ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ ՉԵՂՅԱԼ ԵՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ԵՐԿՐԻ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ
Եգիպտոսի զինված ուժերի բարձրագույն խորհուրդը, որն այժմ ղեկավարում է երկիրը, մի քանի տասնամյակների ընթացքում առաջին անգամ չեղյալ է համարել երկրի անվտանգության բարձրագույն արտակարգ դատարանի վճիռը: Այն վերաբերվում էր 2004 թվականին Կարմիր ծովում գտնվող Թաբա առողջարանային վայրում իրականացված ահաբեկչական գործողություններին: Գործն ուղարկվել է վերաքննության:
2004 թվականին իրականացված չորս ահաբեկչությունների հետեւանքով զոհվել էր 34 հոգի, բազմաթիվ մարդիկ, այդ թվում նաև ՌԴ ավելի քան մեկ տասնյակ քաղաքացիներ վիրավորվել էին: Հետագայում դատապարտվել էին 16 անձինք, որոնք Սինայի թերակղզու բեդվին ցեղերի ներկայացուցիչներ էին:
Երկրի զինված ուժերի բարձրագույն խորհրդի այս աննախադեպ քայլը պայմանավորված է երկրում զբոսաշրջության խոշորագույն կենտրոններից մեկում` Սինայի թերակղզում տիրող չափազանց լարված դրությունը սեփական ուժերով լիցքաթափելու և վերահսկելու վերաբերյալ տեղի բեդվին ցեղերի առաջնորդների տված խոստումով և նրանց հետ հարաբերությունները չփչացնելու մտահոգությամբ:
Խորագիր՝ Նորություններ