ԱՄՓՈՓԻՉ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԶՈՐԱՄԱՍԵՐՈՒՄ
Զորամասերում ամփոփում են հերթական ուսումնական շրջանը։ Ամառային զորակոչի ընթացքում զինված ուժերը համալրած ժամկետայինները քննություններ են հանձնել, հանձնաժողովների սպաներին ցուցադրել ձեռք բերած գիտելիքները, փորձն ու հմտությունները։ Քննությունների արդյունքներով ուսումնական կենտրոնների ժամկետային զինծառայողները կտեղափոխվեն հիմնական զորամասեր՝ արդեն որպես կրտսեր հրամանատարներ։
Հրետանավորների պատրաստության կենտրոնում ամառային զորակոչին զինված ուժերի շարքերը համալրած տղաները 6 ամսվա ընթացքում հասցրել են կրթվել, կոփվել, տիրապետել հրետանային տարբեր միջոցների։ Այժմ ամփոփվում է նրանց ուսումնառության փուլը։ Հայրենիքը պաշտպանելու գաղափարն օգնել է զինվորներին հաղթահարել բանակային կյանքի բոլոր դժվարությունները։ Հիմա էլ 0-ից ցածր ջերմաստիճանով եղանակային պայմաններում տղաները վարպետորեն կատարում են քննական առաջադրանքը, բացազատում են հրետանային միջոցն ու բերում մարտական վիճակի։ Ստորաբաժանման հրամանատար, գնդապետ Աշոտ Սարգսյանի խոսքով՝ կուրսանտները ոգևորված են, պատրաստ են հաշված օրեր անց համալրելու կրտսեր հրամանատարների և մասնագետների շարքերը։
Ժամկետային զինծառայող Ռազմիկ Համբարձումյանը նշում է.
-Ուսումնական փուլի ընթացքում ձգտել եմ բոլոր դասերը լավ սովորել։ Իմ հայրը զինծառայող է սահմանային զորամասում, ես էլ, ինքն էլ մեր պարտքն ունենք հայրենիքի նկատմամբ, որը պիտի լիարժեք կատարենք։
Ավարտական ամփոփիչ քննություններ են զորամասի բոլոր ուղղություններում։ Ապագա հրետանավորների մի մասը ֆիզիկական պատրաստության չափորոշիչներն է հանձնում։ Արդյունքներից պարզ է՝ տղաները կարճ ժամանակում կարողացել են կոփել մարմինը։
Անձնակազմը քննություններ է հանձնում նաև մասնագիտական, տեխնիկական, հասարակական-պետական պատրաստություն առարկաներից։ Տղաներն ասում են՝ մասնագիտության մեջ սկզբնապես որոշակի դժվարություններ ունեցել են, բայց մեծ ջանքերի արդյունքում կատարելագործել են զենքին տիրապետելու կարողությունները։
-Դառնալու եմ ականանետի հաշվարկի հրամանատար, պատրաստ եմ գիտելիքներս փոխանցել իմ ենթականերին, որ միասին ձեռնամուխ լինենք հայրենիքի պաշտպանության պատվավոր գործին,- ասում է Արեն Մատինյանը։
Գրիգոր Սարգսյանն էլ շարունակում է.
-Ուսումնական փուլը շատ հետաքրքիր էր։ Տեսական և գործնական պարապմունքների ընթացքում ծանոթացել ենք զինատեսակների կառուցվածքին, աշխատանքային առանձնահատկություններին։ Ու հիմա էլ պատրաստ ենք քրտնաջան աշխատել, հարկ եղած դեպքում պաշտպանել մեր հայրենիքը։
Տղաների խոսքն ամփոփում է Հովիկ Մարգարյանը.
-Ես 120 մմ-անոց ականանետի նշանառու եմ։ Անցած վեց ամիսների ընթացքում շատ բան եմ սովորել և կարող եմ կատարել իմ առջև դրված բոլոր խնդիրները։ Գիտեմ՝ եթե ամուր են երկրի սահմանները, ուրեմն՝ քո ընտանիքն ապահով է։ Իսկ եթե չես տիրապետում քո զենքին, չես կարող սահմանը պինդ պահել և քո ընտանիքի անդորրն ապահովել։
***
Քննությունները նույն հագեցած ժամանակացույցով անցկացվել են նաև կապի ուսումնական կենտրոնում։ Զինվորները հանձնել են ֆիզիկական, կրակային և մարտավարամասնագիտական պատրաստության քննությունները։ Ժամկետային զինծառայության հետագա մեկ ու կես տարին վիճակահանությամբ նախանշված զորամասերում կրտսեր սերժանտի ուսադիրներով և կապի մասնագետների կարգավիճակով շարունակել ձգտող զինվորներն արել են առավելագույնը՝ լավագույնս ներկայանալու համար։
-Զորամասում ամբողջությամբ հասկացա, որ կապավորի դերն ու նշանակությունը զինված ուժերում ամենակարևորներից է, և լավ կապավոր դառնալու համար պետք է ջանք ու եռանդ չխնայել։ Այդ ձգտումով էլ լավ սովորեցի ու գնահատականներս բարելավեցի մինչև «գերազանց» ու «լավ»։ Կապավորի կարգախոսներից է՝ թող կապն ընդունվի գերազանց։ Հետագա ծառայությանս ընթացքում ամեն ինչ անելու եմ, որ իմ ապահոված կապի որակն ու արդյունավետությունը լինեն գերազանց,- վստահեցրեց Մհեր Պետրոսյանը։
Իր ցուցանիշները բարելավել է նաև Հրաչ Սարգսյանը։ Ամենօրյա պարապմունքների արդյունքում պտտաձողի վրա նախկինում կատարած 10 ձգումների փոխարեն նա այժմ 20 ձգում է անում։
Ավարտական քննություններին գերազանց ներկայանալը զինվորներից Սերգեյ Խուրշուդյանի համար առանձնահատուկ նշանակություն ունի. նրա հայրն ու եղբայրն էլ այս զորամասում են ծառայել։ Չխախտելով ընտանեկան ավանդույթը՝ ճակատագրի բերումով և վիճակահանության արդյունքում նույն զորամասում զինծառայության է անցել նաև կրտսեր Խուրշուդյանը։ Անցած ամիսներին զգալիորեն բարելավել է ֆիզիկական, կրակային, մարտավարամասնագիտական պատրաստության մակարդակը։ Ուսումնառության ընթացքում մշտապես իր մոտ են եղել հոր՝ այս նույն զորամասում երեք տասնամյակ առաջ արված լուսանկարները։
-Ամեն անգամ լուսանկարներին նայելիս կարծես ոգևորվել եմ, եռանդով եմ լցվել։ Երբ ուզում եմ ավելի լավ կազմակերպել ծառայությունս, հորս պատմածներն եմ հիշում, թե ոնց է եղել այն ժամանակ, ու համեմատում եմ ներկայիս ծառայության հետ։ Առաջին մի քանի շաբաթներին, երբ ամբողջությամբ հասկացա կապի նշանակությունը մեր բանակում, ավելի եռանդով սկսեցի սովորել, որ պատրաստ լինեմ գործելու ցանկացած իրավիճակում։
Խոսելով քննություններին զինվորների մեծամասնության արձանագրած բարձր գնահատականների մասին՝ տղաները խոստովանում են՝ դա պայմանավորված է կապի դերի, դրա անխափան ապահովման նշանակության շուրջ ծառայության ընթացքում ամրապնդված գիտակցումով։ Ու բոլորն էլ վստահեցնում են՝ թե՛ հոգեբանորեն, թե՛ մասնագիտական առումով պատրաստ են գիտելիքներն ու հմտությունները ներդնելու բանակում կապի անխափան ապահովման գործում։
***
Քննություններ են անցկացվել նաև զինված ուժերի ուսումնական ամենամեծ կենտրոնում։ Ֆիզիկական, շարային պատրաստություն, հրաձգություն. տարին ամփոփել են մասնագիտական ստուգատեսով։
Ուսումնական կենտրոնում պատրաստած կրտսեր հրամանատարների նոր խումբն օրեր անց կլինի հիմնական զորամասերում՝ ջոկի հրամանատարի պաշտոնը ստանձնելու և մարտական հերթապահություն իրականացնելու համար։ Այստեղից զորքեր կմեկնեն նաև այլ մասնագետներ։ Տանկային երթուղում իրենց կարողություններն են ցուցադրել տանկերի և ՀՄՄ-ների անձնակազմերը։ Բոլոր զինծառայողները հերթով անցան արգելագոտիները, տեխնիկան վարեցին վարպետորեն ու վերադարձան մեկնարկային կետ։ Ստուգող, գնահատող հանձնաժողովը գոհ է արդյունքներից։
Տվյալ փուլում առավել մեծ է մեխանիկ-վարորդների պատասխանատվությունը։ Նրանք ցուցադրում են հզոր տեխնիկան սահմանված երթուղով հատկացված ժամանակահատվածում վարելու, արգելագոտիները հաղթահարելու կարողությունները։ Բոլորը պետք է գործնականում հիմնավորեն, որ պատրաստ են տանկի մեխանիկ-վարորդ լինել, սպասարկել տեխնիկան, այն մարտունակ պահել ու ապահովել մարտական հսկայի անձնակազմի անվտանգությունը երթի ընթացքում։ Նորակոչիկներին սովորեցրել են կառավարել տեխնիկան՝ ուշադրություն դարձնելով արագության և արգելքները ճիշտ հաղթահարելու վրա։
-Մեխանիկ-վարորդը շատ մեծ պատասխանատվություն ունի, պետք է լինի զգոն, մեքենան հմուտ վարի ցանկացած պայմաններում։ Նա պետք է մանրամասն իմանա տանկի տեխնիկական բնութագիրը,- երթուղին վստահ անցնելուց հետո ասում է Դավիթ Մարդյանը։
Քննություններն ավարտվեցին, տղաները մեկնեցին արձակուրդ։ Առաջիկա օրերը նրանք կանցկացնեն ընտանիքի հետ, իսկ հետո կուղևորվեն հիմնական զորամասեր՝ իրենց գիտելիքը, կարողություններն ու հմտությունները ծառայեցնելու զինվորական գործին, առաքելությանն ու հայրենիքին։
ԼԱՈՒՐԱ ՄԱՄՅԱՆ
ՆԵՐՍԵՍ ԻՎԱՆՅԱՆ
ԴԱՎԻԹ ԴԱՎԹՅԱՆ
Խորագիր՝ #42 (1555) 24.12.2024 - 31.12.2024, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում