Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՆ ՊՏՏՎԵԼ Է ՃԱՊՈՆԻԱՅԻ ՕԴԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ



Ճապոնիայի ռազմաօդային ուժերը տագնապով օդ են բարձրացել, երբ Մոսկվայի ժամանակով առավոտյան 4.00-ին հինգ ռուսական ռազմական ինքնաթիռ` երկու «Ту-95» ռազմավարական ռմբակոծիչներ, երկու ռազմաճակատային հետախուզական «Су-24»-ներ և հեռավոր ռադիոլոկացիոն հայտնաբերման ու ղեկավարման «А-50» ինքնաթիռը, Խաղաղ օվկիանոսի ու Ճապոնական ծովի կողմից թռել են Ճապոնիայի հյուսիսում գտնվող Հոկայդո կղզու և երկրի հիմնական` Հոնսյու կղզու սահմանների երկայնքով, սակայն չեն մտել Ճապոնիայի օդային տարածք:

Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը երկրի օդային սահմանների մոտ միանգամից հինգ ռազմական ինքնաթիռների հայտնվելը որակել է որպես «աննախադեպ պատահար»:

Իսկ ՌԴ ռազմաօդային ուժերի ներկայացուցիչը հայտարարել է, որ Ճապոնիայի օդային տարածքի մերձակայքում ռուսական զինվորական ավիացիայի թռիչքն իրականացվել է չեզոք ջրերի օդային տարածքում և լրիվ համապատասխանել միջազգային նորմերի բոլոր պահանջներին: Ըստ գնդապետ Դրիկի, երկու «Ту-95МС» ռազմավարական հրթիռակիր ռմբակոծիչները փետրվարի 7-ին և 8-ին թռչելով ճապոնական կղզիներից հյուսիս` Խաղաղ օվկիանոսի չեզոք ջրերի վրայով, հաջողությամբ իրականացրել են օդային պարեկման խնդիրներ, ինչպես նաև մշակել առանց կողմնորոշիչների տարածքում թռչելու, օդում «Ил-78» երկու ավիավառելիքատար ինքնաթիռներից վերալիցքավորում կատարելու, ինչպես նաև տարբեր մակնիշների ու նշանակության ինքնաթիռների անձնակազմերի համագործակցության հմտություններ: Խնդիրների կատարման մեջ ներգրավվել են նաև երիտասարդ մասնագետներ, որոնք ձեռք են բերել հեռավոր թռիչքի մասնակցության մեծ փորձ:

Մինչ Ռուսաստանի սահմանը, թռիչքի առանձին հատվածներում նրանց ուղեկցել են «Су-27» ինքնաթիռներ, իսկ պարեկման ընթացքում օդային տարածքի հսկողությունն իրականացրել է «А-50» ինքնաթիռի անձնակազմը:

Թռիչքը տևել է 16 ժամ և ուղեկցվել Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերի և Հարավային Կորեայի ռազմաօդային ուժերի «F-15» և «F-16» տասներեք ինքնաթիռների կողմից:

Վերջին անգամ ռուսական երկու «Ту-95» ինքնաթիռներ Ճապոնիայի օդային տարածքի շրջագծով, առանց օդային սահմանը խախտելու, 14 ժամյա թռիչք և օդում վերալիցքավորում էին իրականացրել 2011 թվականի սեպտեմբերին: Այն ժամանակ ևս Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերի հրամանատարությունը տագնապով օդ էր բարձրացրել մի քանի կործանիչներ` արգելելու երկրի օդային սահմանների խախտումը:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական


10/02/2012