ԱՂՈԹՔՆԵՐ
Առավոտյան ժամ
Գոհանում ենք Քեզանից, Տե՛ր Աստված մեր, Որ Քո երեւելի լույսով ուրախացրիր Քո բոլոր արարածներին, իսկ Քո պատվիրանների իմանալի լույսով լուսավորեցիր բոլոր նրանց, ովքեր հավատում են Քեզ։ Զորացրո՛ւ եւ մեզ, Տե՛ր, պահելու Քո պատվիրաններն այսօր եւ ամեն ժամ։ Որպեսզի լուսավորված մտքով միշտ Քո կամքը կատարենք եւ գալիք բարիքներին հասնենք Քո բոլոր սուրբերի հետ՝ մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի շնորհով եւ մարդասիրությամբ, Որին վայել է փառք, իշխանություն եւ պատիվ այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից. ամեն։
♦♦♦
Ամենակալ, ամենամեծ Աստված, ընդունի՛ր առավոտյան այս աղոթքները եւ բանավոր պաշտամունքը Քո անապական եւ երկնային խորանների մեջ։ Ծագեցրո՛ւ մեզ վրա Քո արդարության եւ իմաստության լույսը, դարձրո՛ւ մեզ լույսի եւ ցերեկվա որդիներ, որպեսզի այսօր երկյուղածությամբ վարենք մեր կյանքը եւ առանց գայթակղության ավարտենք։ Քանզի Դու ես մեր օգնականը եւ Փրկիչը եւ Քեզ վայել է փառք, իշխանություն եւ պատիվ այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից. ամեն։
ՃԱՇԻ ԺԱՄ
Խաղաղությամբ Քո, Հոգի՛ Սուրբ, Աստվա՛ծ ճշմարիտ, որ վեր է բոլոր մտքերից եւ խորհուրդներից, մխիթարի՛ր Քո ծառաների անձերը՝ ընդունելով մեր աղաչանքները. Քո բարերարությամբ հեռացրո՛ւ մեզանից մեր հանցանքների պատուհասի ցասումը։
Ների՛ր եւ լսի՛ր մեզ, քավի՛ր եւ ների՛ր մեր մեղքերը, արժանացրո՛ւ գոհությամբ փառավորելու Քեզ Հոր եւ Միածին Որդու հետ այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից. ամեն։
♦♦♦
Տե՛ր Աստված մեր, զգեստավորի՛ր մեզ արդարության զենքերով՝ զորավոր եւ հաղթող լինելու սատանայական պատերազմների դեմ, եւ նրա բոլոր հրեղեն նետերը հանգցնելով՝ ապահով լինենք դեւերի խավարային ընթացքից, կեսօրվա դիվային գայթակղությունից։ Եվ վայելչաբար զգաստանալով այս օրվա ընթացքում՝ առաքինությամբ մնանք մեր անձերի փրկության համար՝ ի պատիվ եւ ի փառս Ամենասուրբ Երրորդությանդ այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից. ամեն։
ԵՐԵԿՈՅԱՆ ԺԱՄ
Տե՛ր Աստված մեր, երկրպագելով գոհանում ենք Քեզանից՝ այս օրվա ընթացքը մեզանից խաղաղությամբ անցկացնելու համար։ Շնորհի՛ր մեզ, Տե՛ր, աղաչում ենք Քեզ՝ այս երեկո եւ առաջիկա գիշերը առանց մեղքերի եւ գաղթակղության անցկացնել, միշտ հաստատուն մնալ հավատի, լույսի, սիրո եւ Քո պատվիրանապահության մեջ՝ խնդրելով խաղաղությունը ողջ աշխարհի համար, Քո սուրբ Եկեղեցու անսասանությունը եւ մեր անձերի փրկությունը։ Որպեսզի ընդունելով Քեզանից մեր խնդրանքները՝ նաեւ մեծ վայելչական փառաբանություն միշտ ի բարձունս առաքենք ամենազոր տերությանդ, Քրիստո՛ս Աստված մեր, այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից. ամեն։
♦♦♦
Հա՛յր գթած, բարեխնամող, Արարի՛չ բոլոր արարածների, ընդունի՛ր Քո ծառաների պաղատանքներն այս երեկոյան ժամին, որ առատ ես բոլորի նկատմամբ Քո բարերարության պարգեւներով։ Ողորմի՛ր, Տե՛ր, ամբողջ աշխարհին, Քո սուրբ Եկեղեցուն, հիվանդներին, վշտացածներին, ճանապարհորդներին, նավորդներին, խոստովանողներին, ապաշխարողներին եւ հանգուցյալների հոգիներին։ Քանզի Դու, Տե՛ր ամենակալ, գիտես մեր պետքերն ու կարիքներն առավել, քան խնդրում եւ իմանում ենք, եւ Քեզ Որդու եւ Ամենասուրբ Հոգու հետ վայել է փառք, իշխանություն եւ պատիվ այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից. ամեն։
ՀԱՆԳՍՏԻ ԺԱՄ
Տե՛ր բարերար, որ մեծ գթությամբ պատրաստեցիր հավիտենական հանգիստը առաքինությամբ վաստակածների համար եւ քաղցր ձայնով կանչեցիր Քեզ մոտ մեղքով ծանրաբեռնվածներին եւ տառապածներին՝ հանգիստ խոստանալով նրանց։ Շնորհի՛ր եւ մեզ, Տե՛ր, անխռով խաղաղությամբ անցկացնել այս գիշերը, մեղքի ծանրությունից հոգնածներիս անխռո՛վ պահիր եւ արժանացրո՛ւ հավիտենական հանգստին Քո բոլոր սուրբերի հետ։ Եվ գոհանալով փառավորենք Քեզ Հոր եւ Ամենասուրբ Հոգու հետ այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից. ամեն։
♦♦♦
Տե՛ր Աստված մեր, խաղաղությա՛մբ պահիր մեզ այս գիշեր եւ ամենայն ժամ։ Քո սուրբ երկյուղի վրա բեւեռած պահի՛ր մեր մտքերն ու խորհուրդները։ Որպեսզի միշտ Քեզանով պահպանված լինենք թշնամու որոգայթներից եւ օրհնենք ու փառավորենք Քեզ՝ Հորը, Որդուն եւ սուրբ Հոգուդ, այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից. ամեն։
Խորագիր՝ #05 (921) 09.02.2012 – 15.02.2012, Հոգևոր-մշակութային