Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՄԱՆՈՐՅԱ ՄԱՂԹԱՆՔՆԵՐ



ԱՄԱՆՈՐՅԱ ՄԱՂԹԱՆՔՆԵՐԵս վստահ եմ՝ մարդն աշխարհ է գալիս մի ներքին մղումով, առաքելությամբ, սիրով, որը գտնելու համար պիտի վերանա բոլոր հաշվարկներից ու շահախնդրությունից, կարողանա լսել սեփական սրտի ձայնը: Մասնագիտություն ընտրելիս դու պիտի հասկանաս՝ ո՞րն է քեզ ավելի սրտամոտ, ո՞րն է քո կյանքի գործը, հենց դա էլ քեզ երջանկություն կբերի: Իմ հայրը զինվորական է: Միայն զինվորականի ընտանիքում ծնված մարդիկ կհասկանան ինձ… Օդը լցված էր Հայրենիքով, բանակով, զինվորով: Աշխարհը նրանց շուրջն էր պտտվում, նրանք ամեն ինչի առանցքում էին: Այս ամենը քո հոգում նստվածք է տալիս: Ու ամենակարևոր պահին հայտնվում է մի որոշում, որը գրեթե ենթագիտակցական է, բայց այնքան ուժեղ, որ չես էլ կասկածում: Ես այնքան շնորհակալ եմ բախտին, որ հենց բանակում եմ սկսել իմ մասնագիտական գործունեությունը: Հայրենիքն առաջին անգամ սրտով «շոշափել եմ» բանակում: Նոր էի ավարտել համալսարանը, ու ինձ նշանակել էին ծառայության սահմանային հոսպիտալում: Քիչ հեռու առաջնագիծն էր, որտեղ մեր զինվորներն էին կանգնած: Հիմա բառերով դժվար է նկարագրել այդ զգացողությունը, այդ կապը Հայրենիքի սահմանը պաշտպանող զինվորի, նրա կյանքի համար պատասխանատու վիրաբույժի ու այն հողի միջև, որի վրա քայլում ես: Դուք երեքդ միասին դառնում եք մի ամբողջություն: Ու ծնվում է մի անսասան միտք, որ աշխարհում չկա ավելի կարևոր բան, քան հայրենի հողը, Հայրենիքը: Իմ բոլոր ձեռքբերումների, հաջողությունների, հաղթանակների խթանը Հայրենիքն է: Ես 32 տարեկանում ղեկավարել եմ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վիրաբուժության բաժանմունքը: Այժմ Երևանի գլխավոր վիրաբույժն եմ, «Շենգավիթ» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկը: Շուտով կպաշտպանեմ դոկտորական թեզը: Ես ամեն տարի գոնե մեկ անգամ վերապատրաստվում եմ արտերկրում ու անդադար ինքնակատարելագործվում եմ հնարավոր բոլոր միջոցներով: Ու թող մերկապարանոց չհնչի՝ ինձ միշտ ներշնչում, առաջ է մղում Հայրենիքի ու բանակի հանդեպ սերը։ Անձնական հավակնություններն այնքան չնչին ուժ ունեն, որ չեն կարող ստիպել քեզ ինքնամոռաց նվիրվել մասնագիտությանդ: Ես արտերկրում աշխատելու բազմաթիվ հրավերներ եմ ստացել, ինչը կարող էր միանգամից փոխել ընտանիքիս կենսամակարդակը, բայց ես մի պահ անգամ չեմ քննարկել այդ առաջարկները: Որովհետև Հայրենիքը պետք է ինձ: Իմ տքնանքը, իմ ջանքերը, իմ նպատակներն իմաստավորվում են, որովհետև դրանք իմ երկրի, իմ ժողովրդի համար են: Ես միշտ լինելու եմ բանակի ու զինվորի կողքին եւ որքան էլ զբաղված լինեմ, ոչ մի զինվոր կամ սպա, Հայրենիքի ոչ մի պաշտպան ձեռնունայն չի հեռանալու, եթե դիմել է ինձ: Շնորհավոր բանակի, բոլոր զինծառայողների, ռազմական բժիշկների, իմ զինակից ընկերների Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Դուք աշխարհի ամենապատվաբեր, հերոսական, գեղեցիկ ու վեհ գործն եք անում: Փառք ու պատիվ բոլորիդ:

ՍԵՎԱԿ ՇԱՀԲԱԶՅԱՆ

 

***

 

ԱՄԱՆՈՐՅԱ ՄԱՂԹԱՆՔՆԵՐՀայրենիքի ու ազգի պաշտպանությունը սրբազան գործ է։ Աստված մարդուն ազատ ապրելու իրավունք է տվել, ու այդ ազատությունը պաշտպանելը աստվածատուր օրհնություն ունի։ Զինվորը երկրի տերն է, սպան երկրի տերն է, որովհետեւ այն, ինչ պաշտպանում ես, այն էլ երբեմն՝ կյանքի գնով, քոնն է։ Մենք պիտի սովորենք զինվորից անձնվիրաբար պաշտպանել մեր բաժին հայրենիքը, ասել է թե՝ մեր բաժին գործը նվիրումով անել։ Այսօր հայ ազգի հերոսները պիտի լինեն սեփական երկրի ճակատագրով ապրող, մերձավորի ցավին հաղորդակից, հարազատ հողին ամուր կանգնած, հայրենիքի բախտը կռող մարդիկ։ Այդ տեսակը կա մեր կողքին: Շնորհավորելով մեր ժողովրդի Նոր տարին՝ ես առաջին հերթին ցանկանում եմ նրան խաղաղ երկինք, ստեղծագործ աշխատանք, հավատ սեփական ուժերի ու վաղվա օրվա հանդեպ, և, որ ամենակարևորն է, սեփական երկրի ճակատագիրն ու ապագան որոշելու եւ կառուցելու քաջություն: Ուզում եմ առանձնահատուկ շնորհավորել սահմանապահ զինվորներին ու սպաներին Ամանորի առթիվ: Թող նրանց հայրենասիրությունն ու նվիրումը օրինակ լինեն բոլորի համար:

 

ԱՐՄԵՆ ԷԼԲԱԿՅԱՆ

 

***

 

ԱՄԱՆՈՐՅԱ ՄԱՂԹԱՆՔՆԵՐԵս դժվար մանկություն եմ ունեցել: Հայրս սահմանին էր, պաշտպանում էր մեր Հայրենիքը ու երեք տարի տուն չեկավ: Սովը, մութը, ցուրտը ինձ համար նույնանում էին մի բառի հետ՝ պատերազմ: Ես 10-11 տարեկան էի այդ ժամանակ: Ինձ թվում էր՝ պատերազմը ահարկու հրեշ է, որ կերել է ամեն ինչ, տարել է բոլոր լույսերն ու գույները, ու ցուրտ է փչում երախից: Պատերազմից հետո էլ կյանքը շաքար չէր, էլի հազար պակաս ու պռատ ունեինք, բայց խաղաղությունը լույս էր, ջերմություն էր, ուրախություն էր, եւ խաղաղության մեջ ամենամեծ հոգսերն անգամ չնչին ու հեշտ էին թվում: Ես 14 երեխաների մայր եմ՝ վեց որդի ունեմ, ութ դուստր: Տղաներիցս երկուսը՝ Ավետիքն ու Հակոբը, արդեն կատարել են զինվորական պարտքը Հայրենիքի հանդեպ, Սողոմոնը ամռանը զորակոչվեց, հիմա ծառայում է: Հետո բանակ կգնան Էռնեստը, Մանուկը, իսկ վերջում՝ Մոնթեն, որը վեց տարեկան է: Միայն զինվորի մայրը կհասկանա, թե ինչ դժվար է սահման ճանապարհել սեփական զավակին: Բայց դա է խաղաղության գինը: Խաղաղությունը մարդու ամենաթանկ հարստությունն է: Հպարտ եմ, որ իմ որդիները սահմանին մեր ժողովրդի խաղաղությունն են պաշտպանում: Ես անսահման սիրում եմ Հայաստանն ու մեր ժողովրդին: Չեմ կարող բառերով բացատրել, թե հայրենի հողի ամեն թիզը ու յուրաքանչյուր հայ մարդ որքան հարազատ է սրտիս, որքան իմն է: Հայրենիքը պաշտպանող յուրաքանչյուր մարտիկ իմ տան հերոսն է, իմ երեխաների հերոսը: Անհրաժեշտություն չկար, որ Հայրենիքը պաշտպանելու մասին խրատներ կարդայինք որդիներիս, ես ու ամուսինս նրանց արյան, կաթի հետ ենք հայրենասիրություն ներարկել: Մենք ուրիշ խրատ ենք տվել մեր զավակներին բանակ ճանապարհելիս, ասել ենք՝ ընկածին բարձրացրու, վեր ձգիր: Սա նշանակում է՝ կանգնիր թույլի կողքին, դիմակայիր վատին, համարձակ եղիր, գթասիրտ եղիր… Ես լավատես եմ. երեխաները կմեծանան, կաշխատեն, կգտնեն իրենց ապրուստը, իրենց տունուտեղը: Հույս ունեմ՝ այնքան ամուր ու կանգուն կլինեն, որ անպայման ինչ-որ մեկին էլ վեր կձգեն: Երկիրն այդպես է ուժեղանում՝ երբ դու բարձրանում ու բարձրացնում ես ընկածին: Մի օր էլ տեսնում ես, որ բոլորը կանգուն են, ոտքի վրա: Ու Հայրենիքն է կանգուն: Շնորհավորում եմ իմ զինվոր որդու՝ Սողոմոնի, նրա զինակից ընկերների, բոլոր զինվորների ու սպաների Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Բոլորդ էլ իմ որդիներն եք, ու իմ մայրական աղոթքը բոլորիդ համար է: Անփորձանք եղեք սահմանին, ու թող ձեր բազուկը երբեք չդողա Հայրենիքը պաշտպանելիս:

 

ԱՆՆԱ ԱՍԼԱՆՅԱՆ

 

***

 

ԱՄԱՆՈՐՅԱ ՄԱՂԹԱՆՔՆԵՐԻմ առաջին բեմելը հինգերորդ դասարանում էր. Ամանորի հանդեսին Ձյունանուշ խաղացի: Բեմն ինձ այնքան դուր եկավ, որ անմիջապես ծնվեց դերասանուհի դառնալու երազանքս: …Երբ ասում եմ երազանք, անմիջապես հիշում եմ սահման պահող զինվորին ու սպային, որովհետև նրանք են մեր երազանքների պաշտպանը: Ի՞նչ երազանք առանց խաղաղության: Պատերազմն առաջին հերթին մեր երազանքներն է սպանում: Ես շատ եմ սիրում իմ Հայրենիքը, բառերով չեմ կարող բացատրել, թե ինչ թանկ ու մեծ արժեք է այն ինձ համար: Բնականաբար, պաշտում եմ մեր զինվորներին, որովհետև նրանք են անձնուրաց պաշտպանում մեր Հայրենիքը, մեր կյանքը: Բոլոր զինվորներն իմ զավակներն են, առանց չափազանցության՝ իմն են: Փառք ու պատիվ նրանց: Մեզ ամուր երկիր, մարտունակ բանակ է պետք, ու մենք բոլորս պիտի մեր լուման դնենք երկրի ու բանակի զորացման գործում:

Այս Նոր տարուն ես Տիրոջից խաղաղություն եմ խնդրում մեր զինվորների համար: Ու շնորհավորում եմ սահմանին կանգնած մեր տղաների Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Համբուրում եմ նրանց հպարտ ճակատն ու ասում եմ՝ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ:

 

ԱՆԱՀԻՏ ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

***

ԱՄԱՆՈՐՅԱ ՄԱՂԹԱՆՔՆԵՐՏարին ավարտվում է: Ամենուր լույսեր են, գույներ: Ամենքի սրտում լավի սպասում, երազանքներ կան: Տարեմուտի գիշերը մեկի սեղանը ճոխ կլինի, մյուսինը՝ ոչ այնքան: Ամենակարևորն այն է, որ սահմանամերձ գյուղերում կրակոցի ձայներ չեն լսվի, չենք դողա սահմանին կանգնած զինվորի կյանքի համար: Ես չեմ նսեմացնում որևէ մեկի ջանքը, բայց խաղաղությունը բանակն է բերում, զինվորն ու սպան են բերում: Խաղաղությունը բարձր սարերի գագաթին է, խրամատներում ու գետնատնակներում: Իմ բոլոր նկարներում բանակը կա: Կա հպարտության, արժանապատվության, հաղթանակի, սիրո, անձնվիրության գույներում: Բանակը մեր կյանքի ամենակարևոր իրողություններից է, նրանով է ներծծված մեր ամեն օրը, մեր էությունն ու ինքնությունը: Ոչինչ չի կարող հաղթել հայրենիքիդ հանդեպ սիրուն: Այդ սերը այնպիսի մեծ ներուժ ունի, որի դիմաց աշխարհի բոլոր զենքերն անզոր են: Մեզ մեր հոգևոր հայրենիքն է սնում, որը շատ մեծ է, ամենամեծերից մեկն է աշխարհում: Իմ բանակը հոգևոր արժեք է: Այն առաջին հերթին առաքինություն է, հետո՝ ուժ: Եթե իմ բանակն այդքան վեհ չլիներ, իմ գույներն այդքան վառ չէին լինի: Ես առաջին հերթին սահմանին կանգնած զինվորի Ամանորն եմ շնորհավորում: Փառք ու պատիվ քեզ, տղա՛ս։ Անփորձանք լինես: Գոտիդ պինդ ձգիր, որովհետև ժողովրդիդ խաղաղությունն ու երկրիդ ապագան քո ձեռքերում են:

 

ՇՄԱՎՈՆ ՇՄԱՎՈՆՅԱՆ

 

***

 

ԱՄԱՆՈՐՅԱ ՄԱՂԹԱՆՔՆԵՐԻմ ծնողներն առանձնահատուկ մարդիկ են: Նրանք 15 երեխա ունեն՝ 10 աղջիկ, 5 տղա: Ես ընտանիքիս 8-րդ երեխան եմ, 11-րդ դասարանում եմ սովորում: Մեծերն արդեն ամուսնացել են, երեխաներ ունեն: Բոլորը զարմանում են, թե ծնողներս ինչպես են կարողացել 15 երեխա մեծացնել, դաստիարակել: Ես գիտեմ գաղտնիքը: Նրանք մեզ դաստիարակել են իրենց օրինակով: Իրենց բարությամբ, հանդուրժողականությամբ, մարդկանց մեջ լավը տեսնելու ձգտումով, մարդկանց հարգելու, երբեք ոչ ոքի չնեղացնելու բնավորությամբ, հայրենասիրությամբ, աշխատասիրությամբ, ազնվությամբ… Ինչ տեսել, այն սովորել ենք: Ես հպարտ եմ իմ ընտանիքով:

«Բանակ» բառն առաջին անգամ լսեցի, երբ եղբայրս՝ Բաղդասարը, զորակոչվեց: Ես շատ փոքր էի այդ ժամանակ, ու հիշողությանս մեջ միայն տպավորվել է Բաղդասարի վերադարձը: Հայրս բոլորին ցույց էր տալիս եղբորս պատվոգրերն ու շնորհակալագրերը ու ոնց էր հպարտանում, որ որդին օրինակելի զինվոր է եղել: Ես զինվորի քույր դարձա, հասկացա, թե ինչ է զինծառայող եղբորը սպասելը, երբ Դանիելը գնաց բանակ: 44-օրյա պատերազմի ժամանակ մենք եղբորս անունը գտանք զոհվածների ցուցակում: Բարեբախտաբար, սխալվել էին. եղբայրս վիրավորվել էր ու հոսպիտալում էր: Մենք անսահման ցավի միջով անցանք, բայց ծնողներս ոչ մի անգամ չտրտնջացին: Ընդահակառակը, հայրս ասում էր՝ Հայրենիքը ամենաթանկն է աշխարհում, ու նրա սահմանները պաշտպանելու համար չի կարելի ոչինչ խնայել:

Ես դեռ երեք անգամ էլ զինվորի քույր եմ լինելու, որովհետև դեռ պիտի բանակ ճանապարհենք Սամվելին, Դավիթին ու Հակոբին: Ավագ եղբայրս 29 տարեկան է, կրտսերը՝ 7: Բայց երբ Հակոբն էլ զորացրվի, միևնույն է, մեր ընտանիքի կապը բանակի հետ չի կտրվելու: Հայրս ասում է՝ շուտով կսկսեն բանակ գնալ մեր 15 երեխաների երեխաները՝ թոռները, ու մենք միշտ բանակի կողքին կլինենք: Իմ սերնդակիցները շատ հայրենասեր են, ինքնուրույն, համարձակ ու աշխատասեր: Բոլորն էլ մեծ երազանքներ ունեն: Սիրում են Հայաստանը, ուզում են միայն Հայաստանում ապրել: Ուրախանում եմ, երբ իմ դասընկերները սիրով ու հպարտությամբ են խոսում բանակի մասին եւ չծառայելը մեծ ամոթ են համարում:

Դանիելի զինվորանալուց հետո ես մի ուրիշ սեր, ջերմություն ու հարազատություն ունեմ բոլոր զինվորների հանդեպ: Սիրտս թրթռում է, երբ հիշում եմ, որ նրանք Նոր տարին սահմանին են դիմավորելու, սարերում, ձյան մեջ: Ամբողջ սրտով ցանկանում եմ, որ բոլորն էլ ուրախ ու երջանիկ լինեն Նոր տարվա գիշերը: Թող այդ օրը շատ գույներ, լույս ու ծիծաղ լինի դիրքերում: Թող մեր զինվորներն ամբողջ ծառայության ընթացքում անփորձանք ու հաջողակ լինեն: Շնորհավորում եմ բոլոր զինվորների Նոր տարին ու Սուրբ Ծնունդը: Հատկապես զինվորներին եմ շնորհավորում: Մեր սիրտը ձեզ հետ է, մենք ձեզ շատ ենք սիրում:

 

ՍԱՌԱ ՄԵԼՔՈՆՅԱՆ

 

***

ԱՄԱՆՈՐՅԱ ՄԱՂԹԱՆՔՆԵՐԲանակն ու մշակույթն այն երկու հիմնասյուներն են, որոնց վրա ամրանում են Հայրենիքն ու պետությունը: Հզոր բանակ ու հզոր մշակույթ ունեցող ազգերը հավերժական են ու անպարտելի: Հայրենապաշտությունը, ազգասիրությունը, քաջությունը, անձնազոհությունը գաղափարներ են, որոնք առաջին հերթին սահման պահող զինվորին ու սպային են բնորոշում, բայց դրանք կարող են մարմնավորվել, արմատավորվել հասարակության գիտակցության մեջ, հուզաշխարհում արվեստի ու մշակույթի միջոցով։ Ազգային բանակը բացառիկ կարեւորություն ունի մեր պետության ու ժողովրդի համար ոչ միայն ֆիզիկական պաշտպանվածության, այլ նաեւ բարոյահոգեբանական առումով։ Հայրենասիրության հենքը հպարտությունն է։ Մեր զինվորը պետք է հպարտ լինի, հպարտ՝ իր ծագումով, ժողովրդի պատմությամբ, ազգի ստեղծած արժեքներով։  Զինվորը պիտի հասկանա իր զինվորանալու խորհուրդը, այն մեծ ու սրբազան պարտքը, որ դրված է իր ուսերին։ Զինվորը պիտի հարգված ու գնահատված լինի։ Ես հավատում եմ մեր ժողովրդի իմաստնությանը, հավատում եմ մեր բանակի ուժին, հավատում եմ մեր մշակութային փառքին, հավատում եմ հայի մտքի թռիչքին, քաջությանը, տաղանդին ու աշխատասիրությանը, հավատում եմ մեր երկրի ապագային: Հավատում եմ, որ մենք պաշպանելու ենք մեր պետության սահմանները, ու յուրաքանչյուրս մեր տեղում, մեր գործով, մեր անձնվիրությամբ կառուցելու ենք մեր երկիրը: Այս հավատով ու լավատեսությամբ էլ շնորհավորում եմ մեր ժողովրդի Ամանորն ու Սուրբ Ծնունդը, թող 2025-ը երջանկություն բերի բոլորիդ օջախներին:

 

ԷԴՎԱՐԴ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

 

***

 

ԱՄԱՆՈՐՅԱ ՄԱՂԹԱՆՔՆԵՐԱսորիները, ինչպես բոլոր քրիստոնյա ժողովուրդները, դեկտեմբերի 31-ին գիշերը կճանապարհեն հին տարին ու բարի սպասումներով, երազանքներով, աղոթքներով ու բարեմաղթանքներով կդիմավորեն 2025 թվականը: Երեք ամիս անց՝ ապրիլի 1-ին, ասորիները 2678-րդ անգամ կտոնեն իրենց ազգային Նոր տարին: Հին ժամանակներում տոնը յուրահատուկ ծիսակարգ է ունեցել: Ազատությունը, հավասարությունը՝ որպես ամենաթանկ նվերներ, տրվել են բոլորին: Նոր տարին նշանավորել են գթասրտությամբ, ներողամտությամբ, ողորմություններով և Աստծո գոհաբանությամբ: Մարդիկ 15 օր աղոթել են, անասուններ են մորթել ու բաժանել ծանոթ-անծանոթներին: Ասորիներն ունեցել են համազգային մատաղի ծես, այսինքն՝ ամբողջ ազգը համախմբված, միասնական զոհաբերություն է մատուցել Աստծուն՝ հանուն համազգային բարօրության: Ես շատ եմ ուզում, որ հիմա էլ Նոր տարվա տոնակատարությունը դառնա ոչ թե վայելքի, ցոփության, ունեցվածքի ցուցադրության, այլ կարեկցանքի, սիրո, ներման, հանդուրժողականության, չունևորին կերակրելու, Աստծուն շնորհակալ լինելու և ազգային համախմբման առիթ:

…Երբ մենք լի բաժակներով կդիմավորենք Նոր տարին, Հայրենիքի սահմանին մեր զինվոր տղաները արթուն կհսկեն Հայաստանում ապրող բոլոր մարդկանց խաղաղությունը՝ անկախ ազգային պատկանելությունից: Նրանց շարքերում հաստատ ասորի զինվորներ էլ կլինեն:  Հայերն ու ասորիները ներհյուսված պատմություն ունեն: Հայաստանի սահմանները պաշտպանելիս զոհված ասորիների շիրիմներին մենք ասորական դրոշ ենք խոնարհում ու ասում ենք, որ նրանք զոհվել են հանուն Հայրենիքի: Ասորիները հրաշալի զինվորներ են ՀՀ բանակում: Երբ Հայաստանի սահմանները վտանգվում են, նրանք, զենքը ձեռքին, պաշտպանում են այն երկիրը, որտեղ ապրում են, որովհետև Հայաստանը Հայրենիք է նրանց համար:

Պատմությունը ցույց է տալիս, որ հողը բանակն է պահում: Եթե բանակդ ուժեղ չեղավ, ուժեղները հողիդ հետ մշակույթդ էլ կխլեն, կենսագրությունդ էլ, արժանապատվությունդ էլ, փառքդ էլ… Ուրեմն՝ շնորհավոր մեր բանակի ու մեր զինվորի Սուրբ Ծնունդն ու Ամանորը: Զինվոր ասելով՝ ես նկատի ունեմ համազգեստ կրող բոլոր զինծառայողներին: Ձեզ ուժ ու կորով, կամք ու տոկոնություն: Թող 2025-ը հաղթանակի, փառքի, հպարտության ու խաղաղության տարի լինի բոլորիդ համար: Պատվով պաշտպանեք մեր երկրի ազատությունն ու խաղաղությունը:

 

ՌԱԶՄԻԿ ԽՈՍՐՈԵՎ

Խորագիր՝ #42 (1555) 24.12.2024 - 31.12.2024, Բանակ և հասարակություն


13/01/2025