Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԲՈՒԺԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆՎԻՐՅԱԼԸ



ԲՈՒԺԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆՎԻՐՅԱԼԸԲուժծառայության փոխգնդապետ Կառլեն Ազատյանը նյարդավիրաբույժ է, իրականացնում է տարբեր բարդության վիրահատություններ: Զինվորական բժիշկն արդեն քսան տարի զինված ուժերում է: Մասնագիտական և ծառայողական ուղին սկսել է Երևանի պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետից։ Երկար ուսանողական ճանապարհ, վեց տարի հիմնական դասընթացի կուրսեր, այնուհետև օրդինատուրա։

 

-Փոքր տարիքից երազել եմ բժիշկ դառնալ: Ընդունվել եմ բժշկական համալսարան, հայրիկիս խորհրդով էլ ընտրել եմ ռազմաբժշկական ֆակուլտետը՝ հետագայում զինվորական բժիշկ դառնալու նպատակով։ Թվում է, թե երկար է ուսումը, կարելի է կրճատել, բայց հետագա գործնական աշխատանքում հասկանում ես, որ գիտելիքների այդ պաշարը անհրաժեշտ է ամենօրյա աշխատանքում: Շատ դեպքերում ուսանողական գիտելիքներն օգնում են անգամ արդեն կայացած բժշկին։

2011 թվականին ավարտելով ինտերնատուրան՝ ստացել է «Լեյտենանտի» կոչում և զբաղեցրել տարբեր պաշտոններ՝ զորամասի բուժկետի բժշկից մինչև բուժկետի պետ, այնուհետեւ զորամասի բուժծառայության պետ։ Բժիշկ Ազատյանին վիրաբուժությունը մշտապես գրավել է, սակայն ամենահոգեհարազատը նյարդավիրաբուժությունն էր, որով էլ շարունակել է մասնագիտական ուղին։

ԲՈՒԺԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆՎԻՐՅԱԼԸ-Ընդունվել եմ կլինիկական օրդինատուրա ՌԴ ռազմաբժշկական ակադեմիայում և երկու տարի նեղ մասնագիտական ուսուցում եմ անցել նյարդավիրաբուժություն մասնագիտությամբ։ Նյարդավիրաբուժության «տիրույթում» հիմնականում գլխի և ողնաշարի վիրաբուժությունն է՝ գանգուղեղային, ողնուղեղային վնասվածքներ և հիվանդություններ, պլանային վիրահատություններ, ճողվածքներ, ստենոզների տարբեր պաթոլոգիաներ և այլն։ Այդ բոլոր վիրահատությունները հոսպիտալում իրականացվում են:

Ռազմական բժիշկ Ազատյանը նաև 2016 թվականի մարտական գործողությունների, 2020 թվականի քառասունչորսօրյա պատերազմի մասնակից է։

-2016 թվականին զբաղեցրել եմ զորամասի բժշկական ծառայության պետի պաշտոնը: Զորամասն ամբողջ կազմով ներգրավված է եղել մարտական գործողություններին: Բժիշկներն իմ գլխավորությամբ զբաղվել են մեր զինծառայողների բուժապահովմամբ: Մեր զորամասում զոհեր չեն եղել, վիրավորների պատշաճ բուժապահովումը կարողացել ենք իրականացնել։

44-օրյա պատերազմի ժամանակ բուժծառայության փոխգնդապետն արդեն կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում էր: Բազմաթիվ վիրավորներ, ծանր, գանգուղեղային վնասվածքներով զինվորներ… Ասում է՝ աշխատել են ուժերի առավելագույն լարումով։

ԲՈՒԺԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆՎԻՐՅԱԼԸ-Ճիշտ է՝ 44 օր հետո պատերազմն ավարտվեց, բայց ոչ մեզ համար: Երկար ու ձիգ ամիսներ տևեց հիվանդների խնամքը, վերականգնումը: Իհարկե, մեր ուղղվածությամբ վիրավորներին մենք ենք սպասարկել, բայց ուզում եմ նշել քաղաքացիական գործընկերների աշխատանքը: Այդքան վիրավորներին ամբողջությամբ միայն մեր ուժերով սպասարկել հնարավոր չէր ուղղակի, դա թիմային աշխատանք էր։

Բուժծառայության փոխգնդապետի գնահատմամբ՝ զինվորական բժշկի գործունեությունը տարբերվում է քաղաքացիականից: Ռազմական բժիշկները խաղաղ և պատերազմական իրավիճակներում միշտ զինվորի կողքին են։ Համատեղելով զինվորական ծառայությունը և բժշկի աշխատանքը՝ նրանք իրականացնում են կարևոր առաքելություն՝ անձնվիրաբար ծառայել հայրենիքին, կատարել իրենց առջև դրված ինչպես բժշկական, այնպես էլ ռազմական խնդիրները:

-Ռազմական բժիշկների և ընդհանրապես բանակի բուժծառայության առանձնահատկությունն այն է, որ զորամասային օղակներից սկսած՝ զինվորի կողքին կա բուժծառայող, լինի սանհրահանգիչ, բուժակ, թե բժիշկ: Այսինքն՝ ապահովված է զինվորի մշտական բուժապահովումը՝ քսանչորսժամյա պատրաստականության մշտական անձնակազմով։

Կառլեն Ազատյանը նշում է՝ ռազմաբժշկությունը կարևոր մասնագիտություն է, որտեղ պարտադիր են թե՛ մեծ նվիրումն ու անմնացորդ ծառայությունը, թե՛ արիասիրտ մարտական ոգին։ Բայց ամենակարևորն այն է, որ զինծառայողների թիկունքում կա որակյալ մասնագիտական բուժծառայություն՝ խաղաղ, թե պատերազմական պայմաններում:

 

ԶԱՐՈՒՀԻ ՌՇՏՈՒՆԻ

Խորագիր՝ #40 (1553) 07.12.2024 - 14.12.2024, Ազգային բանակ


19/12/2024