ԱՄԵՐԻԿՅԱՆ ՏԱՆԿԸ ԿՈՐՑՆՈՒՄ Է ՇՈՒԿԱՆ
Տանկերի համաշխարհային շուկայի` իր ամենամյա վերլուծության մեջ «Forecast International»-ը գրում է, որ մինչ 2021թ.-ը սպասվում է, որ համաշխարհային շուկա կներկրվեն ավելի քան 5500 հիմնական մարտական տանկեր, որոնց ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան 24250 մլն ԱՄՆ դոլար:
ԱՄՆ-ի բանակը մտադիր է իր «M1 Abrams» տանկերը մարտունակ վիճակում պահպանել մինչև 2050թ.-ը` անընդհատ նորոգելով ու արդիականացնելով դրանք:
Սակայն վերջին տարիներին այդ տանկերի մարտունակությունն ապահովող ծախսերը շարունակաբար նվազում են: 2010թ.-ին ԱՄՆ ՊՆ-ն «M1 Abrams» տանկերի տեխնիկական սպասարկման, վերականգնման և արդիականացման համար հատկացվող գումարը նախորդ տարվա համեմատությամբ կրճատել է 67,2%-ով: 2011թ.-ին ԱՄՆ ՊՆ-ի «M1 Abrams» տանկերի համար նախատեսված ծախսերը 2010թ.-ի համեմատությամբ նվազել են 42,77%-ով: Ընդհանուր առմամբ, 2004թ.-ից հետո «M1 Abrams» ծրագիրը շուկայում կորցրել է իր մասնաբաժնի գրեթե 82%-ը:
Փորձագետների կարծիքով, շուկայում առաջատարի տեղը կշարունակի զբաղեցնել չինական արտադրության «Type 98»-ը: Պաղեստինյան «Al-Khalid» և ռուսական «T-90»-ը (որն արտոնագրով արտադրվում է նաև Հնդկաստանում` 90C մակնիշով), կկազմեն ամբողջ աշխարհում վաճառվող տանկերի 54,79%-ը: Իսկ 2021թ. դրանց մասնաբաժինը շուկայում կկազմի 43,79%:
Ըստ փորձագետների` վաղուց անցել են այն օրերը, երբ հիմնական մարտական տանկերի միջազգային շուկայում ԱՄՆ-ի և եվրոպական երկրների արտադրած մեքենաները առաջատար դիրք էին զբաղեցնում: Այդուհանդերձ, «M1 Abrams»-ը շարունակում է մնալ ժամանակակից լավագույն մարտական մեքենաներից մեկը: Վերջին մարտական բախումների ընթացքում նա ապացուցեց, որ համապատասխանում է ժամանակակից անհամաչափ պատերազմների բոլոր չափանիշներին:
Խորագիր՝ #05 (921) 09.02.2012 – 15.02.2012, Ռազմական