Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԱՐԶՈՒՄՆԵՐ՝ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՓՈՒԼԻ ԱՎԱՐՏԻՆ



ՄԱՐԶՈՒՄՆԵՐ՝ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՓՈՒԼԻ ԱՎԱՐՏԻՆԶինված ուժերում ավարտին է մոտենում ուսումնական հերթական փուլը: Ուսումնական ստորաբաժանումներում տեսական ու գործնական պարապմունքների ընթացքում հայրենիքի նորօրյա պաշտպանները ջանք ու եռանդ չեն խնայում օրեցօր ավելի կատարելագործվելու, նոր գիտելիքներով ու փորձով զինվելու համար: Նրանք արդեն լավ գիտեն՝ սովորելու վերջնարդյունքը ուղիղ համեմատական է զինվորի ծառայության որակին ու մարտունակությանը:

Հետևում ենք ամառային զորակոչին բանակը համալրած զորակազմի մի մասի առօրյային։ Վերկացից մեկնարկում են դասերը, մարզումները։ Ֆիզիկական պատրաստությունն օրվա առաջին բաղադրիչն է։

-Եթե զինվորը կոփված չլինի, բնականաբար, չի կարող, ասենք, ծանր զենքը վերցնել ու ինչ-որ առաջադրանք կատարել: Հետևաբար, պետք է անընդհատ մարզվել, ամրանալ,- ասում է Նորիկ Թորոսյանը: -Բացի դրանից, բոլորին անհրաժեշտ է կատարելապես տիրապետել ամրակցված զինատեսակին: Տղաները պարբերաբար քանդում-հավաքում են զենքերը, վերհիշում կառուցվածքը, պահում սարքին վիճակում: Նորակոչիկներին օգնում ենք ամեն հարցում, նշում ենք թերացումները, որ շտկեն, սխալներ թույլ չտան ու իրենց կյանքը չվտանգեն:

Ավելի ուշ կարճատև դասն է շարահրապարակում՝ զինվորական կեցվածքի, ողջույնի, զեկույցի ստուգատեսով։ Իսկ պարապմունքների առյուծի բաժինը զորամասից հեռու է։ Օրվա հիմնական ժամանակահատվածը զորքը զորավարժարանում է։ Մարզումներին, ըստ թեմաների, հատկացվում են առանձին ուսումնական կետեր։ Զենքի, զինամթերքի հետ առնչվող բոլոր գործնական դասերն անցկացվում են այստեղ: Տղաները սովորում են, կրկնում, վարպետանում։ Մարտական հերթապահությանն ընդառաջ՝ նման պարապմունքները չափազանց կարևոր են դիրքապահ ծառայությունը գերազանց իրականացնելու համար։

ՄԱՐԶՈՒՄՆԵՐ՝ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՓՈՒԼԻ ԱՎԱՐՏԻՆ-Մենք պարբերաբար գալիս ենք կրակային պատրաստության վարժանքների, գործնական հրաձգություն կատարում: Սկզբում արդյունքներն այդքան էլ լավը չէին, քանի որ կար փորձի պակաս: Աստիճանաբար հմտացանք և հիմա բավականին գոհացուցիչ ցուցանիշներ ունենք,- նշում է ժամկետային զինծառայող Դավիթ Իգիթյանը:

Այստեղ են նաև այն տղաները, որոնք առաջին օրվանից որոշել են դառնալ «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուներ։ Ծառայության հինգերորդ ամիսը լրանալուց հետո նրանք կկարողանան պայմանագիր կնքել պաշտպանական գերատեսչության հետ և տեղափոխվել նախընտրած զորամաս, շարունակել ծառայությունն արդեն պայմանագրայինի կարգավիճակում։ Մինչ այդ, իհարկե, պատրաստության լրացուցիչ փուլ են անցնելու:

Պայմաններին ծանոթ են, արդեն պլանավորել են առաջիկա տարիների անելիքը։ Նրանք գիտակցված ընտրել են «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը, որն իրենց համար լավագույն հնարավորությունն է` ընտանիքի կողքին լինելու, ծառայությանը զուգահեռ կրթությունն ավարտին հասցնելու, ընտանիքի սոցիալական բարեկեցությունն ապահովելու համար:

Բոլորի նման այս տղաներն առաջին օրվանից համոզվել են՝ բանակում կան առաջնահերթություններ։ Դրանցից մեկը անվտանգության կանոնների պահպանումն է։ Զենքի հետ ամենօրյա աշխատանքում արձանագրել են՝ զենքը միայն մետաղական գործիք չէ, այն ուղեկից է, երաշխիք՝ առաքելությունը պատշաճ կատարելու։ Եվ այս ամենը այն դեպքում, երբ զենքը սարքին է, մարտունակ եւ ըստ իր նշանակության է գործադրվում։

ՄԱՐԶՈՒՄՆԵՐ՝ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՓՈՒԼԻ ԱՎԱՐՏԻՆԴասակի, վաշտի, գումարտակի հրամանատարները մշտապես իրենց զորքի հետ են, կրակադաշտում: Հետևում են, վերացնում թերությունները, օգնում կատարելագործելու կարողությունները։ Զինվորը մարտունակ լինելու համար պետք է կարողանա արագ կողմնորոշվել, դիպուկ կրակել, նռնակը ուղիղ նշանակետին հասցնել։ Շատերը դիրքեր են բարձրանալու, սահման են պահելու: Գերազանց վարժվածությունը նրանց խիստ անհրաժեշտ է: Առաջին օրերին գործողությունները անսովոր ու անբնական էին տղաների համար, հիմա ձգտում են մեկը մյուսից առաջ անցնել, յուրաքանչյուրն իր ռեկորդը սահմանել։

Ուսումնական ստորաբաժանման հրամանատար Աշոտ Գևորգյանը նշում է.

-Պարապմունքների ընթացքում խստապահանջ ենք: Կատարողական կարգապահությունը, պարտականությունների գերազանց իմացությունը պարտադիր է: Զինվորը պիտի գործի այնպես, ինչպես գրված է զինված ուժերի կանոնագրքերում:

Նորակոչիկների մարզումները կշարունակվեն մինչև տարվա վերջ, որից հետո նրանք կստանան հասանելիք արձակուրդը և կարճատև հանգստից հետո կմեկնեն յուրաքանչյուրն իր հիմնական զորամաս՝ ստանձնելու հայրենիքի պաշտպանի նվիրական առաքելությունը։

 

ԴԱՎԻԹ ԴԱՎԹՅԱՆ

Խորագիր՝ #40 (1553) 07.12.2024 - 14.12.2024, Ազգային բանակ


19/12/2024