ՀԱՃԵԼԻ ԱՆԱԿՆԿԱԼ ԶԻՆՎՈՐՆԵՐԻՆ
Տարեվերջին տոնական տրամադրությամբ ու անակնկալ այցով զորամասերից մեկում հյուրընկալվել է ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանը որդու՝ տասնմեկամյա Վաչեի հետ։
Այցի առաջին կանգառը մարտական հենակետերում է։ Հայտնի մարզուհին եղավ այնտեղ, որտեղ ժամկետային զինծառայողները օրնիբուն մարտական հերթապահություն են իրականացնում՝ անկախ եղանակային պայմաններից և օրացույցի տոնական օրերից։
Դիրքի ավագը ուղեկցում է Նազիկին դեպի դիտարկման կետեր: Կին ծանրորդը հանդիպում է մարտական հերթապահություն իրականացնող տղաներին, հետաքրքրվում նրանց առօրյայով։ Տղաները պատմում են իրենց ծառայությունից: Առաջին անգամ լինելով մարտական հենակետում՝ Նազիկ Ավդալյանը զինվորներին է փոխանցում իր տպավորությունները, երախտագիտություն հայտնում նրանց նվիրված ծառայության համար:
-Իրականում այն ամենը, ինչ մենք անում ենք, միայն ձեր աշխատանքի շնորհիվ է: Ես ուզում եմ, որ դուք միշտ ծառայեք խաղաղ պայմաններում, թող Աստված միշտ ձեզ հետ լինի: Մենք էլ կարողանանք մեր գործը հանգիստ անել ու ձեզ հպարտանալու բազում առիթներ տալ:
Դիրքում շրջելուց հետո Նազիկ Ավդալյանն անկեղծանում է.
-Ինչքան էլ ասեն՝ մենք գիտենք զինվորի կյանքը, պատկերացնում ենք նրա գործի ծանրությունը, միևնույն է, մինչև այստեղ չես լինում, ամբողջությամբ չես գիտակցում զինվորական կյանքի դժվարությունը, ծանրաբեռնվածությունն ու պատասխանատվությունը: Այժմ ես գոնե որոշ չափով պատկերացում ունեմ այդ ամենի մասին:
Մարտական հենակետ այցից հետո աշխարհի չեմպիոնը զինվորների հետ շտապում է զորամասի ճաշարան։ Ճաշացանկը, ինչպես միշտ, բազմազան է, սննդարար և համեղ։ Ուտեստների լայն տեսականին տպավորում է նաեւ ծանրամարտի վարպետին:
2009 թվականի ծանրամարտի աշխարհի առաջնությունում ոսկե մեդալ նվաճած մարզուհուն հետաքրքրում է նաև, թե ինչ պայմաններում են զինվորները մարզվում, զարգացնում իրենց ֆիզիկական հմտությունները: Մարզադահլիճում նրան ներկայացնում են մարզական գույքը, զինվորների մարզվելու կարգը: Մարզուհին պարապմունքներն առավել արդյունավետ դարձնելու մի քանի կարևոր խորհուրդ է տալիս:
Իսկ լսարաններից մեկում Նազիկ Ավդալյանը հետևում է, թե ինչպես են զինվորները սերտում մասնագիտական առարկաները: Բնականաբար, շուտով դասաժամն ընդհատվում է, շարունակվում կարճ զրույցից հետո: Զինվորները նաև իրենց հետաքրքրող հարցերն են ուղղում Նազիկ Ավդալյանին:
-Լավ եղեք. դրանից է կախված մեր արտաքին և ներքին խաղաղությունը: Ես տեսա, թե մենք ինչ ոգի ունենք բանակում և իմ տպավորություններն անպայման փոխանցելու եմ ծանոթներիս: Շնորհակալություն ձեզ:
Տղաներից մեկն արձագանքում է.
-Հարգելի՛ Նազիկ, Ձեր խոսքում նշեցիք, որ երկրում կատարվող ամեն լավ բան, զարգացում նաև զինվորի շնորհիվ է: Իմացեք՝ Ձեր այցից հետո մեր ոգևորությունն ավելի մեծ է լինելու:
Քիչ անց տղաները ներկայացնում են իրենց զորանոցի պայմանները, պատմում են ծառայության մասին: Երկուստեք հետաքրքիր խոսքուզրույց է ծավալվում:
Արդեն հրաժեշտի պահն է: Հանդիպման ավարտին դարձյալ շնորհակալական խոսքեր են հնչում հայրենիքի պաշտպաններին՝ սահմանն ու երկիրն ամուր և ապահով պահելու համար:
-Իմ շա՜տ սիրելի եղբայրներ, շնորհավորում եմ ձեր գալիք Ամանորը, Սուրբ Ծնունդը, ցանկանում եմ բարի ծառայություն, բարի վերադարձ ձեր օջախներ: Թող առաջիկա տարիները լինեն միայն ու միայն խաղաղության, բերքառատության և ոգու ամրության տարիներ: Միշտ եղեք այսպես ուժեղ ոգով, ինչպես ես ձեզ տեսա: Թող իրականանան բոլորիդ երազանքներն ու նպատակները:
Չափազանց տպավորված և հուզված է հեռանում զորամասից Նազիկ Ավդալյանը՝ խոստանալով հետագայում նման այցերով լինել այլ զորամասերում ևս: Տպավորված է նաև նրա որդին՝ Վաչեն:
-Ընտիր էր, մա՛մ, ես շատ ոգևորված եմ: Ուզում եմ անպայման ծառայել, բարձր պահել մեր հայրենիքի դրոշը, ինչպես և դու:
ԶԱՐՈՒՀԻ ՌՇՏՈՒՆԻ
Խորագիր՝ #42 (1555) 24.12.2024 - 31.12.2024, Բանակ և հասարակություն