ԳՐՔԵՐԸ ԲԱԺԱՆՎԵՑԻՆ ԴՊՐՈՑՆԵՐԻՆ
Մասիսի տարածքային զինկոմիսարիատը բանակի 20-րդ տարեդարձը նշում է «Զորավար Անդրանիկ» ջոկատի՝ Արցախյան հերոսամարտի սխրագործությունները ամփոփող «Հրեղեն ոգու կանչը» գրքի լույսընծայմամբ: Սերժ Առաքելյանի հեղինակությամբ և Մասիսի զինկոմ գնդապետ Գնել Մանուկյանի մեկենասությամբ գրված փաստավավերագրական գիրքը բաժանվել է Մասիսի դպրոցների ՆԶՊ ուսուցիչներին: «Անդրանիկ Զորավարի» մեջ ընդգրկված 23 տարբեր ջոկատների անմոռանալի քաջագործությունները, խիզախումները, հայրենասիրության բաց դասագիրք են յուրաքանչյուր աշակերտի համար: Վերոհիշյալ ջոկատի հրամանատար, Մասիսի զինկոմ Գնել Մանուկյանը, որը նաև «Զորավար Անդրանիկ հայրենակցական միություն» ՀԿ-ի նախագահն է, նշեց, որ զինկոմիսարիատի աշխատողները պատմական տարեդարձի կապակցությամբ պարգևատրվել են «Հայաստանի Հանրապետության զինված ուժեր. 20 տարի» հոբելյանական հուշամեդալներով:
Մասիսի շրջանի դպրոցականները Բանակի տոնը նշեցին` այցելելով զորամասեր, համերգներով հանդես եկան ինքնագործ խմբակներում: Մասիսի քաղաքապետարանը զինկոմիսարիատի հետ մեկտեղ կազմակերպեց տոնական ճաշկերույթ: Ազատամարտիկները մասնակցեցին նաև Երևանում տեղի ունեցած տոնական համերգին:
ՔՐԻՍՏԻՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Խորագիր՝ #05 (921) 09.02.2012 – 15.02.2012, Բանակ և հասարակություն