ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԻ ԳԻՏԱԿՑՈՒՄՈՎ
Զինված ուժերում ընթանում է «Պաշտպան հայրենյաց» ծրագրով ժամկետայինից պայմանագրային զինվորական ծառայության անցած անձնակազմի ուսուցումը։ Երեք ամիսների ընթացքում հայրենյաց պաշտպանները ձեռք են բերում անհրաժեշտ հմտություններ ու գիտելիքներ եւ պատրաստվում են որպես տարբեր զորատեսակների մասնագետներ։ Օրեր անց մասնագետների հերթական խումբը կամփոփի ուսումնառությունը։ Ավարտական քննությունները բարձր արդյունքներով հանձնելու դեպքում տղաները նոր ձևաչափով իրենց ծառայությունը կմեկնարկեն զգալի բարձր աշխատավարձով։
Հովհաննես Մարգարյանը պարտադիր ժամկետային զինվորական ծառայության զորակոչվելուց հետո որոշել է անցնել պայմանագրային ծառայության «Պաշտպան հայրենյաց» ծրագրով՝ իրագործելով զինվորական դառնալու վաղեմի երազանքը։
-Հայրս եղել է զինվորական, նրա օրինակով եմ ոգեշնչվել, հասկացել, որ զինվորական կյանքն ինձ համար է,- ասում է Հովհաննեսը։ -«Պաշտպան հայրենյաց» ծրագիրն իսկն ինձ համար է։ Այն մի շարք առավելություններ ունի։ Առաջին հերթին կոփվում ես, զարգանում որպես ռազմական գործի մասնագետ։ Բացի այդ, բնակավայրիս մոտ կծառայեմ, բարձր աշխատավարձ կստանամ, ընտանիքիս ֆինանսական բարեկեցությունը կապահովեմ։ Հիմա արդեն ծառայության հետ մեկտեղ սովորում եմ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի հեռակա բաժնում, սա էլ ոչ պակաս առավելություն է։
Ամեն օր հագեցած պարապմունքներ ենք անցկացնում։ Այսօր, օրինակ, հարցաշարեր ենք լրացրել, իմ բոլոր պատասխանները ճիշտ էին։ Համազգեստս կրելու եմ պատվով, այնպես եմ անելու, որ հարազատներս հպարտանան ինձնով, իմ օրինակով վստահ լինեն, որ հայրենիքի սահմանները ամուր են ու պաշտպանված։
«Պաշտպան հայրենյաց» պատրաստության դպրոցում առօրյան բավականին հագեցած է։ Այստեղ հիմնականում ուսանում են ապագա հրաձիգ-մասնագետները։ Եռամսյա ուսումնական ծրագրի ընթացքում ծրագրի շահառուները զինվում են հիմնարար գիտելիքներով, զարգացնում մարտավարամասնագիտական կարողությունները, ուժերը ներդնում առաջիկա քննություններին պատրաստված ներկայանալու համար։ Նրանցից մեկն է Արման Մանուկյանը։
-Քննություններին պատրաստվում ենք ամենայն պատասխանատվությամբ։ Առաջին հերթին բարելավում ենք մեր ֆիզիկական տվյալները, սովորում ենք մարտավարական դաշտում գործելու ճիշտ եղանակները։ Ամեն ինչ անում ենք գերազանց արդյունք ունենալու համար։ Ծառայելը նախևառաջ պատիվ է, և մենք ձգտում ենք արժանի լինել այդ պատվին։
Ծրագրի մասնակիցների համար ֆիզիկական պատրաստվածությունը չափազանց կարևոր է։ Տղաները պետք է լինեն կոփված ու ամրակազմ, ամրապնդեն դիմացկունությունը և փորձությունները հաղթահարելու կամքը։ «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառու Էրիկ Գևորգյանը նշում է.
-Ամեն օր մի քանի ժամ անցնում ենք ֆիզիկական պատրաստություն, ունենում ենք նաև սպորտային միջոցառումներ։ Ֆիզպատրաստությունը զինվորականի համար առաջնային նշանակություն ունի։ Եռամսյա մարզումների ընթացքում գնահատականս «բավարարից» հասցրել եմ «գերազանցի»։ Նույն կերպ պատրաստ եմ պաշտպանելու հայրենիքս ու կատարելու իմ առջև դրված խնդիրները։
Ուսումնական մեկ այլ կետում զինծառայողները ներգրավված են գործնական պարապմունքներում՝ մարտավարություն են ուսումնասիրում։ Տղաները պետք է զբաղեցնեն համապատասխան տարածքը, նռնակների օգնությամբ վերացնեն խոչընդոտները և մտնեն նախորոշված շինություն։ Այս ամենի նպատակը մեկն է՝ հղկել ու կատարելագործել մարտ վարելու հմտությունները, զարգացնել արագ, գրագետ ու հստակ գործելու արհեստավարժությունը։
Կրակային պատրաստությունն ինչպես յուրաքանչյուր զինծառայողի, այնպես էլ «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուների համար ուսումնառության կարևոր բաղադրիչ է։ Անցած ամիսների ընթացքում տղաները վարժադաշտում սովորել են կրակային ճիշտ դիրք ընդունել, մարտական հրաձգություն կատարել։
Հերթական մարտական հրաձգությունից հետո Դավիթ Ոսկանյանն ասում է.
-Կատարեցի համար 2 կրակային վարժությունը։ Ես լավ արդյունք ունեմ, մշտապես խոցում եմ երեք նշանակետերը, այս անգամ էլ բացառություն չէր։ Քաջ գիտակցում եմ իմ առջև դրված խնդիրները և պատրաստ եմ պաշտպանելու իմ հայրենիքը:
Եվ այսպես, «Պաշտպան հայրենյաց» ծրագիրն ընտրած հերթական խումբը շուտով կհանձնի ամփոփիչ և ատեստավորման քննությունները։ Տղաներից յուրաքանչյուրը կուղևորվի իր իսկ նախընտրած զորամասը՝ կատարելու զինվորական պարտքն ու հայրենյաց պաշտպանի իր առաքելությունը։
Նրանք մեծ ոգևորությամբ են խոսում ծրագրի ընձեռած արտոնությունների, այդ թվում՝ պայմանագրի ավարտին 5 մլն դրամ պատվովճար ստանալու հնարավորության մասին։ Բայց բոլորի համար առաջնայինը զինվորական պարտքի գիտակցումն ու հայրենիքի պաշտպանությունն է։
ԼԱՈՒՐԱ ՄԱՄՅԱՆ
Խորագիր՝ #41 (1554) 16.12.2024 - 23.12.2024, Ազգային բանակ