ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՆՎԱԳԱԽՈՒՄԲԸ 32 ՏԱՐԵԿԱՆ Է
Արդեն 32 տարի ոչ մի նշանակալի միջոցառում և գերատեսչական արարողություն չի անցնում առանց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի զինվորական նվագախմբի: Վստահաբար կարող ենք ասել, որ զինվորական նվագախումբը Հայաստանի Հանրապետության խորհրդանիշներից մեկն է, իսկ այնտեղ ծառայելն ու նվագելը մեծ պատիվ ու պատասխանատվություն է:
Արդեն չորս ամիս է, ինչ Ավետիս Բաղդասարյանի զինվորական առօրյայի անբաժան մասն է դարձել երաժշտական գործիքի խնամքը։ Ամեն օր Ավետիսը սաքսոֆոնի հետ երկար ժամանակ է անցկացնում, ասում է՝ սա էլ իմ զենքն է: Զինվորական խիստ կարգուկանոնից և պարապմունքներից զատ, Ավետիսն ու զինվորական նվագախմբի մյուս տղաները պատրաստվում են տարբեր կարևոր միջոցառումների, որոնցից մեկին Ավետիսն արդեն պատիվ ունեցել է մասնակցելու:
-Օրվա մեծ մասը մասնագիտական փորձեր ենք անում, նվագում ենք, բայց նաև զինվորական առարկաներն ենք յուրացնում: Ինքնապատրաստության ժամանակ նվագում ենք տարբեր երկրների հիմները, քայլերգերը։ Զինվորական երաժշտի առօրյան շատ հետաքրքիր է։ Պաշտոնական միջոցառումներից մասնակցել եմ Երևանում անցկացված Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բացման արարողությանը: Ի դեպ, այդ օրը մեր նվագախմբում առաջին անգամ օգտագործվել է երթային բարիտոն սաքսոֆոնը: Շատ հպարտ էի կանգնած բեմում, հատկապես զինվորների համար մեր հիմնը նվագելիս։
Ալեն Նազարյանը զինվորական նվագախմբի «հնաբնակներից» է, մի քանի ամսից կզորացրվի, սակայն մինչ այդ դեռ կհասցնի մասնակցել բազմաթիվ նշանակալի միջոցառումների:
-Մենք մասնակցում ենք տարբեր միջոցառումների, նաև այլ երկրներում ներկայացնում ենք մեր պետությունը, ինչը շատ մեծ պատիվ ու պատասխանատվություն է։ Նվագախմբում նվագելը դժվար է: Նախևառաջ պետք է նվագել լավ շարային քայլով: Հաճախակի փորձերով ժամանակի ընթացքում այդ հմտությունը ձեռք ենք բերել։ Այս նվագախումբը գործում է երկար տարիներ ու դեռ շարունակելու է իր գործունեությունը: Անչափ հաճելի է գիտակցել, որ նման կառույցի մի մասնիկն էլ դու ես:
Պատվով և լավագույնս ներկայանալու համար տղաները տքնաջան աշխատում են, անընդհատ նվագում են և պարապում՝ անկախ եղանակային պայմաններից։ Զինվորական նվագախմբի առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ ստեղծագործություններն անձնակազմը կատարում է առանց նոտաների՝ անգիր: Դա հաջողվում է ինչպես մասնագիտական, այնպես էլ զինվորական հմտություններ ձեռք բերելու, դրանք զարգացնելու շնորհիվ: Զինվորական կյանքի դժվարին, բայց իրադարձային միջոցառումներով նշանավորված օրերը հաստատ կմնան տղաների հուշերում:
Տարոն Փաշինյանը բարիտոն է նվագում: Հիշում է՝ սկզբում բավականին բարդ էր միաժամանակ նվագել ու շարային քայլել, շարքից հետ չմնալ կամ ռիթմից չշեղվել:
-Զինվորական նվագախումբն իր առանձնահատկությունն ունի: Սովորական նվագախմբում երաժիշտը կարող է շարժուձևով ցույց տալ, որ զգում է երաժշտությունը, սակայն զինվորական նվագախմբում պարտավոր ես զգաստ կանգնել, հետևել կանոններին։ Սկզբում շատ բարդ էր, հատկապես քայլելով նվագելը, սակայն ամեն ինչ էլ սովորեցինք: Քայլելիս պետք է ճիշտ շնչել, մենք հատուկ ձև ունենք, կարողանում ենք նաև ամորտիզացնել քայլերը, որ շրթունքները շատ չշարժվեն, և կարողանաս գործիքը մոտ պահել, նորմալ ձայն ապահովել: Նվագախմբի տղաները, հրամանատարները անդադար աշխատում են մասնագիտական ավելի բարձր մակարդակ, ավելի մաքուր երաժշտական կատարում և անթերի զինվորական կեցվածք ապահովելու ուղղությամբ: Մենք շատ երկար պատրաստվում ենք ցանկացած միջոցառման։
Տարբեր փառատոների, տարատեսակ միջոցառումների և բազմաթիվ օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյաների, նախագահների ու պաշտպանության նախարարների դիմավորման արարողությունների է մասնակցել զինվորական նվագախումբը և անցած տարիների ընթացքում մեծ հաջողությունների է հասել։ Իսկ առաջիկայում նոր անելիքներ ու ծրագրեր կան: Հաջողության գրավականներից են անընդհատ թարմացվող երգացանկը, նորամուծություններն ու մշտապես փոփոխվող գործիքները:
Ռազմանվագախմբային ծառայության պետի պաշտոնակատար, փոխգնդապետ Արտակ Սիմոնյանն ամփոփում է զրույցը:
-Զինվորական նվագախումբը անասելի կարևոր դերակատարում ունի զինված ուժերում: Այն միշտ ուժ է ներշնչել, ոգևորել է զինվորին։ Մեզ մոտ պատվաբեր, բայց միևնույն ժամանակ շատ պատասխանատու ծառայություն է: Նվագախմբի յուրաքանչյուր երաժիշտ ամբողջությամբ գիտակցում է այդ պատասխանատվությունը և պատրաստ է բարձր մակարդակով խնդիրները կատարելու, պատշաճ ներկայանալու։ Իսկ նվագախումբը՝ կատարողական վարպետությամբ եւ ձեռք բերած փորձառությամբ արարելու է՝ սահմանելով մասնագիտական բարձր նշաձող:
ԶԱՐՈՒՀԻ ՌՇՏՈՒՆԻ
Խորագիր՝ #39 (1552) 28.11.2024 - 4.12.2024, Ազգային բանակ