ԳԻՏԱԿԻՑ, ԿՈՓՎԱԾ, ԱՄՈՒՐ ԵՎ ԱՌՈՂՋ
Զրույց Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի առողջարարական տեխնոլոգիաների, սպորտային տուրիզմի և կառավարման ֆակուլտետի դեկան, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ ԱՐՏԱԿ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ հետ
-Պարո՛ն Ստեփանյան, «Ֆիզկուլտուրա» առարկան շատ կարևոր խնդիրներ է լուծում: Վաղ մանկության տարիներից պարբերաբար մարզվողները լինում են ավելի կոփված, կարողանում են խուսափել մի շարք հիվանդություններից:
-Աճող սերնդի առողջական ու ֆիզիկական տվյալները պետության համար ունեն ռազմավարական նշանակություն, հենց միայն այն պարզ պատճառով, որ առանց առողջ ու կոփված պատանիների չենք ունենա ուժեղ ու մարտունակ բանակ:
Այսօր Հայաստանի կրթական համակարգում հիմնարար փոփոխություններ են իրականացվում, շեշտադրումները տեղափոխվում են բովանդակային դաշտ: Ստեղծվում են մի շարք մեխանիզմներ «Ֆիզկուլտուրայի» դասավանդման մակարդակը բարձրացնելու համար:
-Եկեք այդ մեխանիզմներին անդրադառնանք մի փոքր ուշ, իսկ հիմա խոսենք «Ֆիզկուլտուրա» առարկայի կրթական, դաստիարակչական և առողջարարական բովանդակության մասին: Տարբեր դասարանների ծրագրերում ներառված է մարմնամարզության, վոլեյբոլի, բասկետբոլի, ֆուտբոլի, հանդբոլի, շարժախաղերի, սեղանի թենիսի, տուրիստական պատրաստության և այլ մարզաձևերի ուսուցում: Ինչպե՞ս է իրականացվում դաստիարակչական գործառույթը:
-Ազնիվ պայքարը, խաղի կանոնները հարգելու պատրաստակամությունը, հաջողության հասնելու և դժվարությունները հաղթահարելու ջանքերը, կամքը, նպատակասլացությունը, թիմային ոգին, արդար մրցակցությունը ձևավորում են համապատասխան մտածողություն, բարոյական ըմբռնումներ ու վարք: Առհասարակ, ֆիզիկական կուլտուրան նաև գեղագիտական դաստիարակության բաղադրիչ է, որովհետև սպորտը մարզում և կոփում է մարմինը, հղկում միտքն ու հոգին: Ինչ վերաբերում է «Ֆիզկուլտուրա» առարկայի առողջարարական գործառույթին, ապա թեմայի մասին կարելի է երկար խոսել: Դպրոցական տարիքում ֆիզիկական ճիշտ ու նպատակային բեռնվածությունը առողջ ապագա ունենալու կարևոր գրավական է: Ես փորձում եմ ուրվագծել այն ճանապարհը, որով մենք հիմա շարժվում ենք առաջ: Պատմում եմ, թե ի՞նչ դերակատարում է վերապահված «Ֆիզկուլտուրա» առարկային, ի՞նչ պահանջներ են ներկայացվում, որքանո՞վ է կարևորվում խնդիրը, և ի՞նչ է արվում առկա խոչընդոտները լուծելու ուղղությամբ: Ես չեմ ասում, թե այսօր ամբողջ ծրագիրը բոլոր դպրոցներում անշեղորեն իրականացվում է: Կան բազմաթիվ անելիքներ, որոնցից առաջինը ուսուցիչների մասնագիտական որակների բարձրացումն է:
-Դուք «Ֆիզկուլտուրայի» ուսուցիչների պարտադիր վերապատրաստման ծրագրի ղեկավարն եք: Ունեք մեծ փորձառություն, արդեն 17 տարի այս բնագավառում եք: Ի պաշտոնե այլ իրավասու անձանց հետ միասին պատասխանատու եք «Ֆիզկուլտուրայի» ուսուցիչների մասնագիտական որակների համար:
-Նախկինում կային մի քանի տասնյակ հասարակական կազմակերպություններ, որոնք կարող էին ֆիզիկական կուլտուրայի ուսուցիչների առարկայական վերապատրաստում իրականացնել խիստ կասկածելի մակարդակով: Այս տարվանից ուսուցիչների առարկայական վերապատրաստման իրավունքը վերապահված է միայն Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտին: Ասեմ նաև, որ ոչ վաղ անցյալում ուսումնական ծրագրով նախատեսված վերապատրաստումն իրականացնում էր մեկ հոգի՝ դասավանդելով և՛ վոլեյբոլ, և՛ բասկետբոլ, և՛ հանդբոլ, և՛ մարմնամարզություն, և՛ աթլետիկա, և՛ տուրիստական պատրաստություն, իսկ այսօր նույն գործի համար մեր թիմում ընդգրկված են 22 մասնագետներ: Ակնհայտ է, որ հենց միայն այս բաղադրիչը էապես կփոխի վերապատրաստման որակը: Խթանող հանգամանք է կամավոր ատեստավորման համակարգի կիրառումը դպրոցներում, որը վերաբերում է նաև ֆիզկուլտուրայի ուսուցիչներին, մասնագիտական որակները բարձրացնելու և բարձր աշխատավարձ ստանալու հնարավորություն է տալիս նրանց:
-Ժամկետային զինծառայության սկզբնական փուլում զինվորների մի մասը դժվարությամբ է հաղթահարում վարժանքներն ու մարզումները: Այս առումով տարբերություն կա նույնիսկ գյուղում ու քաղաքում մեծացած զինվորների միջև, որովհետև գյուղի տղաները սովոր են ֆիզիկական աշխատանքի, և դա կոփում է նրանց: Հնարավոր չէ՞ «Ֆիզկուլտուրա» առարկան համադրել ֆիզպատրաստության զինվորական ծրագրերի հետ՝ դարձնելով մեկը մյուսի շարունակությունը:
-Եթե դպրոցում արդյունավետորեն իրականացվեն «Ֆիզկուլտուրա» առարկայի ծրագրով նախատեսված բոլոր աշխատանքները, դա կդառնա հուսալի հենք բանակի ֆիզպատրաստության ծրագիրը հեշտորեն իրականացնելու համար: Ես չեմ ակնկալում արագ արդյունքներ, բայց շարունակաբար կատարվող քայլերը լավատեսություն են ներշնչում:
-Դուք «Հայկական հատուկ օլիմպիադաներ» ՀԿ ազգային տնօրենն եք: Կազմակերպության առաքելությունը մտավոր զարգացման խանգարումներ ունեցող երեխաներին ֆիզիկական կուլտուրայի և սպորտի միջոցով հասարակությանը ինտեգրելն է:
-Կազմակերպության նախագահը մեծանուն բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանն է: Այն հովանավորում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը: Մեր խնդիրը շատ պարզ է՝ մտավոր զարգացման շեղումներ ունեցող երեխաներին ընդգրկել սպորտային զանազան միջոցառումների մեջ: Օրինակ՝ մի քանի օր առաջ 90 երեխաներ Աբովյան քաղաքում մասնակցեցին «Ֆուտբոլը բոլորի համար» զանգվածային միջոցառմանը, իսկ երկու ամիս առաջ երեխաները Արտաշատի քաղաքային մարզադաշտում ցուցադրեցին իրենց կարողությունները աթլետիկայից: Մեր կապը դպրոցների հետ պարբերական է: Պետք է նշեմ, որ բոլոր դպրոցներն էլ մեծ խանդավառությամբ են մասնակցում նմանատիպ միջոցառումներին… Արդեն ունենք կազմավորված 4 հատուկ թիմ, որոնց ավելի քան 100 անդամներին Ֆուտբոլի ֆեդերացիայի աջակցությամբ տրամադրվում են մարզիչներ ու մարզադաշտեր՝ մարզումների համար: Կարծում եմ, որ նմանատիպ միջոցառումների ժամանակ թույլի հանդեպ կարեկցանքի, սիրո, հանդուրժողականության, հոգատարության մթնոլորտը ինքնաբերաբար փոխում է դպրոցական նստարանին նստած ապագա զինվորների և ամբողջ հասարակության մտածելակերպը, մեղմում է կոպտությունը, ագրեսիան, արթնացնում է բարություն, բարձրացնում է կողքի մարդու հանդեպ ուշադրության ու պատասխանատվության շեմը: Օլիմպիադաներին պարտադիր մասնակցում են կամավորներ, որոնք աջակցում են հատուկ մարզիկ երեխաներին: Աշխատում ենք որպես կամավորական ընդգրկել դպրոցական ակտիվ տղաների…
-Նաև կազմակերպում եք հատուկ օլիմպիադաներին հայ մարզիկների մասնակցությո՞ւնը:
-Ես 2017 թվականից եղել եմ կազմակերպության նախագահը, 2020 թվականին նշանակվել եմ ազգային տնօրեն: Մենք 2019-ին մասնակցեցինք Աբու Դաբիում կայացած Հատուկ օլիմպիադաների ամառային խաղերին: Ներկայացրինք 2 մարզիկի, երկուսն էլ վերադարձան ոսկե մեդալով: 2023 թվականին մեր 4 մարզիկներից 2-ը Բեռլինից վերադարձան ոսկե մեդալով: Հիմա պատրաստվում ենք մասնակցելու 2025 թվականին Իտալիայում կայանալիք Հատուկ օլիմպիադաների ձմեռային օլիմպիական խաղերին:
-Դուք 2004 թվականից մինչ օրս ինստիտուտի ֆիզիկական դաստիարակության տեսության, մեթոդիկայի և ադապտիվ ֆիզիկական կուլտուրայի ամբիոնի դասախոս եք, 3 տարի ղեկավարել եք ամբիոնը և առնչվում եք երկրի սահմանները պաշտպանելիս վիրավորված զինծառայողների հետ: Ո՞րն է այս ուղղությամբ Ձեր գործունեության շրջանակը:
-Ամբիոնը պատրաստում է մասնագետների, որոնք պետք է զբաղվեն մտավոր և ֆիզիկական շեղումներ ունեցող մարդկանց ֆիզիկական դաստիարակությամբ: Մեր շրջանավարտները հիմնականում դառնում են մարզիչներ: Պետք է նշեմ, որ մեր ուսանողների շրջանում քիչ չեն Հայրենիքը պաշտպանելիս վիրավորում ստացած զինծառայողները: Այս ուսումնական տարում մագիստրատուրա են ընդունվել 4 նման ուսանողներ: Մենք խրախուսում ենք մարտական գործողությունների ժամանակ վիրավորված և ֆիզիկական շեղումներ ունեցող տղաների հոսքը մեր ինստիտուտ: Ուսումնառությունը մեր բուհում նրանց հնարավորություն է տալիս հետագայում գտնել պատշաճ աշխատանք և օգնել ֆիզիկական խնդիրներ ունեցող բախտակից մարդկանց:
-Պարո՛ն Ստեփանյան, Դուք ծառայե՞լ եք Հայաստանի բանակում:
-Այո՛, ես 1995-1997 թվականներին եղել եմ ժամկետային զինծառայող: Հրաձիգ եմ: Այս տարվա ապրիլին մասնակցել եմ 25-օրյա վարժական հավաքների: Ի դեպ, Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ինստիտուտ ընդունվելու միտքը ծնվեց բանակում, երբ տեսա, թե երկիրը որքան կարիք ունի գիտակից, կոփված, ամուր, առողջ տղաների:
ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
Խորագիր՝ #38 (1551) 19.11.2024 - 25.11.2024, Հոգևոր-մշակութային, Ուշադրության կենտրոնում