ՍԱՆՀՐԱՀԱՆԳԻՉՆԵՐԻ ՎԱՐԺԱՆՔՆԵՐԸ
Զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներում պարբերաբար կազմակերպվում են տարբեր դասընթացներ, վերապատրաստման ծրագրեր, որոնց նպատակը ժամկետային զինծառայողներին իրենց մասնագիտական կարողությունները դրսևորելու և զարգացնելու հնարավորություն տալն է: Այդ ծրագրերից մեկն էլ ապագա սանհրահանգիչների համար է: Տարբեր զորամասերից ընտրված նորակոչիկ զինվորները ութշաբաթյա վերապատրաստում են անցնում ռազմաբժշկական ուսումնական կենտրոնում: Դասընթացների արդյունքում հատկապես առաջնագծի զորամասերը համալրվում են արհեստավարժ սանհրահանգիչներով, որոնք պատրաստ են հարկ եղած դեպքում առաջին բուժօգնություն ցուցաբերել իրենց և համածառայակիցներին:
Ինչպե՞ս մարտադաշտից արագ տարհանել վիրավորին, տեղափոխել անվտանգ վայր ու ճիշտ կազմակերպել առաջին բուժօգնությունը։ Ուսումնական ստորաբաժանման հրամանատար Իշխան Առուստամյանը մանրամասն բացատրում է խիստ կարևոր թեմայով գործնական պարապմունքի նպատակը, գործողությունների հաջորդականությունը։ Ցուցադրվում են տարհանման տարբեր տեսակներ:
Անվտանգության կանոնների վերաբերյալ հրահանգավորումից հետո զինվորները ըստ խմբերի զբաղեցնում են մեկնարկային դիրքերը և գործնական վարժանքի միջոցով ցուցադրում իրենց հմտությունները։
-Սանհրահանգիչը պատասխանատու կոչում է,- ասում է Վահե Խաչատրյանը: -Մեզանից յուրաքանչյուրը լավ է հասկանում՝ ինչ է նշանակում մարտի դաշտում փրկել կյանքեր, տարբեր դժվարություններ հաղթահարել: Ամեն ինչ անում եմ, որ պատվով ծառայեմ, հայրենիքիս պիտանի մասնագետ դառնամ: Ծառայելու եմ սահմանային զորամասում, որն ինքնին պարտավորեցնող է: Պարապմունքներին ուշադիր եմ, ձգտում եմ առավելագույն գիտելիքներ ստանալ, որ կարողանամ ճիշտ բուժօգնություն ցուցաբերել իմ զինընկերներին:
Տարբեր զորամասերից ընտրված զինվորները ռազմաբժշկական ուսումնական կենտրոնում ունկնդրի կարգավիճակում են։ Նրանց գործողությունների արագությունն ու ճշգրտությունը դեռ պետք է շտկվեն, հղկվեն, թերությունները վերացվեն, որպեսզի հարկ եղած դեպքում տղաները գործեն հստակ, առանց խուճապի մատնվելու։
-Ուսումնական առօրյան շատ հետաքրքիր է, ամեն օր նոր բաներ ենք սովորում: Տեղեկանում ենք բժշկության առանձնահատկություններին, գիտակցում ենք, թե ինչքան կարևոր է սանհրահանգիչի գործը: Մեզնից կախված ամեն ինչ անում ենք, ջանք ու եռանդ չենք խնայում, որ կարողանանք ճիշտ բուժօգնություն ցուցաբերել,- ասում է Ավետ Հովասափյանը:
Զինվորների պատրաստության հարցում չափազանց կարևոր է հրահանգիչների դերն ու դասերի մատուցման մեթոդիկան։ Այս առումով ունկնդիրներն իրենք են փաստում՝ թեև բժշկությունն ինքնին բարդ ու պատասխանատու ոլորտ է, դասընթացների անցկացման պարզ ու մատչելի ձևաչափը թույլ է տալիս հեշտ յուրացնել բուժակներին անհրաժեշտ բազային գիտելիքներն ու հմտությունները:
-Ես Նարեկ Գրիգորյանն եմ,- ներկայանում է տղաներից մեկը: -Ուսումնական փուլի ընթացքում ուզում եմ հնարավորինս շատ բան քաղել այստեղից: Հրահանգիչները շատ լավն են, գիտեն իրենց գործը: Ամեն ինչ անում են, որ զինվորին հասանելի լինի նյութը: Տեսական ու գործնական դասերն այնքան հետաքրքիր են, որ ժամերը կարծես րոպեների պես են անցնում: Պատրաստվում եմ գիտելիքներով զինված մեկնել զորամաս, պարտականություններս լավ կատարել:
Վահե Խաչատրյանն էլ հավելում է.
-Փորձառու հրահանգիչների դերը մեր դասերի ժամանակ ամենակարևորն է, որովհետև մարտական ուղի են անցել, մի քանի անգամ վերապատրաստվել են:
Զրույցին միանում է նաև Վահե Մկրտումյանը:
-Կարծում եմ՝ ոչ միայն զինված ուժերում, այլ նաև քաղաքացիական կյանքում յուրաքանչյուրը պետք է իմանա առաջին բուժօգնության նրբությունները, կարողանա կյանքեր փրկել: Հասկանում եմ, թե ինչ պատասխանատվություն է, և հրահանգիչների ուսուցանածը փորձում եմ լավ յուրացնել: Օրեցօր ավելի վստահ եմ դառնում իմ ուժերին, գուցեև ապագայում բժշկի մասնագիտությունն ընտրեմ:
Առաջին բուժօգնության հմտությունները սերտելը տղաներից առավելագույն ուշադրություն է պահանջում։ Պետք է լինել չափազանց զգույշ յուրաքանչյուր միջամտություն կատարելիս հետագա բարդությունները կանխելու համար, քանի որ աննշան սխալն անգամ կարող է անդառնալի հետևանքների հանգեցնել։ Էդգար Հակոբյանը պատմում է մասնագիտական պարապմունքների մասին:
-Սովորում ենք ընդհանուր բժշկություն, դեղագիտություն, մարդու անատոմիա, տարբեր հիվանդությունների դեմ պայքարելու միջոցներ: Առավելագույնս տրամադրված ենք սովորելու, դասերն էլ շատ հետաքրքիր են անցնում: Ծառայությունն ընտրելիս հասկացել եմ՝ ինչքան պատասխանատու գործ է: Մարդկային կյանքի համար պատասխանատվություն ենք կրում, դրա համար շատ կարևոր է պարտաճանաչ սերտել դասերը:
Ուսումնական կենտրոնի պետ, փոխգնդապետ Արմեն Գյուլբեկյանը մանրամասն ներկայացնում է ծրագրի ընթացքը:
-Ուսումնական ծրագիրը երկու մասից է բաղկացած: Առաջինը խաղաղ պայմաններում առօրյա գործունեությունն է, սանհրահանգիչների պարտականությունները: Դասընթացի երկրորդ հատվածում հիմնականում գործնական պարապմունքներն են, որոնք ներառում են պատերազմական իրավիճակում մինչբժշկական օգնություն ցուցաբերելու կարգը: Դասընթացների անցկացման մեթոդաբանությունն այնպիսին է, որ առավելագույնս հետաքրքրի մասնակիցներին ու ամբողջությամբ ներգրավի գործընթացում:
Տղաները պատրաստակամ են սովորելու, նպատակասլաց են, ինչն էլ լավագույն արդյունքի հասնելու գլխավոր նախապայմանն է։
Ութշաբաթյա դասընթացները կեզրափակվեն ավարտական քննություններով։ Զինվորներն արդեն որպես մասնագետներ կվերադառնան իրենց հիմնական զորամասեր՝ ուսումնական կենտրոնում ստացած գիտելիքներն ու փորձը փոխանցելով նաև ծառայակից ընկերներին։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՌԱՇՅԱՆ
Խորագիր՝ #38 (1551) 19.11.2024 - 25.11.2024, Ազգային բանակ