ԳՅՈՒՄՐԵՑԻ ՊԱՊՈՅԱՆՆԵՐԸ
Պապոյանների ընտանիքը բազմանդամ է՝ 16 հոգի: Գյումրեցի Արտուշ Պապոյանը կնոջ, երեք որդիների, հարսների ու թոռների հետ ապրում է մեծ առանձնատանը: Ընտանիքի բոլոր տղամարդիկ նույն մասնագիտությունն ունեն՝ քանդակագործ են: Եթե գոնե մեկ անգամ եղել ես Գյումրիում, անպայման հանդիպած կլինես Պապոյանների՝ հարազատ քաղաքը զարդարող ստեղծագործություններին: Պապոյանների գործերը Գյումրիից հասնում են մոլորակի ամենահեռավոր անկյունները: Քանդակները սփռվել են աշխարհով մեկ, բայց դրանց հեղինակները երբեք չեն հեռացել իրենց ծննդավայրից: Նույնիսկ երկրաշարժի, ցրտի, խավարի տարիներին, մերժելով բոլոր հրավերները, կիսել են իրենց քաղաքին բաժին հասած դժվարություններն ու շարունակել են արարել:
Ընտանիքի միջնեկ որդու՝ Հովհաննեսի նախասիրությունը զանգաշինությունն է: Նրա կերտած 150 զանգերը ղողանջում են աշխարհի տարբեր ծագերում: Հովհաննես Պապոյանի հետ զրույցում գյումրեցի մտավորականների ընտանիքի առինքնող պատմությունն է:
-Հովհաննե՛ս, ինչո՞ւ եք Ձեր ֆեյսբուքյան էջն անվանել Հովհաննես Պապոյաններ:
-Մենք գյումրեցի Պապոյաններն ենք, մեզ այդպել էլ ճանաչում են Գյումրիում և ամենուր: Ես, հայրս, երկու եղբայրներս մի ամբողջություն ենք: Միասին ենք ապրում, միասին ենք աշխատում: Մենք այնքան միաձույլ ենք, միասնական, անբաժանելի, որ դժվար է առանձնացնել:
-Վստահ եմ՝ Ձեր քանդակագործ հայրը ընկերություն է արել գյումրեցի հայտնի արվեստագետների հետ, ու չեմ զարմանա, եթե ասեք, որ նույնիսկ Մհեր Մկրտչյանի հետ եք շփվել:
-Այո՛, մեր տունը արվեստագետների՝ գրողների, նկարիչների, երաժիշտների, դերասանների հավաքատեղի էր: Ռեժիսոր Ալբերտ Մկրտչյանը մեր մշտական հյուրերից էր, իսկ Մհեր Մկրտչյանին մեկ անգամ եմ տեսել մեր տանը: Բայց ես հորս ու մորս հետ ներկա եմ եղել նրա վերջին ներկայացմանը՝ «Հացթուխին կինը» վերնագրով: Ես փոքր էի այդ ժամանակ, բայց հիշում եմ՝ ներկայացումից հետո գնացինք կուլիսներ, հայրս սեղմեց Մհեր Մկրտչյանի ձեռքը, շնորհակալության ու գովեստի խոսքեր ասաց նրան:
-Դուք լսե՞լ եք, թե ի՞նչ էին խոսում այդ հեղինակավոր մարդիկ, երբ միասին էին:
-Հայ ժողովրդի կյանքի, դժվարությունների, Հայաստանի ճակատագրի մասին էին խոսում, խնդիրները լուծելու ուղիներ էին փնտրում: Ու գիտե՞ք՝ ինչն էր զարմանալին՝ ամենաօրհասական, ամենածանր իրավիճակում անգամ չէին կասկածում, որ Հայրենիքի ապագան լուսավոր ու երջանիկ է լինելու: Սիրո, միասնականության, համերաշխության շունչ կար, որը ուժ էր տալիս, գոտեպնդում, խանդավառում էր, չէր թողնում, որ մարդիկ ընկճվեն: Մարդը հուսալքվում է, երբ միայնակ է զգում իրեն:
Ես երբեմն հայրենասիրական երգեր էի երգում մեր հյուրերի համար: Այն երգերը, որ ամեն օր հնչում էին մեր տանը: Հայրենիքի կերպարը իմ մտապատկերում ձևավորվել է հենց այդ տարիներին, երբ քանդակագործ հայրս մերժում էր արտերկրում ապրելու և աշխատելու հրավերները, ապահով, հեշտ, բարեկեցիկ կյանքի հեռանկարը ու լավաշ էր թխում-վաճառում, որ կարողանանք գոյատևել: Ասում էր՝ ամեն մարդ պիտի իր հայրենիքում ապրի, հայրենիքից հեռու ամեն ինչ իմաստազրկվում է: Ու իմ գլխում ակամա խոհեր էին ծնվում Հայրենիքի մասին:
-Իսկ ինչպե՞ս եղավ, որ Արտուշ Պապոյանի երեք որդիներն էլ որոշեցին գնալ հոր ճանապարհով:
-Ուրիշ ճանապարհ չկար։ Երեքս էլ արվեստանոցում էինք մեծացել, ժամերով նայել էինք, թե ինչպես է հայրս աշխատում, ինչպես են ծնվում այն արձանները, որոնք հետո տեսնում էինք մեր ծննդավայր Գյումրիի փողոցներում ու պուրակներում: Դա շատ գրավիչ էր ու կլանում էր մեզ:
-Պապոյան ընտանիքը քանի՞ արձան ունի՝ տեղադրված Գյումրիում:
-Եկեք հաշվենք. «Վարդանանքը»` Վարդանանց հրապարակում, «Հայուհին», «Սասունցին», «Գարեգին Նժդեհը»՝ համանուն հրապարակում, Ջիվանին ու Շերամը, «Հովհարով աղջիկը», Քըրքորյանի արձանը, Մխիթար Գոշի արձանը… Հայաստանում կարծրատիպային կարծիք կա, որ արվեստը եկամտաբեր չէ, բայց դա ճիշտ չէ: Իմ ընտանիքը ֆինանսապես ապահովված է ու բարեկեցիկ կյանքով է ապրում: Մենք հայրական առանձնատնից բացի, նաև երկու տուն ունենք: Ունենք սեփական ձուլարանը, որտեղ ձուլվում են ոչ միայն մեր, այլև մյուս արվեստագետների ու արհեստավորների աշխատանքները: Ինչո՞ւ եմ պատմում այս ամենը, քանի որ նաև ասելու եմ՝ ամեն ինչի հասել ենք տքնաջան աշխատանքով մեր ծննդավայր Գյումրիում: Գուցե որևէ զարգացած երկրում կամ Երևանում մեր ճանապարհն ավելի հեշտ լիներ, կամ ավելի շքեղ ապրեինք, բայց այս ամենը մի բացատրություն ունի՝ մենք սիրում ենք մեր ծննդավայրը, Գյումրին չենք փոխի մոլորակի ոչ մի քաղաքի հետ: «Հեռատես» մարդիկ մեզ առաջարկում էին տուն գնել ոչ թե Գյումրիում, այլ արտերկրում: Ես չեմ ուզում որևէ մեկին քննադատել, բայց տանտիրոջ զգացողությամբ ապրելը ոչ մի շքեղության հետ չես համեմատի:
-Խնդրեմ, պատմեք նաև Պապոյանների՝ արտերկիր ուղարկված հիշարժան գործերի մասին:
-Պիտի նշեմ, որ քանդակների ճնշող մեծամասնության հեղինակը հայրս է, մենք եղբայրներով օգնում ենք նրան, կատարում ենք այն, ինչ հանձնարարում է: Նաև մի քանի գործերի համահեղինակ ենք: Շատ հետաքրքիր պատմություններ կան՝ կապված արտերկրից եկած պատվերների հետ: Տարիներ առաջ հորս զանգեցին Մոսկվայից և ասացին, որ Ռուսաստանի պատրիարքը կոնդակով պատվիրում է քանդակել Հիսուս Քրիստոսի 12 մետր բարձրությամբ արձանը։ Այն պետք է տեղադրվեր սիրիական մենաստանում: Հայրս շատ զարմացավ ու հարցրեց, թե ինչո՞ւ են հենց իրեն ընտրել: Պատասխանեցին, որ Ռուսաստանում մրցույթ է հայտարարվել, բայց 5 տարվա ընթացքում արված գործերից և ոչ մեկը դուր չի եկել պատրիարքին: Եվ նա որոշել է՝ Տիրոջ արձանը պիտի քանդակվի առաջին քրիստոնյա երկրում, հայի ձեռքով: …Որոշ ժամանակ անց, երբ պատրիարքը տեսել էր հորս պատրաստած էսքիզը, ասել էր, որ դա հենց այն է, ինչ ինքը պատկերացրել է: Ռուսաստանի հոգևոր ակադեմիայի ռեկտորը եկավ Հայաստան, անձամբ հանդիպեց հորս հետ: Արձանը կառուցելու համար մենք ստիպված էինք մեծացնել ձուլարանը, որովհետև այն մոտավորապես 4 հարկանի շենքի բարձրություն ուներ…
Ուզում եմ հիշել նաև Սինգապուրի ազգային արխիվի առջև տեղադրված խոլորձների փունջը: Հավանաբար գիտեք, որ Ագնես Ջոաքիմը՝ (Աշխեն Հովակիմյան) հայկական ծագումով սինգապուրցի գիտնական-այգեգործը ստացել է խոլորձի «Միսս Ջոաքիմի Վանդա» հանրահայտ տեսակը, որը Սինգապուրի խորհրդանիշն է։ Արձանի բացմանը ներկա է եղել նաև ՀՀ վարչապետը:
Շատ հետաքրքիր է նաև Տրետյակովյան պատկերասրահում ցուցադրվող բրոնզաձույլ «Ազաբ բաշին», որն իր տարազով, սրով ամբողջացնում է հայկական կոլորիտը և շատ է հետաքրքրում պատկերասրահի այցելուներին:
-Զանգաշինությունն արհեստ է, թե՞ արվեստ…
-Ես հատուկ սեր ունեմ զանգաշինության հանդեպ։ Արդեն 150-ից ավելի զանգեր եմ պատրաստել տարբեր եկեղեցիների համար՝ Հայ Առաքելական, Կաթոլիկ, Ուղղափառ…
Առհասարակ, լավ արհեստավորը ոչ մի բանով չի զիջում արվեստագետին։ Սա իմ կարծիքն է: Նրանցից յուրաքանչյուրը իր գործն է անում, և ոչ մեկի արածը կարևոր չէ մյուսից: Գյումրիում հատուկ հարգանք կա լավ արհեստավորի հանդեպ:
-Ինչո՞ւ միայն Գյումրիում։ Մենք՝ հայերս, լավ արհեստավորներին մեծարում ենք վարպետ, ուստա բառերով ու բարձր ենք գնահատում նրանց աշխատանքը:
-Մնում է, որ երիտասարդների հոգեբանության մեջ էլ արմատավորենք սերը արհեստի հանդեպ, ու նրանք բիզնես ասելով՝ հասկանան ոչ միայն առևտուրը, այլև համոզված լինեն, որ արհեստը նույնպես կարող է բարեկեցության նախադրյալ դառնալ: Ինչ վերաբերում է զանգաշինությանը, նախ՝ ասեմ, որ դրա համար նաև երաժշտական լսողություն է պետք: Ես երաժշտական դպրոց եմ ավարտել, 7 տարի սովորել եմ ջութակի բաժնում։ Իմ զանգերի հնչողությունը երբեք չեմ շփոթի որևէ այլ ձայնի հետ: Իմ զանգերի որոշ մասը զարդանախշ է, եթե պատվերը շտապ չէ, ես սիրում եմ գեղեցկության վերածել ցանկացած իր, առավել ևս՝ զանգերը… Այսքանից հետո ինքներդ որոշեք՝ արհե՞ստ է զանգաշինությունը, թե՞ արվեստ, մանավանդ՝ այդ երկու բնորոշումն էլ իմ սրտով է:
-Դուք ակնհայտորեն երջանիկ մարդ եք: Ինչ էլ պատմեք, մեջը ուրախություն կա… Որո՞նք են Ձեր երջանկության կարևոր նախադրյալները:
-Ես հպարտանում եմ իմ նախնիներով: Պապս լավ արհեստավոր էր՝ խառատ, տատս ուսուցչուհի էր: Նույնքան հպարտ եմ նաև իմ ծնողներով ու եղբայրներով: Մեծ, համերաշխ, սիրով լի ու հարգված ընտանիք ունեմ, որտեղ առայժմ 8 երեխաներ են մեծանում: Ապրում եմ իմ ծննդավայրում, զբաղվում եմ սիրած գործով, որը բարեկեցություն է ապահովում ընտանիքիս համար: Երեխաներս այնպիսի մարդկանցով են շրջապատված, որ հատուկ դաստիարակության կարիք չունեն, հետևում են ավագների օրինակին ու, վստահ եմ, հայրենիքին պիտանի մարդիկ են դառնալու: 44-օրյա պատերազմի առաջին օրերին ես ու ավագ եղբայրս գնացինք զինկոմիսարիատ, որ մեզ ռազմաճակատ տանեն: Ես տեսողության խնդիր ունեմ, ինձ մերժեցին, բայց եղբորս նույն պահին նստեցրին ավտոբուս և ուղարկեցին սահման: Եղբայրս տուն վերադարձավ միայն երեք ամիս անց: Պատերազմի ժամանակ մեր ընտանիքի երեխաները սեփական նախաձեռնությամբ թղթից ինքնաթիռներ էին պատրաստում, ներկում էին եռագույն, վրան գրում էին՝ փա՛ռք հայ զինվորին, վաճառում էին Գյումրիի փողոցներում ու փողն ուղարկում բանակին:
…Եթե կարողանանք մոտ ապագայում նաև երջանիկ երկիր կառուցել, ապա որպես հայ մարդ իմ երջանկությունը լիակատար կլինի:
-Դուք գիտե՞ք երջանիկ երկիր կառուցելու ձևը:
-Գիտեմ. շատ աշխատել, չվազել հեշտ փողի հետևից, բարձրանալիս օգնել, որ ուրիշներն էլ բարձրանան, սեփական երկրում ապրել տիրոջ իրավունքով, ոչ թե վիզ ծռել օտարի առաջ, հայրենասեր, հպարտ, հայրենիքն ու ծնողին սիրող զավակներ մեծացնել։
ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
Խորագիր՝ #41 (1554) 16.12.2024 - 23.12.2024, Հոգևոր-մշակութային, Ուշադրության կենտրոնում