Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԻՄ ԱՊՐԵԼԱՁԵՎՆ Է



ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԻՄ ԱՊՐԵԼԱՁԵՎՆ ԷԴեկտեմբերի 18-ին հոբելյանական երեկո էր՝ նվիրված բանաստեղծ, արձակագիր Ղուկաս Սիրունյանի ծննդյան 75-ամյակին: Հուշ-երեկոյին ներկա էին գրչընկերները, մտերիմներն ու հարազատները։ Ներկաների ջերմ հիշողությունները, անցյալի վառ հուշապատումներն առավել ամբողջացրին տաղանդաշատ գրողի, սրտացավ ընկերոջ, իր երկրի ու ժողովրդի  ճակատագրով մտահոգ մտավորականի կերպարը։

-Ղուկասի ինքնատիպ, յուրահատուկ ոճն իր առաջին իսկ գրքից էլ երեւաց: Գյուղական միջավայրի նկարագրությունը, խոսքի ռիթմը, տոնայնությունը, բառերի նրբագեղ հյուսքը գրավեցին ընթերցողին: Նրա գրվածքները միշտ արդիական են, ապրեցնող,- իր խոսքում նշեց Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:

Գրողի հոբելյանի առիթով վերահրատարակվել է հեղինակի լավագույն ստեղծագործություններից մեկը: Իսկ գրականագետ Սեւակ Ղազարյանը հայտնեց, որ հաջորդ տարի նախատեսվում է Ղուկաս Սիրունյանի հատորների հրատարակությունը:

Հուշ-երեկոն ավարտվեց հեռուստատեսային հարցազրույցի մի պատառիկով: Տարիների հեռավորությունից այսօր էլ Ղուկաս Սիրունյանի խոսքը այժմեական է ու ասես մեզնից ամեն մեկին ուղղված ուղերձ լինի. «Անցել եք, չէ՞, ձեր երեխայի կողքով եւ վերմակով ծածկել եք թիկունքը, որ երեխան չմրսի։ Հոգատար ծնողի պես Հայաստանի թիկունքը միշտ պիտի ծածկենք, որ մեր երկիրը չմրսի: Երկիրը կարոտ ունի վերմակի…»։

ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԻՄ ԱՊՐԵԼԱՁԵՎՆ ԷԵրեք տասնյակ չափածո եւ արձակ գրքերի, կինոսցենարների հեղինակ է Ղուկաս Սիրունյանը՝ «Իրիկուն բարի, դարձիր առավոտ», «Մայրամե», «Տապանի վրա», «Իմ թվերը»  «Ուշացած կապիկներ», «Պիղատոսի արցունքները», «Բա՛ց արեք, ես եմ»…

Գրողի ստեղծագործությունները թարգմանվել են տարբեր լեզուներով, գրական վաստակը գնահատվել է տարբեր մրցանակներով։

1998-2010 թվականներին Ղուկաս Սիրունյանը ծառայել է ՀՀ պաշտպանության նախարարությունում: Նրա հրապարակումները ոգեւորում եւ ոգեշնչում էին զինվորին։

Ղուկաս Սիրունյանը մի առիթով ասել է.

-Գրականությունն իմ ապրելաձեւն է, մտածելու, հուզվելու, բարկանալու, հասկանալու, ինքս ինձ հավաքելու, ինքս ինձ շաղ տալու: Գրականությունը մեծ հաշվով մխիթարություն է, որովհետև մարդը տիեզերական անսահմանության, կյանքի անհասկանալիության առաջ պիտի մենակ չմնա:

 

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Լուսանկարները՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

 

ՂՈՒԿԱՍ  ՍԻՐՈՒՆՅԱՆ

 

ԴՐՈՇԸ

 

Նկատած կլինեք՝ զորամասի վարչական շենք մտնելիս մեզ մարտական զգաստությամբ դիմավորում է զորամասի դրոշը։ Գիշեր-ցերեկ նրա կողքին կանգնած է զինվորը՝ դրոշի խորը, խոհուն լռությունն առած իր մեջ, մեկը մեկին շարունակող… Դրոշը նույնն է, իսկ զինվորները, բնականաբար, տարբեր են, հսկում են հերթափոխով… Սակայն ինձ միշտ թվացել է՝ նույն զինվորն է՝ որ զորամասում էլ լինի… Նույն լարվածությունը, նույն զգոնությունն ու զգաստությունը, հպարտության նույն բարձր խորհուրդը ամբողջ կեցվածքում։

Նա այն զինվորն է, որ զորամասային առօրյայում չարաճճի է, աշխույժ, գուցե նաեւ հրամանատարի խստությանն արժանացած։ Սակայն այստեղ, դրոշի կողքին նա անճանաչելի է… Ի՞նչ մոգական ուժ ունի իր մեջ դրոշը, այդ ալ կարմիր կերպասը, որ ահա անհուն երկյուղածության մեջ իրեն է գամել զինվորին։ Այդ դրոշը ինքը գունդն է, գնդի պատվո վավերագիրը։ Եթե չլինի դրոշը՝ չի լինի գունդը։ Ուրեմն, զինվորը դրոշի մոտ կանգնած հսկում է գնդի պատիվը, գնդի գոյությունը։

Տեսե՞լ եք ճակատամարտի ժամանակ ընկնող դրոշի հետ ինչպես է ընկնում մարտնչող զորքի ոգին, եւ ամեն զինվորի համակում պարտության նսեմ շունչը։ Եվ հակառակը՝ ծածանվող դրոշը հուր ու սխրանք է սերմանում զինվորի սրտում, արբեցնում նրան հաղթանակի ներշնչումով։

 

ԲԱ՛Ց ԱՐԵՔ, ԵՍ ԵՄ

 

Հիմա գարուն եմ,

վարարուն եմ,

ձեռքիս վարդ է,

ես եկել եմ, բա՛ց արեք:

Ես արդեն

ամառ ու աշուն եմ,

շուտով ձմեռ կդառնամ,

բա՛ց արեք:

Ես ներսում եմ,

բախում եմ, բա՛ց արեք,

ով էլ լինի` ես եմ,

որովհետև իմ չափ հեռացող

չկար հեռացողների մեջ,

և իմ չափ դարձող

չկար դարձողների մեջ:

 

ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՀԵՏՈ

 

Զինվորը վերադարձել էր պատերազմից,

տանը խնդություն էր անչափելի,

հայրը դուրս քաշեց գոմից սպիտակ գառը

եւ դանակը դրեց վզին` որպես մատաղ,

գոհություն Աստծուն:

Զինվորը չէր կարող տեսնել

անմեղ արյունը թափվող,

եւ գլուխը շրջեց, գնաց պարտեզի կողմ:

Մայրը հետեւեց որդուն`

ձեռքերը տարածած`

աշխարհը գրկելու չափ,

նրան հետեւեց հայրը`

դանակը նետած մի կողմ,

ապա դեպի պարտեզ շարժվեց գառը`

արբած հյութալի խոտի բուրմունքից

եւ ապրիլյան արեւի խուտուտից գժված:

Խորագիր՝ #41 (1554) 16.12.2024 - 23.12.2024, Հոգևոր-մշակութային


26/12/2024