ՍԻՐՈՒՄ ԵՄ ՆԿԱՐԵԼ
Շարքային Արտյոմ Գոգինյանը նկարել շատ է սիրում: Նկարում է արդեն 11 տարի, սկզբում ինքնուս, հետո ստացել է մասնագիտական կրթություն: Արտյոմը հիմնականում դիմանկարներ է անում:
-Ես արվեստի մարդ եմ, նաև նվագում եմ, փորձել եմ դերասանական գործը: Ապրում եմ արվեստով և չեմ պատկերացնում օրս առանց գեղեցիկի: Ես ներդաշնակ եմ արվեստի հետ: Նկարելիս հոգիս հուզվում, խռովվում է, միևնույն ժամանակ՝ խաղաղվում,- ասում է Արտյոմը: -Հատկապես զորամասում նկարելն ինձ շատ է օգնել հոգեբանորեն հաղթահարել դժվարությունները: Մինչ զորակոչվելն ունեցած պատկերացումներս բանակի մասին այնքան էլ դրական չէին, բայց ծառայությունն իմ կյանքում շատ բան փոխեց: Հիմա եմ հասկանում, որ բանակը կոփում, ուժեղացնում է տղային, նրան դարձնում իսկական տղամարդ: Մտավախություն ունեի, թե հնարավորություն չեմ ունենալու երկու տարի զբաղվելու սիրածս գործով, սակայն զորամասում զինվորական կարգուկանին զուգահեռ գնահատում են նաև արվեստը: Ինձ ստեղծագործելու հնարավորություն են տվել, ոգեշնչել:
Նկարներս իմ ներաշխարհի յուրովի արտացոլումն են: Բազմաթիվ նոր մտահղացումներ ունեմ, տղաներն էլ մեծ ոգևորությամբ սպասում են իմ նոր գործերին: Ես ուզում եմ, որ նրանցից յուրաքանչյուրը նորովի զգա գեղեցիկը՝ իմ ընկալմամբ:
ՍՅՈՒԶԱՆՆԱ ՎԵՐՄԻՇՅԱՆ
Խորագիր՝ #38 (1551) 19.11.2024 - 25.11.2024, Հոգևոր-մշակութային