ՆՈՐ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ
Օրերս «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանում կայացավ «Հայերի մասնակցությունը Ֆրանսիայի դիմադրության պայքարին» խորագրով մշտական ցուցադրության պաշտոնական բացումը: Ցուցադրությունը բաղկացած է չորս ցուցավահանակներից և երկու ցուցապահարաններից:
Ցուցավահանակներից առաջինը նվիրված է Ֆրանսիայի Դիմադրության շարժման հայ հերոս, բանաստեղծ, լրագրող, Ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշյանին և նրա կողակից ու մարտական ընկեր Մելինե Մանուշյանին՝ ի հիշատակ Մանուշյանի խմբի անդամների գնդակահարության 80-րդ տարելիցի:
Մյուս երկու ցուցավահանակները նվիրված են Ֆրանսիայում 1944-1945 թթ. գործած առաջին խորհրդային պարտիզանական գնդին, որի գերակշիռ մասը եղել են հայեր: Գնդի պատմությունը Հայաստանում ներկայացվում է առաջին անգամ:
Վերջին ցուցավահանակը Ֆրանսիայի Դիմադրության շարժման հայ պարտիզանների ու ընդհատակյա այն գործիչների մասին է, որոնց անունները մինչ այդ մոռացված են եղել:
«Հայերի մասնակցությունը Ֆրանսիայի դիմադրության պայքարին» ցուցադրության ստեղծման սկզբից թանգարանը համագործակցել է Հայաստանի ազգային արխիվի, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի, Հայաստանի պատմության թանգարանի, Երևանի պատմության թանգարանի և Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի հետ: Նոր ցուցադրության նախապատրաստական աշխատանքներին մասնակցել են նաև Երևանի Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական կրթահամալիրի ուսուցիչներն ու աշակերտները, որոնց օգնությամբ որոշ ցուցանմուշների, ինչպես նաև Միսաք Մանուշյանի մեծադիր դիմանկարի համար QR կոդերի գործարկմամբ պատրաստվել են բացատրական բազմալեզու տեքստեր:
Հանդիսավոր արարողությանը ներկա էր նաև Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվյե Դեկոտինյին: Նա ֆրանսիացի մյուս հյուրերի հետ միասին ծանոթացավ ցուցանմուշներին: Դեսպանն իր գոհունակությունը հայտնեց միջոցառման մտահղացման ու հավուր պատշաճի կազմակերպման առիթով և իր տպավորությունները գրառեց թանգարանի պատվո հյուրերի հուշամատյանում՝ ընդգծելով հայ-ֆրանսիական ամուր կապերը:
Արժե հիշատակել, որ Ֆրանսիայում ծնված և տարբեր ժամանակներում այնտեղ բնակություն հաստատած հայերը մեծ դերակատարություն են ունեցել հայ-ֆրանսիական կապերի ամրապնդման գործում, Ֆրանսիայի ազատության և հաղթանակի համար մղված անձնուրաց պայքարում: Բազմաթիվ հայ սպաներ, պարտիզաններ ու ընդհատակյա գործիչներ աչքի են ընկել իրենց սխրանքներով:
Թանգարանի այս նորաբաց ցուցադրությունը պատմական հիշողությունների ներկայացմամբ կնպաստի հայ-ֆրանսիական մշակութային կապերի ամրապնդմանը, երկու ժողովուրդների հարաբերությունների սերտացմանը:
ԱՐՄԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Խորագիր՝ #40 (1553) 07.12.2024 - 14.12.2024, Հոգևոր-մշակութային