ՄԵԿ ՕՐ ԶՈՐԱՄԱՍՈՒՄ
Սահմանային զորամասերից մեկում հետևել ենք հրետանային ստորաբաժանման պարապմունքներին։ Ուսումնական տագնապի ժամանակ իրենց վարժ գործողություններով զինծառայողները փաստել են՝ նրանք ունեն գիտելիքներ, փորձ և մասնագիտական բարձր պատրաստվածություն։
Մարտունակ բանակի գրավականներից է մարտավարական դասերի ճիշտ ու արդյունավետ կազմակերպումը։ Անձնակազմի կարողություններն ստուգելու ձևերից մեկն էլ ուսումնական տագնապն է։ Զորամասի ստորաբաժանումներն օրն սկսում են հանկարծակի ստուգումներով։ Ստուգվում է ամեն ինչ՝ տղաների զգոնությունը, զենքն ու զինամթերքը, դասակների, վաշտերի ներդաշնակումը…
Այս ամենի մասին մանրամասն լսել են, ավագների տարիների փորձն ուսումնասիրել, թե ինչպես է անհրաժեշտ առաջադրանքը կատարել, ինչպես օգնել զինակիցներին ու ինչպես հաղթահարել դժվարությունները։ Սա, իհարկե, ուսումնական գործընթացի ընդամենը մեկ բաղադրիչն է։ Հիմնական ուսումնառությունը գործնական է, երբ առավել մեծ ուշադրություն են դարձնում մասնագիտական գիտելիքներին։ Օրերով ու նույնիսկ շաբաթներով կարող են լինել դաշտային, անտառային ու լեռնային պայմաններում, տեսականը շոշափելի իրադրության պայմաններում փորձել, համոզվել։
Սցենարը նույնն է նաև հրետանավորների դեպքում։ Գիտեն զորատեսակի պատմությունը, ծանոթացել են հրետանու փառավոր ուղուն և գիտակցում են՝ ինչպիսի հզոր մասնագիտություն է իրենց բաժին հասել։ Ուսումնական տագնապի ժամանակ նրանք տեխնիկան տեղափոխում են կրակային դիրք, բացազատում, կոորդինատները միմյանց հաղորդում, տեխնիկան նշանառում։ Հրետանավորների համար կա չափազանց կարևոր ու պարտադիր պայման՝ արագությունը, ճշգրտությունն ու ներդաշնակումը։ Այստեղ կարևոր են հետախույզը, կապավորը, հաշվարկողը, հրամանատարը։ Շղթայի մեկ օղակի վատ գործելու դեպքում առաջադրանքը ձախողվում է։
Հրետանավոր Գագիկ Մարտիրոսյանն է պատմում իրենց առօրյայից։
-Ամեն օր խնամում, սպասարկում ենք մեր տեխնիկան։ Ուսումնական դաշտում անցկացվում են մարտավարամասնագիտական պատրաստության պարապմունքներ։ Ունենում ենք վարժանքներ՝ ստորաբաժանումը պատրաստականության տարբեր աստիճանի բերելու թեմայով։ Հմտանում ենք, բարելավում ենք մեր գիտելիքները, հակառակ դեպքում մարտական կրակի ժամանակ կթերանանք հաշվարկներում։ Սպաներն ամեն օր աշխատում են մեր մասնագիտական պատրաստվածության բարելավման ուղղությամբ, մենք էլ ձգտում ենք նաև ինքնակրթվել։
Ստուգումների արդյունքները գոհացուցիչ են։ Հրամանատարները բարձր են գնահատում տղաների կարողություններն ու ամենակարևորը՝ նվիրումը գործին ու առաքելությանը։
Ստորաբաժանման հրամանատար Արամ Խաչատրյանն ասում է.
-Հագեցած պարապմունքների ընթացքում տղաներին պատրաստում ենք որպես հրետանավորներ, հմուտ մասնագետներ։ Ուշադրություն ենք դարձնում ինչպես նորմացույցների անհատական կատարմանը, այնպես էլ ստորաբաժանման կազմով խնդիրների կատարմանը։
Գնահատականները բարձր են, հրամանատարները՝ գոհ։ Հանգստի ժամ է հայտարարվում, և տղաներն արդեն գիտեն՝ ում շուրջը հավաքվել և ինչպես վայելել ազատ րոպեները։ Մհեր Մհերյանը զորամասի օրինակելի զինծառայողներից է ու շնորհալի տղա, որ նվագում է, երգում, մշակութային միջոցառումներին է ակտիվ մասնակցում։
-Մինչև ծառայության գալը հրետանու մասին որոշակի պատկերացում ունեցել եմ։ Ու շատ ուրախացա, երբ դարձա հրետանավոր։ Ընդհանրապես, հրետանու դերը բանակում շատ կարևոր է, ու ես դրա մի մասնիկն եմ։ Բայց ես նաև արվեստի մարդ եմ, ու ինձ համար շատ կարևոր էր ծառայության վայրում ունենալ ինչ-որ ազատ մի անկյուն։ Ուրախությամբ նշեմ, որ կա այդ հնարավորությունը. հաճախ լինում եմ գրադարանում, ընթերցանությունից բացի, նվագում եմ, կիթառս այստեղ է։
Տղաները լսում են Մհերի կատարումները, ժպտում։ Յուրաքանչյուրը հիշում է իր տունն ու սիրելիներին, երազում քաղաքացիական կյանքի անելիքների, ապագայի մասին ու շուտ վերադառնում ներկա։ Նրանք այժմ զինվոր են ու դեռ պատվաբեր գործ ունեն անելու։ Նրանք Հայրենիքի պաշտպաններ են։
ԴԱՎԻԹ ԴԱՎԹՅԱՆ
Լուսանկարները՝ ՍԻՓԱՆ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆԻ
Խորագիր՝ #41 (1554) 16.12.2024 - 23.12.2024, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում