ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ՌԱԶՄԱՄԱՐԶԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԻՉՈՎ
Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում յուրաքանչյուրը քաջ գիտակցում է, որ հայրենիքի պաշտպանի մասնագիտության հիմքը հենց այստեղ է դրվում, իսկ «Ճանապարհ դեպի բարձունքը» պարզապես կարգախոս չէ, այն հայ զինվորականի պատվաբեր ուղին է։
Կրթօջախի սաները ձգտում են լավ սովորել, որ կարողանան ստացած գիտելիքներն ապագայում ծառայեցնել հայրենիքի պաշտպանության գործին:
Ուսումնական հագեցած առօրյայում նրանք ամեն օր հնարավորություն ունեն այցելելու լողավազան, մարզվելու մեծ ու բարեկարգ սպորտային համալիրում։ Սաների ֆիզիկական պատրաստությունը ուսումնառության կարևոր բաղադրիչներից է։ Վարժարանում գործում են բռնցքամարտի, սամբոյի, լողի, ըմբշամարտի խմբակներ, ինչը մոնթեականներին հնարավորություն է տալիս մշտապես լինելու լավ մարզավիճակում, ֆիզիկապես ամուր ու դիմացկուն, նաև մասնակցելու տարբեր մրցաշարերի։
-Սովորում եմ առաջին կուրսում, որոշել եմ դառնալ զինվորական: Հաճախել եմ լողի և բռնցքամարտի խմբակներ: Երբ իմացա, որ այստեղ էլ կա նման հնարավորություն, շատ ուրախացա: Հիմա շաբաթական երեք անգամ պարապում եմ, որ լինեմ լավ մարզավիճակում,- ասում է Վահագն Կարապետյանը:
Սյուզաննա Մանուկյանին մարզաձևերից նույնպես բռնցքամարտն է գրավել։ Աղջիկն ակտիվորեն պարապում է, նաև ուսման մեջ է առաջատար: Ձգտում է այնպես սովորել, որ արժանի լինի մոնթեականի կոչմանը։
-Դեռ փոքր տարիքից շատ եմ սիրել ռազմական գործը: Մայրիկիս խորհրդով եմ եկել ռազմամարզական վարժարան: Մարզական խմբակներից ընտրել եմ բռնցքամարտը, որի ուժը, հոգեբանությունը լիովին համապատասխանում են ինձ: Մարզվելու պայմանները կատարյալ են, շատերն են երազում հաճախել այսպիսի խմբակներ, ունենալ այսպիսի հնարավորություններ: Դասերն էլ կազմակերպվում են բարձր մակարդակով: Մեր ամեն օրը հետաքրքիր է ու հագեցած:
Ռազմամարզական վարժարանում ստեղծված են ուսումնառության բացառիկ պայմաններ: Կրթօջախի սաները դիլիջանյան բարձունքում ուսանելիս հնարավորություն ունեն զբաղվելու նաև հեծանվասպորտով: «Ֆիզկուլտուրա» առարկայի շրջանակում մեկ ժամ հատկացվում է հեծանիվ վարելուն: Ի դեպ, լավ մարզավիճակի շնորհիվ մոնթեականները վերջերս մասնակցել են հեծանվասպորտի մրցաշարի և հաջողություններ գրանցել:
Արման Օհանյանը նշում է.
-Մոնթեական լինելով՝ ես փորձում եմ լավ սովորել, նաև Մոնթեի անունը բարձր պահել: Ուսուցիչները մեզ նոր գիտելիքներ են փոխանցում, օգնում են ավելի լավ ապագա ունենալ: Իմ նպատակը հայրենիքի համար լավ սպա, լավ զինվոր, բոլորի համար օգտակար մարդ դառնալն է: Ես իմ նպատակի իրագործման ճանապարհին եմ:
Հանրակրթական ուսուցումը նույնպես ռազմամարզական վարժարանում իրականացվում է բարձր մակարդակով՝ կրթության նոր չափորոշիչներին համապատասխան։ Համաձայն վարժարանի որդեգրած «Ճանապարհ դեպի բարձունք» կարգախոսի՝ այստեղ արվում է առավելագույնը, որ սաներն ստանան որակյալ կրթություն, սովորեն մի քանի լեզուներ, լինեն բազմակողմանի զարգացած և հետագայում դառնան Հայաստանի Հանրապետության արժանի քաղաքացիներ, զինված ուժերի բանիմաց ու գրագետ սպաներ։ Այս գործում խիստ կարևոր է կրթօջախի ղեկավարության, մանկավարժական կազմի դերակատարումը:
Վարժարանի պետի տեղակալ Արթուր Կարապետյանը նշում է.
-Այս տարի մենք անցում ենք կատարել նոր ձևաչափով ուսումնական գործընթացի կազմակերպմանը, որն ավելի ազատական հնարավորություններ է տալիս: Ուսումնասիրում ենք սաների կրթական մակարդակը, ուսման մեջ դժվարացողների համար կազմակերպում լրացուցիչ կրթական ծրագրեր:
Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Սուսաննա Մանուչարյանն էլ ավելացնում է.
-Վարժարանում կրթվելը պարտավորեցնող է: Մեզ՝ ուսուցիչներիս համար կրկնակի պատիվ է այստեղ դասավանդելը: Քաջ գիտակցում ենք՝ մեր կրթած սերունդը պետք է դառնա ոչ միայն մեր երկրի պիտանի քաղաքացի, այլ նաև բանակի վաղվա հենասյունը, մեր սահմանների՝ մտքով և բազկով ուժեղ պաշտպանը:
Հենց այդ գիտակցումով ու մեծ նվիրումով այստեղ սովորել, կրթվել ու դաստիարակվել է նաև Մանվել Խաչատրյանը, որը շուտով կավարտի ուսումնառությունը։ Մանվելը գերազանց առաջադիմությամբ սովորել է ռազմաբժշկական հոսքում, ապագայի հետ կապված ծրագրերն էլ արդեն հստակ են։
-Մեծ պատիվ է սովորել Ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում: Արդեն որոշել եմ՝ ռազմական բժիշկ եմ լինելու, մարդկային կյանքեր փրկելը ոչ բոլորին է տրված:
Վարժարանում սաները հնարավորություն ունեն օգտվելու բազմազան ու հարուստ գրադարանից, զբաղվելու ընթերցանությամբ։ Հավատարիմ իր որդեգրած սկզբունքներին՝ կրթօջախը մշտապես խրախուսում է մոնթեականներին լինելու լավագույնը։
Կրթության ռազմական բաղադրիչը Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի ամենակարևոր ուղղությունն է, որը գրավում է նաև շատ աղջիկների: Աղջիկների դասակում գոհ են կրթության ու կեցության բարձրակարգ պայմաններից։ Նրանք եկել են այստեղ ռազմական կրթություն ստանալու ու զինվորական դառնալու նպատակով։ Նրանցից մեկն էլ Լյուբա Սիմոնյանն է:
-Վարժարանը ոչ միայն գիտելիքներ է տալիս մեզ, այլև ուղղորդում է դեպի մեր նպատակի իրագործում ու ավելի է ամրապնդում մեր հայրենասիրությունը: Ավելի շատ ենք ձգտում հայրենիքի համար ինչ-որ քայլ անելու: 2020 թվականի պատերազմից հետո որոշեցի դառնալ զինվորական, ու վարժարանի սան լինելը այդ ճանապարհին ամենաճիշտ որոշումն էր:
ԼԱՈՒՐԱ ՄԱՄՅԱՆ
Խորագիր՝ #38 (1551) 19.11.2024 - 25.11.2024, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում