Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ԱՄՓՈՓԻՉ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ



ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ԱՄՓՈՓԻՉ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸԶորամասերում մեկնարկել են ամփոփիչ քննությունները։ Ուսումնական կենտրոններում ստուգում են ամռանը զորակոչվածների կարողությունները հիմնական զորամասեր ուղարկելուց առաջ։ Զինվորներն այս կես տարվա ընթացքում սովորել են մասնագիտություններ, ձեռք են բերել անհրաժեշտ հմտություններ: Մինչև հիմնական տեղակայման վայր մեկնելը տղաները կգնան տուն, իսկ կարճատև հանգստից հետո կվերսկսեն ծառայությունը արդեն նախանշված զորամասերում։

 

Ուսումնական փուլի ավարտին շարահրապարակում անձնակազմին ողջունում, հաջողություն են մաղթում սպաները՝ վստահեցնելով, որ ուսումնական զորամասում ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները ծառայելու են բանակի մարտունակության ամրապնդմանը։

Նախքան օրվա կարգացուցակով նախատեսված ստուգարքների անցկացումը՝ հանձնաժողովի անդամները ստուգում են անձնակազմի հանդերձանքը, կցագրված զենքերն ու նյութական միջոցները, հետաքրքրվում պարտականությունների իմացությամբ։ Ամփոփիչ քննությունների մեկնարկին նվիրված շարային ստուգատեսն ավարտվում է զինանձնակազմի հանդիսավոր երթով։

Ըստ վաշտերի՝ զինծառայողները հանձնում են ստուգարքային չափորոշիչները։ Բոլորը համակված են քննաշրջանը բարձր արդյունքներով ամփոփելու և զինված ուժերին օգտակար լինելու տրամադրվածությամբ: Վստահեցնում են՝ լիարժեք պատրաստ են հետագա ծառայությանը: Ամառային զորակոչի ընթացքում ուսումնական այս ստորաբաժանումը համալրած զինվորները մի քանի ամիս սովորել են, պատրաստվել որպես տարբեր զորատեսակների մասնագետներ։ Այժմ սովորածն ամփոփելու և գիտելիքը գործնականում կիրառելու հմտությունները ցուցադրելու ժամանակն է։

ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ԱՄՓՈՓԻՉ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ-Ուսումնական փուլի ընթացքում լավ պատրաստվել ենք,-ասում է ժամկետային զինծառայող Առաքել Գրիգորյանը: -Իհարկե, դժվարություններ կան, բայց փորձում ենք պատվով հաղթահարել դրանք: Բոլորս տրամադրված ենք քննությունները հանձնել բարձր գնահատականներով:

Ուսումնական կետերից մեկում ստուգվում են զինծառայողների մարտավարական հմտությունները։ Վարժաձևերի հստակ կատարման ու բարձր գնահատական ստանալու գլխավոր նախապայմանը արագ և ճկուն գործելն է։ Եվ սա ինքնանպատակ չէ, քանի որ ցանկացած բարդ ու անկանխատեսելի իրավիճակում զինծառայողը պետք է կարողանա կողմնորոշվել առավել արագ, լինել ֆիզիկապես կոփված՝ դժվարությունները հաղթահարելու և առաջադրված խնդիրը օպերատիվ ու արդյունավետ կատարելու համար։

Մարտ վարելու և տարբեր իրավիճակներում մարտավարական ճիշտ հնարքներ կիրառելու զինծառայողների հմտությունները ստուգվում են ոչ միայն անհատապես, այլ նաև խմբային ձևաչափով։ Այս դեպքում մեկը մյուսին աջակցելու, խուսավարելու, միասնաբար մարտական խնդիր կատարելու և գործողությունները ներդաշնակ իրականացնելու ունակություններն են գնահատվում։

-Քաջ գիտակցում ենք ծառայության կարևորությունը: Բոլորս էլ մեծ փորձ ու գիտելիքներ ենք ձեռք բերել անցած ամիսների ընթացքում ու պատրաստ ենք ավելի զարգացնել ու ավելացնել դրանք։ Ամեն ինչ անում ենք մարտունակ զինվորներ լինելու, հայրենիքին օգուտ տալու համար,- վստահեցնում է Սերգեյ Անդրեասյանը:

ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ԱՄՓՈՓԻՉ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸՀաջորդը կրակային պատրաստության ստուգարքն է, որը գերազանց հանձնելու կանոնները պարզ են։ Զինծառայողները պետք է դիպուկ խոցեն տարբեր հեռավորության վրա գտնվող անշարժ և շարժվող թիրախները, ճիշտ ուղղությամբ ու հեռավորությամբ նետեն ուսումնական նռնակները։ Այս և մի քանի այլ ստուգարքների արդյունքները համադրելով՝ զորամիավորման հրամանատարի տեղակալ Գրիգոր Բաբայանը իր նախնական գնահատականն է տալիս.

-Ամփոփիչ քննությունները ենթակա անձնակազմի մարտական պատրաստության գործընթացի արդյունավետությունը գնահատելու, թիրախային աշխատանքներ իրականացնելու, առկա թերությունները վերացնելու, ինչպես նաև ունեցած հաջողությունները զարգացնելու միջոց է։ Քննությունների արդյունքներով տիրապետում ենք ստորաբաժանումների պատրաստվածության ընդհանուր մակարդակին։ Դա հատկապես կարևոր է նաև նրանով, որ անձնակազմը համալրելու է մեր զինված ուժերի այլ զորամասերը, ու մենք կունենանք զինծառայողների որակների և կարողությունների իրական պատկերը, կիմանանք՝ հետագա պարապմունքների ժամանակ ինչի վրա դնենք հիմնական շեշտը: Առայժմ կարող եմ ասել, որ անձնակազմն ընդհանուր առմամբ պատրաստված է, ես գոհ եմ արդյունքներից:

Քննաշրջանի ավարտին զինվորները կմեկնեն կարճատև արձակուրդ, որից հետո հետագա ծառայությունը կշարունակեն նախապես վիճակահանությամբ որոշված զորամասերում։ Իսկ քննությունների արդյունքները դեռ կամփոփվեն և մասնագիտական ավելի խոր վերլուծության կենթարկվեն: Այդ ժամանակ պարզ կլինի, թե որքանով է արդյունավետ կազմակերպվել ուսուցումը, և ինչ լրացումներ է հարկավոր կատարել հաջորդ ուսումնական շրջանում։

 

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՌԱՇՅԱՆ

Խորագիր՝ #41 (1554) 16.12.2024 - 23.12.2024, Ազգային բանակ


26/12/2024