ՀԱՄԱԲԱՆԱԿԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ ԸՆՏՐՎԵԼ ԵՆ ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԸ
Զինված ուժերի ուսումնական կենտրոններից մեկում անցկացվել է «ԶՈՒ լավագույն գումարտակի հրամանատար» ամենամյա մրցույթը: Ստուգատեսի նպատակը ստորաբաժանման լավագույն հրամանատարներին բացահայտելն ու նրանց խրախուսելն է: Համաբանակային մրցույթում հաղթող ճանաչվելու համար պայքարում էին զորամիավորումների կազմով անցկացված մրցումներին գերազանց հանդես եկած գումարտակի հրամանատարները։ Մրցույթի ընթացքում ստուգվել է մասնակիցների ֆիզիկական և կրակային պատրաստությունը, ղեկավար փաստաթղթերի իմացությունը: Հանձնաժողովի ուշադրության կենտրոնում էին նաև մասնակիցների՝ ստորաբաժանումը ղեկավարելու, կայացված որոշումներն իրագործելու հմտությունները։
Նախորդ տարվա արդյունքներով երկրորդ պատվավոր տեղն զբաղեցրած փոխգնդապետ Կարեն Հովհաննիսյանը պատրաստվել և մրցմանն էր ներկայացել առաջին տեղի համար պայքարելու վճռականությամբ։
-Այս մրցույթում շատ կարևոր է առողջ մրցակցությունը: Ցանկացած սպա ձգտում է ավելի բարձր արդյունքների, և մրցույթն այդ հնարավորությունը տալիս է: Ներկայացվեցին նաև մի շարք առաջարկություններ, որոնց կիրառումը մեր զինված ուժերին կտա մարտական գործողությունների ժամանակ տեղանքում ճիշտ կողմնորոշվելու, փոխգործակցությունը ճիշտ կազմակերպելու նոր կարողություններ:
Փոխգնդապետ Հարութ Մալինցյանը առաջին անգամ է մասնակցում մրցմանը՝ պատրաստ բարձր պահելու զորամասի և զորամիավորման անունն ու պատիվը։
-Լավագույններից մեկը լինելու նախապայմանը միշտ լավագույնին ձգտելն է: Որպես գումարտակի հրամանատար առաջին անգամ եմ նման մրցման մասնակցում: Այն տարբերվում է իր բնույթով, որովհետև հիմքում մրցումից առավել փորձի փոխանակումն է, ինչն անգնահատելի օգուտ է հետագա ծառայությունն ավելի որակյալ շարունակելու համար: Շատ բաներ դու ես սովորում, շատ բան էլ քեզանից են սովորում: Մրցույթն ամբողջությամբ միտված է սպաների գիտելիքների և հմտությունների զարգացմանը:
Մասնակիցները կարևորում են այն փաստը, որ նման մրցումների արդյունքում, ծառայողական տարբեր խնդիրների, դրանց լուծման ուղիների վերաբերյալ քննարկումներ են լինում, սպաներն իրենց փորձով են փոխանակվում։
Փոխգնդապետ Ռոբերտ Համբարձումյանը նշում է.
-Մասնակից սպաները ծառայում են տարբեր զորամասերում, ծառայության բնույթն էլ տարբեր է: Յուրաքանչյուրի հետ շփվելով՝ հետևություններ ես անում, հասկանում ես՝ ինչ կարելի է անել, որ ծառայությունը որոշակի ուղղությամբ շատ ավելի լավ կազմակերպվի:
Մրցման ավարտին մասնակիցներին հանդիպեց ԶՈՒ մարտական պատրաստության վարչության պետ, գնդապետ Դավիթ Ալեքսանյանը։ Կարևորելով գումարտակի հրամանատարների դերը վերադաս հրամանատարության առաջադրած խնդիրները բարեհաջող կատարելու գործում, գնդապետը շնորհակալություն հայտնեց գումարտակների լավագույն հրամանատարներին բարձր առաջադիմության, ենթակա ստորաբաժանումների մարտական պատրաստության բարձր ցուցանիշների համար: Գնդապետն ունկնդրեց մրցույթի մասնակիցների զեկույցները ենթակա ստորաբաժանումների մարտական պատրաստության շարունակական կատարելագործման տեսլականի, դրան հասնելու ուղիների շուրջ։
Բարձր գնահատելով եզրափակիչ փուլին ներգրավված գումարտակի հրամանատարների մարտական պատրաստությունը, գնդապետ Ալեքսանյանն ու քննող հանձնաժողովի անդամները ստորաբաժանման հրամանատարներին փոխանցեցին խորհրդանշական հուշանվերներ, համոզված, որ նրանք չեն սահմանափակվի ձեռք բերած արդյունքներով, այլ ինքնակատարելագործման և ամենօրյա քրտնաջան ծառայության շնորհիվ տարեցտարի կբարելավեն թե՛ իրենց, թե՛ ենթակա անձնակազմի մարտական պատրաստության արդյունքները։
ՆԵՐՍԵՍ ԻՎԱՆՅԱՆ
Խորագիր՝ #38 (1551) 19.11.2024 - 25.11.2024, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում