Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԲԱՆԱԿԻ ԳԻՏԱԿԱՆԱՑՈՒՄԸ ԺԱՄԱՆԱԿԻ ՀՐԱՄԱՅԱԿԱՆ Է



ԲԱՆԱԿԻ ԳԻՏԱԿԱՆԱՑՈՒՄԸ ԺԱՄԱՆԱԿԻ ՀՐԱՄԱՅԱԿԱՆ ԷԶրույց ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ ԱՇՈՏ ՍԱՂՅԱՆԻ հետ

 

-Գաղտնիք չէ, որ ժամանակակից բանակների ուժի ու մարտունակության հիմքում գիտական նվաճումներն ու նորարարություններն են: Որո՞նք են Հայաստանի պաշտպանության նախարարության ու Գիտությունների ազգային ակադեմիայի համագործակցության կարևորագույն ուղղությունները, և համատեղ աշխատանքը զարգացնելու, ընդլայնելու, առավել արդյունավետ դարձնելու ի՞նչ հեռանկարներ եք տեսնում:

-Գիտական նվաճումները, նորարարությունները ռազմարդյունաբերության մեջ ուղղակիորեն պայմանավորում են բանակի սպառազինության որակը և ռազմական գործողությունների ժամանակ դառնում են հաջողության հասնելու կարևոր նախադրյալներից մեկը, եթե չասեմ՝ կարևորագույնը: Վերջին շրջանի հակամարտությունները ամբողջ աշխարհում ասվածի վկայությունն են: Արդի բանակներն ու ռազմական բախումներն էապես տարբերվում են նույնիսկ մի քանի տասնամյակ առաջվա իրողություններից: Ժամանակակից պատերազմները «գիտության պատերազմներ են»՝ սկսած անօդաչու թռչող սարքերից մինչև գերճշգրիտ հրթիռներ, որոնք էլ հենց որոշում են պատերազմի ելքը: ՀՀ զինուժի պաշտպանական միջոցները հզորացնելու համար մենք նույնպես գնում ենք գիտության ու ռազմարդյունաբերության կապն ամրապնդելու ճանապարհով: Ինքս ռազմարդյունաբերական խորհրդի անդամ եմ և անձամբ մասնակցում եմ բազմաթիվ հավակնոտ ու արդիական ծրագրերի քննարկմանը: Միևնույն ժամանակ, կարծում եմ, որ պետք է ավելի լայնածավալ միջոցառումներ իրականացնել բանակի գիտականացման համար, դա ժամանակի հրամայական է: Ճիշտ կլինի ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կազմում ստեղծել կենտրոններ, որոնց գլխավոր ուղղությունը կլինի ժամանակակից բարձր տեխնոլոգիաների պահանջներին համապատասխան հետազոտությունների իրականացումը՝ ուղղված ռազմարդյունաբերական ներուժի հզորացմանը։ Պետությունը հզոր է, եթե ունի հզոր բանակ։ Այս ճշմարտության գիտակցումով հայ գիտական միտքը ամենայն նվիրումով բանակի կողքին է:

-Վերջերս Գիտությունների ազգային ակադեմիայի պատվիրակությունը պաշտպանության նախարարի ուղեկցությամբ ու Ձեր գլխավորությամբ այցելեց սահմանագոտի՝ ծանոթանալու առաջնագծի կահավորման և ընթացող ինժեներաշինարարական աշխատանքներին: Ինչպիսի՞ տպավորություններով վերադարձաք դիրքերից:

-Մենք ուրախ ենք, որ նման այցելություն կազմակերպվեց, և հնարավորություն ունեցանք սեփական աչքերով տեսնելու առաջնագծում կատարված ինժեներաշինարարական աշխատանքները: Ասեմ, որ միանգամից արձագանքեցինք առաջարկին, որովհետև բոլորիս էլ հետաքրքրում էր, մտահոգում, թե ինչպիսին է իրավիճակն առաջնագծում։ Մենք տեսանք կատարված և կատարվող աշխատանքները, պաշտպանական դիրքերն ամրապնդելուն ուղղված քայլերը, ստեղծված պաշտպանական համակարգերը, որոնք կարող են լուրջ հակազդեցություն ապահովել անհրաժեշտության դեպքում: Եվ ինչպես տեղեկացանք նախարարից, այդ աշխատանքները շարունակական են, նախատեսվում է ՀՀ ամբողջ սահմանի երկայնքով կառուցել պաշտպանական հզոր գոտիներ։

-Գիտնականների այցելություններն առաջնագիծ, ճանաչողական նշանակությունից զատ, կարո՞ղ են համագործակցության նոր ուղիների, նոր առաջարկների, նոր մտահղացումների առիթ դառնալ:

-Իհարկե, այդ հանդիպման ժամանակ տեղում քննարկվել են բազմաթիվ հարցեր: Մեր գիտնականները՝ ֆիզիկոսները, մեխանիկները, կարևոր խնդիրներ են բարձրացրել, որոնք բանակի ներկայացուցիչներն անմիջապես արձանագրել են։ Նախարարն անձամբ ներկա էր հանդիպմանը: Միջոցառումը շահավետ էր նաև նրանով, որ պայմանավորվեցինք ընդլայնել մեր համագործակցությունը, գիտնականների կապը նախարարության համապատասխան անձնակազմի հետ դարձնել ավելի սերտ և համատեղ ծրագրերը կյանքի կոչելու արդյունավետ քայլեր անել: Գիտական միտքը, գիտական ներուժը էական դեր ունի բանակի մարտունակության բարձրացման և պաշտպանական միջոցների կատարելագործման գործում։

-Որպես գիտնական և որպես ՀՀ քաղաքացի՝ ի՞նչ կարծիք ունեք բանակում ընթացող բարեփոխումների վերաբերյալ: Եկեք խոսենք կանանց ներգրավվածությունը բանակում ընդլայնելու, ռազմական բուհերում ու ժամկետային ծառայության մեջ նրանց ընդգրկելու նախաձեռնության դրական և բացասական կողմերի մասին:

-Կանանց ներգրավվածությունը բանակում, իհարկե, խրախուսելի է։ Կանայք կարող են օգտակար գործունեություն ծավալել ցանկացած միջավայրում, այդ թվում՝ գիտական, գիտարտադրական, ինչպես նաև պաշտպանության համակարգում։ Փորձը վկայում է, որ կանայք լավ դիպուկահարներ են, ռազմական բժիշկներ եւ այլն: Այսօր նրանք բանակում նույնիսկ լավ հրամանատարներ են: Բացի այդ, զինվորի կողքին հայ կինը մայր է, քույր է, ինչ պաշտոն էլ ունենա: Կնոջ կողքին զինվորի ոգին, ուժը, համարձակությունը բազմապատկվում են:

-Պաշտպանության նախարարությունը սպայի մասնագիտությունն առավել գայթակղիչ դարձնելու ուղիներ է որոնել բանակի կազմավորման առաջին օրվանից՝ զանազան առանձնաշնորհումներից մինչև բարոյախոսական ու գաղափարական քարոզչություն: Ձեր կարծիքով՝ ո՞րն է այն ճանապարհը, որի հանգրվաններից մեկում բանակի սպայական կազմը կհամալրվի երկրի գիտական, մշակութային, քաղաքական էլիտայի զավակներով և հանրակրթական դպրոցի շրջանավարտների սերուցքով։

-Ես դրական եմ վերաբերվում բանակի անձնակազմը որակյալ կադրերով համալրելու կարևոր նպատակի իրագործմանը միտված բոլոր գործնական և արդյունավետ քայլերին: Ապագա սպաների հանդեպ պետք է էլ ավելի առատաձեռն լինել, եթե խոսքը վերաբերում է առանձնաշնորհումներին: Երբ երիտասարդ էի, երկար տարիներ սեփական բնակարան չունեի ու պատկերացնում եմ, թե որքան կարևոր է բնակարանը հատկապես երիտասարդ սպայի համար, որը ծառայում է ընտանիքից հեռու: Բնակարան ունենալ նշանակում է հանգիստ լինել, որ ընտանիքդ գլխավերևում ծածկ ունի: Մտածել, որ պետությունը կարևորում է քո ծառայությունը, կանգնած է քո թիկունքին՝ կենցաղային խնդիրների լուծման հարցում, և դու կարող ես ամբողջ ուժդ, միտքդ ուղղել քո մասնագիտական պարտքը կատարելուն: Այդ առանձնաշնորհումը նաեւ ուղերձ է հասարակությանը, թե որքան կարևոր է հայրենիքի պաշտպանությունը, սպայի աշխատանքը մեզ համար:

Հնարավոր բոլոր միջոցներով պետք է կարևորենք զինծառայողին ու նրա գործունեությունը: Մանկապարտեզից սկսած պիտի սեր, ակնածանք ու պաշտամունք արթնացնենք մարդու հոգում հայրենիքի պաշտպանության գաղափարի հանդեպ: Զինվորականությունը պիտի լինի մեր հասարակության ամենահարգված խավերից: Սպան պիտի սոցիալապես պաշտպանված լինի, բարոյապես մեծարված, սիրված: Միայն այս ճանապարհով մենք կհասնենք մի հանգրվանի, որտեղ սպա դառնալը կլինի պատիվ, իսկ բանակից խուսափելը ոչ միայն օրենքով հետապնդվող հանցանք, այլեւ հասարակական պարսավանքի արժանացող, մերժելի արարք:

-Այսօր, վստահ եմ, յուրաքանչյուր հայ մարդ առաջին հերթին խաղաղություն է ուզում իր ընտանիքի ու երկրի համար: Ձեր կարծիքով, ո՞վ է խաղաղ ժամանակների հերոսը: Ովքե՞ր են երաշխավորում խաղաղ, բարեկեցիկ, արդար ու պաշտպանված Հայաստանի երազանքի իրականացումը:

-Մեր ժամանակի հերոսը իր երկիրը սիրող, պաշտպանող, նրա ճակատագրով մտահոգ, իր երկրում աշխատող ու բարիք ստեղծող, իր երկրի ապագայի համար պատասխանատու քաղաքացին է՝ լինի զինվորական, գիտնական, բժիշկ, թե դերձակ…

Մեր երազած Հայաստանը սիրով, նվիրումով ու աշխատանքով ենք կառուցելու:

-Ի՞նչ կմաղթեք մեր ժողովրդին Ամանորի առթիվ:

-Ամանորը մեր ազգի համար յուրահատուկ տոն է։ Նոր տարին երազանքների իրականացման հույս է, լավի սպասում:

Շնորհավորում եմ առաջին հերթին հայոց բանակի ամբողջ անձնակազմի Նոր տարին՝ նախարարի ու զինվորի, գեներալի ու սպայի։ Առանձնահատուկ շնորհավորում եմ զինվորական կանանց: Խաղաղություն, երջանկություն եւ բարեկեցություն ձեզ ու ձեր ընտանիքներին: Աստված պահապան բոլորիդ:

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #42 (1555) 24.12.2024 - 31.12.2024, Բանակ և հասարակություն, Հոգևոր-մշակութային, Ուշադրության կենտրոնում


13/01/2025