Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿՈՓՎԵԼ, ԿՐԹՎԵԼ, ՀՄՏԱՆԱԼ



ԿՈՓՎԵԼ, ԿՐԹՎԵԼ, ՀՄՏԱՆԱԼՈւսումնական զորամասերից մեկում ենք՝ հրետանավորների դարբնոցում, որը տարիներ շարունակ բանիմաց եւ որակյալ մասնագետներ է կրթում մեր բանակի համար: Զորամասում քննական եռուն շրջան է: Անձնակազմը ստուգարքներ և ավարտական քննություններ է հանձնում:

 

Մասնագիտական հանձնաժողովները մանրակրկիտ ստուգում եւ գնահատում են  ուսումնական փուլի ընթացքում անձնակազմի ստացած գիտելիքներն ու ձեռք բերած հմտությունները:

-Կուրսանտները, ավարտելով ուսումնառության ծրագիրը, հաշված օրեր անց  կհամալրեն կրտսեր հրամանատարների շարքերը: Քննական նախնական արդյունքները դրական են: Ուսումնական փուլի ընթացքում սպայակազմը ջանք ու եռանդ չի խնայել տղաների որակյալ ուսուցումն ապահովելու նպատակով: Կարծում եմ՝ մեր շրջանավարտները, համալրելով իրենց հիմնական զորամասերը, պատշաճ կիրականացնեն պարտականությունները, կնպաստեն մեր բանակի մարտունակության առավել ամրապնդմանը,- վստահեցնում է զորամասի հրամանատար, գնդապետ Աշոտ Սարգսյանը:

ԿՈՓՎԵԼ, ԿՐԹՎԵԼ, ՀՄՏԱՆԱԼԿուրսանտ Հայկ Մուրադյանը առաջիններից է դուրս գալիս քննասենյակից: Դեմքին գոհունակ ժպիտ է՝ տեխնիկական պատրաստությունից գերազանց գնահատական է ստացել:

-Առջեւում դեռ մասնագիտական, կրակային պատրաստության քննություններն են, կաշխատեմ դրանք էլ գերազանց հանձնել:

Նախքան ծառայությունը Հայկը Երեւանի տարածաշրջանային պետական քոլեջի դերասանական արվեստի բաժինն է ավարտել գերազանցության դիպլոմով, կրթությունն էլ հետագայում այդ ուղղությամբ է շարունակելու:

-Ինչ ուղղությամբ էլ մասնագիտանաս, պիտի լիարժեք, հնարավորինս անթերի տիրապետես գործիդ, անընդհատ աշխատես կատարելագործվել: Ոչ մի ասպարեզում կիսատ-պռատությունն ընդունելի չէ, առավել եւս՝ զինվորական գործում: Այստեղ մանրուքներ չկան, այսօր ուսման մեջ անգամ աննշան թերացումը վաղը կարող է մարտի դաշտում ճակատագրական լինել,- ասում է Հայկը:

Հայկը բանակ է զորակոչվել զինվորական գիտելիքներին քիչ թե շատ քաջածանոթ՝ պատանի երկրապահ է եղել:

– Ճիշտ է, որոշակի  գաղափար ունեի բանակային կանոնակարգված կյանքից, բայց, ամեն դեպքում, սկզբում բավականին դժվար էր ու բարդ՝ նոր միջավայր, նոր ընկերներ, քնել-արթնանալը, սնվելը, մարզվելը, հանգստանալն ըստ սահմանված ժամանակացույցի… Ինչևէ, ծառայության ամեն օրը քեզ կոփում է, ամրացնում ֆիզիկապես, կրթում հոգեպես, հասունացնում գաղափարապես: Դու կարեւորում ես քո դերը հայրենիքի պաշտպանության սրբազան գործում, առավել հստակ գիտակցում՝ պատիվ է քո երկրի զինվոր լինելը:

ԿՈՓՎԵԼ, ԿՐԹՎԵԼ, ՀՄՏԱՆԱԼԿուրսանտ Մուրադյանը հրանոթի ապագա հրամանատար է:

-Հայրս էլ է ժամկետային ծառայության ժամանակ այստեղ ծառայել, ինքն էլ է հրետանու մասնագետ  եղել ու  հրետանու կարեւորության, հուժկու զարկի  մասին  շատ է պատմել: Հրետանին միայն զենք չէ, ճշգրիտ գործելու արվեստ է: Հրետանավորներիս գերխնդիրն է  մեր զինատեսակին արհեստավարժ տիրապետելը: Բոլորովին վերջերս մարտական հրաձգության ենք մասնակցել, լավ արդյունքներ ենք ցուցաբերել: Ուսումնառության ընթացքում նաեւ ճամբարային հավաքի ենք մասնակցել, տեսական գիտելիքներն ամրապնդել գործնական դաշտային վարժանքներով։

-Կոփվել, կրթվել, հմտանալ՝ այս սկզբունքով ենք առաջնորդվում: Միանշանակ, մասնագիտական հմտություններին տիրապետելը վստահ ու անսխալ գործելու վճռականություն է հաղորդում,- զինընկերոջ խոսքն ամբողջացնում է կուրսանտ  Արտյոմ Ասրյանը:

Զինվորականի ընտանիքում է մեծացել Արտյոմը, հայրը պահեստազորի փոխգնդապետ է:

ԿՈՓՎԵԼ, ԿՐԹՎԵԼ, ՀՄՏԱՆԱԼ-Հայրս էլ, եղբայրս էլ մարտական գործողությունների մասնակից են, իրենց ներդրումն ունեն հայրենի եզերքի պաշտպանության գործում: Ես էլ որոշել եմ  «Պաշտպան հայրենյաց» ծրագրով ծառայել: Արդեն դիմումը գրել եմ:  Հեռուստացույցով եմ տեղեկացել ծրագրի հնարավորությունների մասին: Հինգ տարի կծառայեմ հայրենիքիս, կունենամ կայուն աշխատանք ու բարձր աշխատավարձ, ընտանիքիս մոտ կլինեմ, հեռակա ուսուցմամբ կշարունակեմ կրթությունս:

Արտյոմը ականանետային ջոկի ապագա հրամանատար է, մասնագիտական քննությունից գերազանց  գնահատական է ստացել:

-Այս կարճ ժամանակահատվածում մասնագիտական հիմնարար գիտելիքներ եմ ստացել։ Սիրում եմ զենքս: Հրետանին նաեւ ոգեղեն զենք է, ոգեւորում է անձնակազմին, երբ իր կրակով ճնշում է հակառակորդի առաջխաղացումը, նպաստում մեր հետեւակի վստահ գործելուն:

-Քննություններից հետո մեզ արձակուրդ են տրամադրելու: Հետո նախորոշված ծառայավայրեր կմեկնենք արդեն կրտսեր սերժանտի կոչումով՝ որպես կրտսեր հրամանատարներ: Ուսումնական զորամասում ստացած գիտելիքներն ու հմտությունները կփոխանցենք զինակից ընկերներին: Դրա համար էլ ուսումնառության ամեն րոպեն հնարավորինս նպատակային ու արդյունավետ ենք օգտագործել՝ պարզորոշ գիտակցելով պատասխանատվության մեր բաժինը,- զրույցն ամփոփում է հրանոթի հրամանատար, կուրսանտ Մանվել Սողոմոնյանը:

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Լուսանկարները՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #41 (1554) 16.12.2024 - 23.12.2024, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


26/12/2024