Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԲԱՐՈՎ ՀԵՏ ԳԱՍ…



Սեւակ Ավագյանը ժամագործ է։ Արհեստանոցը, որը մի փոքրիկ խուց է հիշեցնում, անքան էլ հաճախ չեն այցելում պատվիրատուները, սակայն նրա մոտ միշտ մեկնումեկը լինում է, որը մի կերպ տեղավորվում է նեղ խցի միակ աթոռին։ Եթե այդ միակ աթոռը զբաղված է՝ ուրեմն այդ մարդը պատվավոր մարդ է կամ էլ Սեւակի մարտական ընկերներից։ Սեւակն ազատագրական բանակի մարտիկներից է եղել, իսկական գաղափարի զինվոր։ Եթե անցորդը նրան հանդիպի դրսում եւ զրույցի բռնվի, ավելի շուտ կկարծի, թե նա պատմաբան է, կա՛մ էլ արվեստաբան կամ գրող…

Ժամագործի նրա խցում հաճախ են լինում հին երեւանցիներ, մտավորականներ։ Հաճախ էր այնտեղ լինում «Զորավար Անդրանիկ» հայրենակցական միության նախագահ Նորայր Մուշեղյանը։ Այդ խոսքուզրույցները ունկնդրելու համար պետք է դռանը կանգնած լարես ուշադրությունդ… Առանձնակի սիրով է խոսում իր լուսահոգի հրամանատարի` Լեոնիդ Ազգալդյանի մասին։

-«Ազատագրական բանակին» անդամագրված ամեն մի զինվոր պարապմունքների, վարժանքների, փորձությունների մի ողջ շարան էր անցնում,- հիշում է Սեւակը,- մեկ-մեկ էլ լուսահոգի հրամանատարս կատակում էր. «Հիմա կասեք, բա մեզ մեր չի՞ բերել՝ ինչի ես էսքան չարչարում»։ Ես էլ Ձեզ ասում եմ. «Սիրելի՛ զինվորներ, բոլորս էլ մայրեր ունենք, ու որպեսզի մեր մայրերի աչքերին արցունք չլինի՝ պիտի պարապենք ու մարզվենք, պիտի չարչարվենք»։

Այսպես է ասում Սեւակը, որը վերք ունի, ցնցակաթված է տարել, սակայն անցնող տարիների հետ երբեք չի պակասել նրա բարությունը։ Երբ հիշեց իր հրամանատարի խոսքերը մայրերի մասին, հիշեց նաեւ իր Նազիկ մորը.

-Ազնվական արյուն էր հոսում մորս երակներում։ Մեծահարուստ Հեր-Հարությունյանների տոհմից էր, որոնք գաղթել էին Խոյից՝ մեր պատմական Հեր գավառից։ Ազնվականի այդ կեցվածքը ես զգացի նաեւ այն օրհասական օրերին, երբ շատերը փորձում էին թաքցնել իրենց ամուսիններին, որդիներին, որ սահման չգնան, որ Արցախ չգնան…

Երբ անդամագրվել էի Ազատագրական բանակին ու պետք է մեկնեի ռազմի դաշտ, Նազիկ մորս ասացի.

-Մա՛մ, կռիվ եմ գնում, Արցախ…

Ես, ընկերներս սպասում էինք, թե ինչ պատասխան պիտի տա մայրս։ Մեկ էլ մայրս նայեց ինձ, ժպտաց, հետո փաթաթվեց, համբուրեց ու ասաց.

-Ուզում ես լաց լինեմ՝ ասեմ՝ վայ, տղա ջան, մի՛ գնա… Չէ՛, տղա՛ ջան, ես գիտեմ՝ մեկ է՝ գնալու ես։ Բարով գնաս, բարով հետ գաս, տղա ջան…

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
մայոր

Խորագիր՝ #05 (921) 09.02.2012 – 15.02.2012, Հոգևոր-մշակութային


15/02/2012