Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆՇՎԵՑ ԲԱՆԱԿԻ ՕՐԸ



Համաժողովրդական տոնի վերածված Հայոց բանակի 20-րդ տարեդարձը մեծ շուքով և հանդիսությամբ նշվեց նաև 1-ին զորամիավորումում: Հանդիսություններին ներգրավված էին հանրակրթական դպրոցների աշակերտներ, ուսուցիչներ, տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ժողովրդական լայն զանգվածներ:

Զորամիավորման ենթակա բոլոր զորամասերում և ստորաբաժանումներում, զորամասերին կցագրված դպրոցներում հունվարի 27-ից սկսեցին անցկացվել ռազմահայրենասիրական թեմաներով բաց դասեր, հայրենասիրական զրույցներ, մեծարման և հուշ-երեկոներ, կազմակերպվեցին Արցախյան ազատամարտի վերաբերյալ ֆիլմերի դիտում, ռադիոեթերի և պատի թերթերի թողարկում, սեղանի խաղերի մրցաշարեր, մարզական միջոցառումներ, վիկտորինաներ, համերգներ, տոնական միջոցառումներ, էքսկուրսիաներ….

Հունվարի 28-ին N զորամասի շարահրապարակում տեղի ունեցավ հանդիսավոր միտինգ, որին մասնակցեց 1-ին ԲԿ հրամկազմը: Տոնական միտինգի բացման խոսքով հանդես եկավ փոխգնդապետ Կ. Բաբլումյանը: Զինծառայողներին ուղղված շնորհավորանքի խոսքով հանդես եկան գնդապետ Վ. Բաղդասարյանը, գնդապետ Ա. Համբարձումյանը, մի շարք զինծառայողներ:

Հանդիսավոր պայմաններում զորամասի սպայական, ենթասպայական և պայմանագրային զինծառայողներին հանձնվեցին ՀՀ ԶՈՒ «20 տարի» հոբելյանական մեդալներ: Ընթերցվեց 1-ին ԲԿ հրամանատար գեներալ-մայոր Կ. Աղաջանյանի հրամանը, որի համաձայն` զորամասի լավագույն զինծառայողներն արժանացան տարբեր խրախուսանքների:

Այնուհետ միտինգը շարունակվեց քաղաքի հրապարակում: Հանդիսավոր քայլերթով շքերթի անձնակազմը շարժվեց հրապարակ` զինվորական փողային նվագախմբի ուղեկցությամբ:

Միտինգի բացման և շնորհավորանքի խոսքով հանդես եկան զորամասի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ փոխգնդապետ Ա. Բաբայանը, քաղաքապետի տեղակալ Տ. Բարխուդարյանը:

Հետախուզական վաշտի զինծառայողները ցուցադրեցին մարտական հնարքներ: Անձնակազմը շարային երգով անցավ հրապարակով, շարժվեց դեպի եկեղեցի, որտեղ Սյունյաց թեմի Առաջնորդական տեղապահ Մակար վարդապետ Հակոբյանը շնորհավորեց, օրհնեց, գոհաբանության և մաղթանքի խոսքեր ասաց մեր զինծառայողներին:

Հայոց բանակի 20-րդ տարեդարձի առթիվ 1-ին զորամիավորումում կազմակերպված տոնական միջոցառումները (տոնական համերգներ, ներկայացումներ և այլն) շարունակվեցին նաև հաջորդ օրը: Ինչպես ամբողջ հանրապետությունում, այնպես էլ 1-ին բանակային զորամիավորումում ամբողջ ուսումնական տարին հայտարարված է Հայոց Բանակի 20-րդ տարեդարձի տոնակատարությունների տարի, և կազմակերպված միջոցառումները ձոնվելու են նշանավոր հոբելյանին` ավելի ու ավելի մարտունակ դարձնելու Ազգային բանակը, պահպանելու և ամրապնդելու այն հերոսական ոգին, որ հաղթանակ կերտեց Արցախյան պատերազմում:

ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Խորագիր՝ #05 (921) 09.02.2012 – 15.02.2012, Ազգային բանակ


15/02/2012