Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՂԹԵԼՈՒ ԲԱՆԱՁԵՎ



ՀԱՂԹԵԼՈՒ ԲԱՆԱՁԵՎՕրերս Երևանում անցկացվեց Ըմբշամարտի զինվորականների աշխարհի 37-րդ առաջնությունը: Տարբեր քաշային կարգերում ՀՀ զինված ուժերի հավաքականի մարզիկ ժամկետային զինծառայողները պատվով ներկայացրին մեր երկիրը: Թեժ մրցապայքարում առաջնության չեմպիոններ դարձան՝ 65 կգ քաշային կարգում՝ Անդրանիկ Ավետիսյանը, 60 կգ քաշային կարգում՝ Սուրեն Աղաջանյանը, և 67 կգ քաշային կարգում՝ Գասպար Տերտերյանը։ Մեր չեմպիոնների հետ զրուցել է «Հայ զինվորի» լրագրող Գայանե Պողոսյանը:

 

 

 

ՀԱՂԹԵԼՈՒ ԲԱՆԱՁԵՎԱնդրանիկ Ավետիսյան

-Անդրանի՛կ ջան, շնորհավորում եմ Ձեր մեծ ու կարևոր հաղթանակը՝ Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության չեմպիոնի տիտղոսը: Ուզում եմ վերհիշենք այն ճանապարհը, որը եկավ, հանգեց աշխարհի չեմպիոնի պատվանդանին: Ես գիտեմ, որ Ձեր ծննդավայր Գյումրիում տղաների մեծ մասն զբաղվում է սպորտով, իսկ Դուք ինչո՞ւ հենց ըմբշամարտն ընտրեցիք:

-Անկեղծ ասած՝ սկզբում դա ոչ թե իմ, այլ հորս ցանկությունն էր: Ընկերը հորս խորհուրդ տվեց ինձ ուղարկել ըմբշամարտի: Ես այդ ժամանակ 6 տարեկան էի, բայց շատ լավ հիշում եմ, թե ինչպես հայրս ինձ տարավ մարզադպրոց: Ես առաջին անգամ տեսա, թե ինչ է ըմբշամարտը: Գորգը, մարզահագուստը, միջավայրը, պայքարը, հաղթանակի շունչը… ասես հեքիաթում լինեի: Ոնց որ ասում են՝ սիրտս կպավ: Ես երեխա էի ու դեռ չգիտեի, թե արտաքին փայլի տակ ինչ դժվարություններ ունի դեպի բարձունք տանող մարզական ուղին, ինչպիսի զրկանքներ պիտի հաղթահարես, ինչքան պիտի տքնես, որ լավ մարզիկ դառնաս:

-Ձեր խոսքերից հասկացա, որ լավ մարզիկ դառնալու համար առաջին հերթին պետք է կամք ու աշխատասիրություն:

-Կամքն ու աշխատասիրությունը, անշուշտ, կարևոր են, բայց առավել կարևոր երկու նախապայման կա՝ սերը քո ընտրած մարզաձևի հանդեպ և մարզիչներիդ արհեստավարժությունը:

-Եկեք մարզիչներից խոսենք:

-Իմ առաջին մարզիչները ինձ հետ են մինչ օրս: Հակոբ Ավետիսյանի ու Գևորգ Մելքոնյանի հետ ես 14 տարվա ճանապարհ եմ անցել՝ 6 տարեկանից մինչև 20 տարեկան, և շատ ուրախ եմ, որ այդ ճանապարհը շարունակվում է: Մարզիչը շատ կարևոր դերակատարում ունի մարզիկի կյանքում: Նա քո ուղեկիցն ու առաջնորդն է: Նրա հետ ես անցնում հաղթանակների ու պարտությունների միջով: Նա թույլ չի տալիս, որ հաղթանակդ դառնա ավելորդ ինքնավստահության պատճառ, պարտության ժամանակ ամեն ինչ անում է, որ հանկարծ չկորցնես հաջողության հասնելու հույսդ ու հավատդ սեփական ուժերիդ հանդեպ: Պարզապես մարզիչը դառնում է հարազատ մարդ, մեկը, որ անկեղծորեն ու անձնվիրաբար սիրում է քեզ:

-Որո՞նք են Ձեր ամենակարևոր հաղթանակները և ամենածանր պարտությունները գորգի վրա:

-Եթե չլինի մեծ սերն ու անմնացորդ նվիրումը, չես կարող հասնել քո մարզական երազանքներին: Պիտի շատ սիրես այն գործը, որ անում ես: Երևի բոլոր մասնագիտությունների վերաբերյալ էլ կարելի է նույնն ասել, բայց սպորտը յուրահատուկ է նրանով, որ նվաճումներն ու ձախողումները ակնհայտ են՝ գորգի վրա կա՛մ հաղթում ես, կա՛մ պարտվում: Ու դու ոչինչ չես խնայում հաղթանակի համար: Ես մի քանի անգամ եղել եմ Հայաստանի չեմպիոն: Իմ քաշային կարգում լավագույնն եմ եղել ԵվրոպայՀԱՂԹԵԼՈՒ ԲԱՆԱՁԵՎի առաջնությունում: Հիշում եմ՝ երբ առաջին անգամ արտերկրում իմ հաղթանակի պատվին բարձրացավ Եռագույնն ու հնչեց իմ երկրի օրհներգը, հասկացա, որ այդ պահը արժանի է շատ ավելի մեծ զրկանքների ու շատ ավելի ծանր մարզումների: Ես շատ էի ուզում հաղթել այդ մրցաշարը: Ինձ հետ տարել էի Հայրենիքը պաշտպանելիս զոհված իմ երկու ընկերների նկարներով մարզաշապիկ, այն կարող էի կրել միայն հաղթելու դեպքում: Եվ ինքս ինձ ասացի՝ պարտվելու իրավունք չունես, պիտի՛ հաղթես: Երկրորդ անգամ պարտությունը բացառեցի Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության ժամանակ, որովհետև ներկայացնում էի մեր բանակը: … Ուզում եմ նաև խոսել պարտությունը հաղթահարելու ու չհուսահատվելու կարողության մասին: Եթե պարտվել ես, նշանակում է՝ քիչ ես աշխատել, ոչ թե անկարող ես: Սա բանաձև է, որ պետք է յուրաքանչյուրին:

-Բանակում հնարավորություն կա՞ լիարժեք մարզվելու:

-Այո՛, շնորհակալությամբ պիտի ասեմ, որ մարզական վաշտում ծառայող զինվորները կարող են լավ մարզավիճակ ունենալ, որովհետև նրանց համար ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները:

-Անդրանի՛կ ջան, իսկ հիմա խոսենք Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության մասին:

-Բանակ ներկայացնելը պարտավորեցնող էր ինձ համար, ու շատ լարված էի: Կրկնակի պատասխանատվություն էր, որ առաջնությունը անցկացվում էր Հայաստանում, դահլիճում զինվորականներ էին, պաշտպանության նախարարը, պաշտոնյաներ՝ երկրի ռազմական ու քաղաքական ղեկավարությունից: Ու դու պարտավոր ես բարձր պահել երկրիդ, բանակիդ, համազգեստիդ, ծառայակիցներիդ պատիվը… Ես հավաքել էի ամբողջ ուժերս: Առաջնությունում երեք մրցելույթ ունեցա; Առաջին գոտեմարտս ֆրանսիացի մարզիկի հետ էր, որին հաղթեցի 11-0 հաշվով: Հաջորդ մարզիկը Իրանից էր: Նրան նույնպես 11-0 հաշվով հաղթեցի: Չեմպիոնի տիտղոսի համար ուժերս չափեցի Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության մասնակցի հետ: Գերլարված մարտ էր: Հաղթեցի 9-7 հաշվով:

-Անդրանի՛կ ջան, Դուք մի քանի անգամ խոսեցիք մարզական երազանքներից: Ո՞րն է Ձեր ամենանվիրական երազանքը:

-Հայաստանը երբեք ազատ ոճի ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն չի ունեցել, ուզում եմ առաջինը լինել:

-Մաղթում եմ, որ երազանքն անպայման իրականանա:

 

Սուրեն Աղաջանյան

Ամեն ինչ սկսվեց… պապից: Հանգամանքների բերումով պապը երիտասարդ տարիներին մարզադպրոցում չէր մարզվել, արհեստավարժ մարզիչ չէր ունեցել, չեմպիոն չէր դարձել, բայՀԱՂԹԵԼՈՒ ԲԱՆԱՁԵՎց սպորտի հանդեպ սերն ու անկատար երազանքների հուշը մնացել էին: Պապն էությամբ մարտիկ էր: 80 տարեկանում կախվում էր մարզաձողից ու ձգվում էր ապշելու թեթևությամբ: Խանդավառված պատմում էր իր բակային «մրցելույթների», հաղթանակների մասին ու հպարտությամբ ակնարկում, որ երիտասարդ տարիներին իրեն հավասարը չի ունեցել: Պապը ուժի ու համարձակության ջատագով էր, միևնույն ժամանակ խոսում էր ինչ-որ մարզական վարքականոնի մասին՝ շեշտելով ազնվությունը, համեստությունը, մեծահոգությունն ու մրցակցին հարգելու անհրաժեշտությունը: Թոռանը ստիպում էր վաղ արթնանալ, վազել ու կոփել մարմինը: Ասում էր՝ մարզական խառնվածք, ու ամեն լավ բան վերագրում սպորտին: Մի օր էլ Սուրենի ձեռքը բռնած՝ մտավ Էջմիածնի մարզադպրոց ու 10-ամյա թոռանը «հանձնեց» մարզիչ Ժորա Վարդանյանին: Մարզիչը պապից խիստ էր ու անզիջում, իր սաներին մարզում էր ուժասպառ լինելու աստիճանի, պահանջում էր անմնացորդ նվիրում ու աշխատանք: «Սպորտը բարոյականություն է ու ապրելակերպ»՝ սա Ժորա Վարդանյանի սահմանումն է: Նրա համոզմամբ՝ վատ մարդը չէր կարող լավ մարզիկ լինել, ու իր սաներին մասնագիտական գիտելիքներ փոխանցելուց առաջ կյանքի դասեր էր տալիս՝ ավագներին հարգելու, միմյանց օգնելու, ազնվաբար պայքարելու, հաստատակամ ու վճռական լինելու հորդորով: Ամբողջ խստությամբ հանդերձ՝ չէիր կարող չնկատել մարզական ուսուցչի սերն ու հոգատարությունը իր սաների հանդեպ, բարձունքում նրանց տեսնելու մեծ ցանկությունն ու ներդրած ջանքերը: Եվ հաջողությունները չէին ուշանում: Սուրեն Աղաջանյանը բազմաթիվ մրցաշարեր հաղթելուց բացի 2022 թվականին հռչակվեց երիտասարդների Եվրոպայի չեմպիոն և աշխարհի փոխչեմպիոն: Իսկ 2023 թվականին նա երիտասարդների աշխարհի չեմպիոն դարձավ: Երբ իր սանին ահեղ մրցակից էր բաժին ընկնում, մարզիչն ասում էր՝ նա հաղթել է, որովհետև դու այնտեղ չես եղել: Դու չեմպիոն ես: Սուրենի համար այս միտքը ծանր մարտերից առաջ հոգեբանական պատրաստության ամենահուսալի միջոցն է մինչ օրս, և մրցագորգ դուրս գալիս ասում է ինքն իրեն՝ նա հաղթել է, որովհետև ես անտեղ չեմ եղել: Իսկ ծանր մարտեր եղել են: 2022 թվականի Եվրոպայի առաջնության ժամանակ պիտի ուժերը չափեր ադրբեջանցի մարզիկ Նիհադ Մամադլիի հետ: Մամադլին հասցրել էր նվաճել աշխարհի չեմպիոնի տիտղոսը և իր քաշային կարգում առաջատար էր: Բայց որքան էլ ահեղ լիներ մրցակիցն ու տիտղոսակիր, Սուրենը մրցագորգ էր դուրս գալիս միմիայն հաղթելու համար: Ու այս անգամ էլ հավաքեց ամբողջ ուժերն ու հաղթեց: Թերևս ՀԱՂԹԵԼՈՒ ԲԱՆԱՁԵՎՍուրեն Աղաջանյանի մարզական կենսագրության ընթացքում ամենադժվար ու պատասխանատու մարտը Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության եզրափակիչ փուլում էր: Կորեացի փորձառու մարզիկը 2024 թվականի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր էր, բայց Սուրեն Աղաջանյանը մասնագիտական ունակություններից զատ մի քանի շատ կարևոր առավելություն ուներ: Դահլիճում Սուրենի զինակից ընկերներն էին, որոնք սպասում էին նրա հաղթանակին ու այդ հաղթանակը նաև իրենցն էին համարում: Սուրենն իր տանն էր, իր հայրենիքում, որտեղ անգամ օդն ու ջուրն էին ուժ տալիս: Վերջապես, Սուրենը շատ էր ուզում, որ Հայաստանում բարձրանա հայկական դրոշն ու դահլիճում Հայաստանի բանակի համազգեստի գույնով ներկված շարքերը ալեկոծվեն ցնծությունից: Սուրենի մյուս մարզիչը՝ Սամվել Գևորգյանը, հաղթելու շատ ավելի պարզ բանաձև ունի՝ եթե շատ ցանկանաս, կհաղթես: Այդ մեծ ցանկությամբ Սուրեն Աղաջանյանը հաղթանակով ավարտեց իր բոլոր մարտերը Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության ժամանակ՝ կորեացուց բացի հետևում թողնելով նաև կոլումբիացի մարզիկին և Ղազախստանը ներկայացնող զինվորականին, որը մեծահասակների Ասիա մայրցամաքի չեմպիոն էր և 2024 թվականի օլիմպիական խաղերի մասնակից:

…Երբ հերթական բարձունքը նվաճված է, Սուրենը նայում է առաջ և բարձրացնում իր մասնագիտական նշաձողը՝ նոր, ավելի մեծ հաջողություններ արձանագրելու համար: Իսկ առջևում Եվրոպայի ու աշխարհի մեծահասակների առաջնության չեմպիոնի կոչումն է և օլիմպիական ոսկին նվաճելու ու Հայաստան բերելու նվիրական երազանքը:

 

Գասպար Տերտերյան

ՀԱՂԹԵԼՈՒ ԲԱՆԱՁԵՎ-Փաստորեն, Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության հայ չեմպիոններից երկուսը Էջմիածնից են, նույն մանկապատանեկան դպրոցի սաներ: Համոզված եմ՝ հարազատ քաղաքը Ձեզ ցնծությամբ է դիմավորել:

-Այո՛, տրամադրությունը տոնական էր, ամեն քայլափոխի մեզ շնորհավորում էին, ջերմ խոսքեր էին ասում: Մենք հյուրընկալվեցինք Էջմիածնի քաղաքապետարանում: Այս վերաբերմունքը մեզ շատ է պարտավորեցնում:

-Իսկ գոտեմարտերի ժամանակ դահլիճի բարձրաձայն ոգևորությունը Ձեզ օգնո՞ւմ էր, թե՞ խանգարում:

-Ես իմ երկրի մայրաքաղաքում էի գոտեմարտում, գիտեի, որ դահլիճում յուրայիններ են ու սպասում են իմ հաղթանակին: Գիտեի, որ դահլիճից լսվող ձայները ինձ գոտեպնդելու համար են: Երբ որևէ գեղեցիկ հնարք էի կատարում, դահլիճից ուրախության ճիչեր էին լսվում: Այդ ամենն, անշուշտ, ոգևորիչ էր: Բացի դրանից, առաջին անգամ դահլիճ էր եկել մայրս: Նախկինում նա միշտ իմ մարտերը դիտել էր հեռուստացույցով: Գուցե տարօրինակ թվա, բայց ես զգում էի մորս ներկայությունը: Բառերով չեմ կարող բացատրել:

-Ձեր հայրը դահլիճում չէ՞ր: Ես գիտեմ, որ նա նույնպես ըմբիշ է:

-Հայրս միշտ կողքիս է: Ե՛վ պապս, և՛ հայրս երիտասարդության տարիներին ըմբշամարտ են պարապել: Երկուսն էլ ցանկանում էին, որ ես իրականացնեմ իրենց անկատար երազանքները: Այսինքն՝ դեռ մանկուց իմ ուսերին մեծ բեռ էր դրված: Հայրս ոչ միայն մրցումների, այլև առօրյա մարզումների ժամանակ էր լինում դահլիճում: Նա միշտ էլ հավատացել է, որ ես մեծ մարզիկ եմ դառնալու, ու փորձել է այդ հավատը փոխանցել ինձ:

-Իսկ մարզի՞չը…

-Ես արդեն 11 տարի է՝ մարզվում եմ նույն մարզիչի՝ Սիմոն Կարապետյանի հետ: Նա նույնպես մեծ ծրագրեր ունի՝ ինձ հետ կապված: Ես անվերապահորեն ենթարկվում եմ մարզիչիս պահանջներին՝ նրա սահմանած ռեժիմին, մարզումների ակտիվությանը, կենցաղավարության, վարքի, պահվածքի կանոններին:

-Կենցաղում մարզիկի վարքը, պահվածքը ի՞նչ կապ ունեն մրցագորգի վրա կատարվող իրադարձության հետ:

-Շատ մեծ կապ ունեն,- պատասխանում է չեմպիոնը անմիջապես ու վստահ: – Անչափ կարևոր է, թե ի՞նչն է քեզ մղում հաղթելու: Ի՞նչ ուժ է դա, հանուն ինչի՞ ես դու գորգ դուրս եկել: Եթե սիրում ես Հայրենիքդ ու ջանում ես փառավորել այն, քո երկրի դրոշը բարձրացնել բոլորից վեր, ապա քո ներսում այդ վեհ նպատակի համար լրացուցիչ ուժեր են արթնանում: Եթե սիրում ես քո հայրենակիցներին, և քեզ համար կարևոր է նրանց ուրախությունը, հպարտությունը, ամեն ինչ անում ես, որ մի նոր հաղթանակի բերկրանք պարգևես նրանց: Ու այդ ցանկությունը քեզ ուժ է տալիս: Պիտի հոգուդ մեջ այնքան սեր ունենաս, որ գորգի վրա մարզական հակառակորդդ գորգից դուրս գալուց հետո մնա սիրելի ընկեր: Փառամոլությունը, նախանձը, նյութապաշտությունը, ամբարտավանությունը, վեհ գաղափարների բացակայությունը թուլացնում են մարզիկին: Անձամբ ես ուզում եմ սիրված լինել, ուզում եմ՝ նրանք ինձ տեսնեն համեստ, բոլորի հանդեպ հարգալի, սիրալիր, օգնող… Հենց սա էլ կոչվում է մարզական խառնվածք:

-Միշտ մտածել եմ, որ մարզական խառնվածքը բնորոշվում է կամքով, համարձակությամբ, համբերատարությամբ, չնահանջելու, չկոտրվելու վճռականությամբ, բայց ոչ համեստությամբ, սիրալիրությամբ ու մարդկանց օգնելու պատրաստակամությամբ:

-Այդ գծերը մարզիկի բնավորության մեջ ձևավորվում են ինքնաբերաբար ու տարիների ընթացքում,- ասում է Գասպարը,-այնպես, ինչպես բանակն է տղային դարձնում ինքնուրույն, ուժեղ, քաջ, կամային… Զինվորը հատուկ ջանք չի թափում, որ կոփի իր կամքը, կամ ինքնուրույն դառնա: Նա նույնիսկ չի էլ նկատում, որ տղամարդկային գեղեցիկ հատկանիշներ է ձեռք բերել կամ ամրապնդել-զարգացրել է ունեցածը:

…Հետո մենք խոսում ենք Գասպար Տերտերյանի մարզական ուղու մասին, տղան պատմում է իր հաղթանակներից ու պարտություններից: Իր տարիքային խմբում աշխարհի չեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի փոխչեմպիոն հռչակված մարզիկը նաև ցավալի պարտություններ է ունեցել: Նա անկեղծորեն պատմում է, թե ինչպես է գրեթե հաղթած մարտը վերջին վայրկյանների ընթացքում մի կոպիտ սխալի պատճառով զիջել հակառակորդին ու որքան ծանր է տարել պարտությունը: Մեծ ջանքերի գնով է հոգեբանորեն վերականգնվել ու երկար ժամանակ տքնաջան, առանց իրեն խնայելու աշխատել է, որ երբեք սխալը չկրկնի: Իսկ Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնությունը Գասպար Տերտերյանի առաջին միջազգային մրցույթն էր արդեն մեծահասակների շրջանում:

-Իհարկե, լարված էի: Ինձ հնարավորություն էին տվել ներկայացնելու Հայաստանի Հանրապետության բանակը: Դա որքան մեծ պատիվ, նույնքան ահռելի պատասխանատվություն էր: Շատ էի ուզում հաղթել: Երբեք այդքան շատ չեմ ցանկացել հաղթել: Դահլիճում զինակիցներս էին, հրամանատարներս, հայրս, հարազատներս… Վերջապես, դահլիճում մայրս էր, որը եկել էր հպարտանալու իր զավակով… ո՞նց պարտվեի: Երեք մարտերի ժամանակ ես ներդրեցի իմ ամբողջ ներուժը… Մրցակիցներս շատ ուժեղ էին: Երեքին էլ հաղթեցի բացարձակ առավելությամբ:

Ես արդեն գիտեմ, թե հոգու խորքում ում է նվիրել իր հաղթանակը Գասպար Տերտերյանը, բայց այդուհանդերձ հարցնում եմ:

-Մորս, Հայրենիքիս, Բանակիս,- պատասխանում է աշխարհի չեմպիոնը:

Խորագիր՝ #39 (1552) 28.11.2024 - 4.12.2024, Բանակ և հասարակություն, Մարզաշխարհ, Ուշադրության կենտրոնում


13/12/2024