ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԵՐԵԼՔ
Համաբանակային մրցույթի ներզորամասային փուլն է։ Մրցում են հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողները։ Առաջադրանքը պահանջում է ֆիզիկական և հոգեբանական գերազանց պատրաստվածություն, խմբի կազմով ներդաշնակ գործելու կարողություն։
Բարձրլեռնային գոտում, եղանակային բարդ պայմաններում խնդիր պետք է կատարվի։ Անկանխատեսելի իրավիճակներն ու փորձությունները շատ են, դրանց գլխավոր թելադրողն այս դեպքում բնությունն է՝ իր օրենքներով, ցրտաշունչ ձմռանը բնորոշ տարերային երևույթներով։
Մասնակիցները հրահանգավորվում են՝ պահպանել անվտանգության կանոնները։ Այնուհետև նախավարժանքն է ու մարտավարական հնարքների կատարման փուլը։ Քիչ անց սկսվում է օրվա գլխավոր միջոցառումը՝ 5 կմ երթարշավ դեպի ձյունապատ լեռնագագաթ։
Անձնակազմն իր գործողություններով փաստում է՝ վստահ են իրենց ուժերին, միշտ պատրաստ են արգելքներ ու դժվարություններ հաղթահարելու։ Զինվորական այս մասնագիտության առանձնահատկությունն է այդպիսին։ Հատուկ նշանակության զորքերում ծառայելու համար պետք է ունենալ խիզախություն, ուժեղ կամք, հնարամտություն և, իհարկե, ֆիզիկական ու հոգեբանական բարձր պատրաստվածություն։
-Առաջին անգամ չենք նման պարապմունքներ անցկացնում եղանակային բարդ պայմաններում։ Դա մեզ հնարավորություն է տալիս պարբերաբար կատարելագործելու մեր ունակությունները։ Մեր ուժերին վստահ ենք, կարող ենք գործել ցանկացած պահի, եղանակի, ցանկացած իրավիճակում։ Լեռնային, ձյունապատ տեղանքում խնդիր կատարելու համար անձնակազմը պատրաստված, կոփված է ֆիզիկապես, ունի տեսական գիտելիքների մեծ պաշար։ Իսկ գործնական կարողությունները զարգացնում ենք նման վարժանքների միջոցով։
Մասնակիցների տրամադրությունը բարձր է, վստահեցնում են՝ հատուկ նշանակության զորքերում ծառայողների համար չկան անհնարին խնդիրներ։ Սա օրինաչափություն է բոլոր օղակներում։ Հետախույզը միշտ ձգտում է բարձունքներ նվաճել։ Սա է փաստում նաև կին զինծառայողների մասնակցությունը երթարշավին։
-Չենք կարող ասել, որ դժվարություններ չկան նման արգելագոտիներ հաղթահարելիս, սակայն մրցմանը մասնակցելը ոգևորիչ է, ինքդ քեզ համար նոր բարձունք ես հաղթահարում, առավել մեծ հավատով լցվում սեփական ուժերիդ հանդեպ։ Ինձ համար մյուս մասնակիցները մրցակիցներ չեն, ես իմ փորձն եմ հարստացնում։
Ճանապարհը դյուրին չէ, փորձությունները՝ նույնպես։ Համաբանակային մրցույթին ներգրավված են ոչ միայն փորձառու պայմանագրայիններ, այլ նաև հատուկ նշանակության զորքերում ծառայող ժամկետայիններ, որոնք նույնպես մեծ ոգևորությամբ են պատրաստվել մրցույթին։ Յուրաքանչյուրն առավելագույն ջանքերն է ներդնում նպատակին հասնելու գործում։
Երթարշավի մեկնարկից ժամեր անց հեռվից առաջին խումբն է վերադառնում։ Տպավորություններն ու զգացողությունները ներկայացնում է ստորաբաժանման հրամանատարը։
-Մենք սիրում ենք միշտ լինել առաջինը և միահամուռ ուժերով բոլորից շուտ հասանք գագաթ։ Ամենամեծ խոչընդոտը եղանակային բարդ պայմաններն էին, օդի ճնշման անկումը, երբ շնչելը դժվարանում է։ Իսկ վերևում քամուց տեսանելիությունն էր նվազել։ Ամեն դեպքում կատարեցինք մեր խնդիրը։
Երթարշավին մասնակցող բոլոր խմբերը վերադառնում են։ 5 կմ երթարշավի ներզորամասային փուլն ավարտված է։ Մասնակիցներից կընտրվեն լավագույնները, որոնք առաջիկայում կմասնակցեն համաբանակային այս մրցույթի եզրափակիչ փուլին։ Նպատակն ավելի քան պարզ է՝ բարձրացնել հետախույզ զինծառայողների դիմադրողականությունը, կոփվածությունն ու օրգանիզմի կայունությունը, զարգացնել զինանձնակազմի ռազմակիրառական հմտությունները լեռներում ու եղանակային բարդ պայմաններում տեղաշարժվելիս, խմբի կազմում ներդաշնակ գործելիս։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՌԱՇՅԱՆ
Լուսանկարները՝ ՀԱՅԿ ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆԻ
Խորագիր՝ #42 (1555) 24.12.2024 - 31.12.2024, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում