք լեգենդ են դարձել մեզ համար։ Հայ գրերի ստեղծումը եղավ մեր մշակույթի անկյունաքարը։ Հայկական տառերի շնորհիվ է, որ մենք այսօր ունենք 1600-ամյա սեփական գրականությունը, պատմությունը, փիլիսոփայությունն ու մշակույթը։ Հայ գրերի ստեղծման արարչագործությունը աշխատանքի եւ մարդկային կամքի արտահայտություն է։ Ահա այն գաղափարը, որ ես ջանացել եմ հաղորդել «Հայոց այբուբենը» գոբելենի համար արված աշխատանքում»։

 

Գրիգոր Խանջյանի «Վարդանանք» ստեղծագործությունը կրում է Եղիշեի Վարդանանց պատերազմի խորհուրդը. «Մահ ո՛չ իմացեալ՝ մահ է, մահ իմացեալ՝ անմահութիւն»։ Նկարչի ասելիքը խորն է ու ընդգրկուն. Ավարայրի դաշտում Վարդան Մամիկոնյանի, Ղեւոնդ Երեցի, սպառազեն հայ զինվորի կողքին մարտնչում են նաեւ բոլոր ժամանակների հայ մեծերը, քանի որ Ավարայրը ոչ միայն զենքի, այլեւ ոգու եւ մտքի հերոսամարտ էր, մեր ինքնության պահպանման ու գոյատեւման հերոսամարտը։

ԳՐԻԳՈՐ ԽԱՆՋՅԱՆ. ԱՐՎԵՍՏԻ ՈՒԺԸԳրիգոր Խանջյանն իր մեծածավալ ստեղծագործություններով ուզում էր ցույց տալ, որ Ավարայրի ճակատամարտի մասնակից է հայրենիքի շենացմանը նպաստած ցանկացած հայ՝ լինի զինվորական, թե քաղաքական կամ մշակութային գործիչ։ Սա էր եռապատկեր ստեղծագործությունների գլխավոր ասելիքը, գաղափարը։ Այդպես Վարդան Մամիկոնյանի մարտիկների շարքում հայտնվում են Ղեւոնդ Երեցը, Կոմիտասը, զորավար Անդրանիկը, Եղիշե Չարենցը, Պարույր Սեւակը, Վիլյամ Սարոյանը եւ նույնիսկ ինքը՝ Գրիգոր Խանջյանը։ Դիտողին թվում է, թե ինքը տեսնում է նույնիսկ այնպիսի կերպարներ, որոնց նկարիչը չէր պատկերել՝ Հայկ Նահապետին ու Գրիգոր Նարեկացուն։ Նկարին նայողներն ուղղակի ուզում էին մեկտեղ տեսնել բոլոր հայ հերոսներին ու նշանավոր դեմքերին։ Նկարիչը «Վարդանանքում» գործող անձ էր դարձրել հայ մշակույթի խոշորագույն գործիչներին, հատկապես նրանց, որոնց գործն ու ճակատագիրը համապատասխանում էին առասպել դարձած իրադարձության՝ ժողովրդի գիտակցությանն ամենամոտ մեկնաբանությանը։

Գրիգոր Խանջյանի այս երեք աշխատանքները մարդկությանն ուղղված կոչ են, բովանդակում են ողբերգականի վերապրումը, մաքառման ոգին։

Նկարչի խնդիրն էր ժողովրդի անցած ուղուն նայել այսօրվա հայ մարդու դիրքից, պատմական փորձից։ Նա կարողացել է աղետների ուղին մեկտեղել պատմության լավատեսական ընկալման հետ։ Մի կողմից կենդանի փաստի արտացոլում, մյուս կողմից՝ այլաբանական բնույթ կրող կերպարներով իրականության արտացոլում, երեւակայականի ցուցադրում։ Գրիգոր Խանջյանն ստեղծել էր առանձնահատուկ հայրենասիրական ծրագիր՝ միավորելով մարդկանց մի որոշակի միասնության մեջ։

 

«Ես Վարդանի զինակիցների շարքը դասեցի հայ մշակույթի բոլոր գործիչներին, հատկապես նրանց, որ գործել են XIX դարի վերջին եւ XX դարի սկզբներին, նրանց, ովքեր նահատակվել են 1915 թ. կոտորածների ժամանակ, նրանց, ովքեր պաշտպանել են Հայաստանը 1918 թ. Սարդարապատի ճակատամարտում, ինչպես եւ մեր ժամանակակիցներին։ Ես նույնպես այստեղ եմ, բոլորի հետ…»։

 

ԳՐԻԳՈՐ ԽԱՆՋՅԱՆ. ԱՐՎԵՍՏԻ ՈՒԺԸ«Վերածնված Հայաստան» ստեղծագործության մեջ պատկերված է մանուկը գրկին կնոջ կերպարը՝ շրջապատված հայրենիքի վերածնման գաղափարով տոգորված նշանավոր մարդկանցով։ Սակայն նկարիչը չի հասցնում ավարտին հասցնել «Վերածնված Հայաստան» աշխատանքը՝ 2000 թվականին անժամանակ մահվան պատճառով։

Նկարչի գործերը մեծ արժեք են ներկայացնում թե՛ հայ ժողովրդի, թե՛ օտարերկրացիների համար: ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը 2010 թ. հուլիսի 5-ին Հայաստան այցի ընթացքում Գաֆեսճյան արվեստի կենտրոնի «Խանջյան» սրահում է ճեպազրույց ունեցել լրագրողների հետ։

2022 թվականի սեպտեմբերի 18-ին նույն սրահում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին ասել է.

«Այս նկարում քրիստոնյա հայերի պայքարի դրվագն է։ Ես միշտ ասում եմ, որ արվեստը կմիավորի մեզ։ Ժամանակ կգա, երբ մենք կմոռանանք տարաձայնությունները»։

Գրիգոր Խանջյանի ստեղծագործության հավատամքը եղել է Հայաստանի մշակույթի անկրկնելի էությունը աշխարհին ներկայացնելը։ Նրա որմնանկարները կամրջում են ժողովրդի անցյալն ու ներկան, անցած ճանապարհը եւ վաղվա հավատի հույսը։

 

Պատրաստեց ՀԱՍՄԻԿ ՄԱԴՈՅԱՆԸ

Խորագիր՝ #38 (1551) 19.11.2024 - 25.11.2024, Հոգևոր-մշակութային


04/12/2024