ԱՌԱՋԸՆԹԱՑՆ ԱԿՆԱՌՈՒ Է
Զինված ուժերում շարունակվում է ատեստավորման գործընթացը: Սպաներն ու պայմանագրայինները սահմանված կարգով ու ժամանակացույցով հանձնում են մասնագիտական որակավորման քննությունները: Ստուգվում է նրանց պատրաստվածության աստիճանը, և ըստ հավաքած միավորների՝ ավելանում է դրամական բավարարումը: Զինծառայողները քննություններ են հանձնում կրակային, ֆիզիկական, շարային պատրաստությունից, հատուկ հարցաշարերի միջոցով ստուգվում են նաև նրանց մարտավարամասնագիտական գիտելիքները:
Զինված ուժերի վարժադաշտերից մեկում զինծառայողների ատեստավորման քննությունների կրակային փուլն է։ Զենքը ձեռքին դեպի նշանակված դիրքն է շտապում եւ քննական պահանջով առաջադրված երեք թիրախներն էլ մեկական փամփուշտով վստահաբար խոցում փոխգնդապետ Բայրամյանը։ Բարձրաստիճան սպան մեծ սպասելիքներ ունի գործընթացից, և իր համար արդեն ակներև է ատեստավորման դրական ազդեցությունը:
-Երեկ հանձնել եմ շարային պատրաստության ստուգարքը, «գերազանց» եմ ստացել: Տրամադրված եմ մարտական, ձգտելու եմ ընդհանուր «գերազանց» գնահատականի, այլ տարբերակ չկա,- ասում է փոխգնդապետը: -Ծրագրի մասին միանշանակ դրական կարծիք ունեմ: Ատեստավորումը զինծառայողներին հնարավորություն է տալիս ինքնակրթվելու, մոռացածը վերհիշելու, նաև սոցիալական շատ կարևոր հարց է լուծում:
Իմ օրինակով ասեմ՝ ծանրաբեռնվածության պատճառով ֆիզպատրաստությամբ զբաղվելու շատ ժամանակ չէր մնում: Հիմա անհնարինն անում ենք, թեկուզ ծառայությունից հետո, մեր հանգստի ժամին մարզվում ենք, ու արդյունքը տեսանելի է: Զինծառայողների տեսական ու գործնական պատրաստության մակարդակը զգալի բարձրացել է: Արդյունքում շահում է բանակը, մեր ստորաբաժանումներն ավելի մարտունակ են դառնում: Ու յուրաքանչյուրս ավելի վստահ ենք կատարում մեզ առաջադրված խնդիրը:
Ատեստավորման պահանջների նշաձողը բարձր է, սակայն կրակային փուլին ներգրավված մյուս զինծառայողները ևս վստահ են իրենց ուժերին: Կարծես ներքին մրցակցության մեջ մտնելով մեկը մյուսի հետ՝ նրանք իրար հետևից քննական հանձնաժողովին ապացուցում են իրենց պատրաստվածության բարձր աստիճանը։ Ատեստավորման քննությունների մասն են կազմում նաև զինծառայողների ֆիզիկական և շարային պատրաստության, մասնագիտական գիտելիքների ու ծառայողական պարտականությունների իմացության վերհանման քննությունները։ Դրանք ևս առանձնակի դժվարություն չներկայացրին զինծառայողներից շատերի համար։
-Հրաձգությունը կատարել եմ դիպուկ, պատրաստվում եմ գերազանց հանդես գալ նաև մյուս քննությունների ժամանակ: Պարբերաբար գիտելիքները թարմացնելու դեպքում բոլոր վարժություններն էլ հեշտ են,- ասում է Նիկոլայ Բաբայանը: -Մասնակիցների ընդհանուր տրամադրվածությունը չափազանց դրական է: Ատեստավորումը մեծ փոփոխություն է մեր բանակի համար, անձնակազմի մասնագիտական առաջընթացը նկատելի է: Դրամական բավարարումն էլ զգալի բարձրանում է, ու կարողանում ես ընտանիքիդ սոցիալական բարեկեցությունը կարգավորել:
-Շատերը նախկինում չէին էլ մտածում ֆիզպատրաստության մասին, իսկ հիմա ջանասիրաբար մարզվում են՝ հասկանալով, որ նախևառաջ իրենց առողջությանն է օգտակար: Ինքնապատրաստության շնորհիվ ֆիզպատրաստության ստուգարքը կարծես հերթական պարապմունքը լինի, իսկ բոլոր մարզումներին մասնակցելը բավարար է գոնե լավ գնահատական ստանալու համար,- զրույցին միանում է Սևակ Սարդարյանը:
Ատեստավորման բոլոր չորս քննություններին էլ գերազանց հանդես եկած սպաները փաստում են՝ քննական շեմը հաղթահարելն ինքնին դժվար չէ այն զինվորականների համար, որոնք շարունակաբար զբաղվել են ինքնազարգացմամբ։ Բացի այդ, հայրենիքի պաշտպանների համար պատվի հարց է քննություններին բարձր արդյունքներով հանդես գալը։ Փոխգնդապետ Նորայր Մելքոնյանն ասում է.
-Արդյունքներիցս շատ գոհ եմ: Ծառայում եմ շուրջ 26 տարի, միշտ զբաղվել եմ ինքնապատրաստությամբ: Այսօրվա իմ բարձր ցուցանիշները առավելապես դրա շնորհիվ են:
ՆԵՐՍԵՍ ԻՎԱՆՅԱՆ
Խորագիր՝ #38 (1551) 19.11.2024 - 25.11.2024, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում