Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԳՅՈՒՂԻ ԱՌԱՋԻՆ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ



Թեժ մարտեր էին ընթացել գյուղի ազատագրման համար։ Կիսաքանդ, այրված տներ, շտապ փորված ու արդեն հող ու խոտով ծածկված դիրքեր։ Ներքեւում հոսում է Լեւագետը։ Գյուղը հսկում է առյուծի նմանվող ժայռը, որից էլ երեւի առաջացել է գյուղի անունը։ Տարիներով անխունկ ու անմոմ, քանդված մատուռներ, վիրավոր տապանաքարեր։ Ամեն քայլափոխի հանդիպում ես սուրբ նշխարի, վկայությունների, որոնք հայ զինվորի ձեռքով մաքրված, խնամքով՝ կկոցում են աչքերը լույսից, արեւից՝ ականջալուր հայ բառ ու բանին։ Գյուղում զինվորականներ են ապրում, ոմանք՝ ընտանիքներով։ Առաջին բնակիչներն էին Էդգար Զաքարյանը, Տաթեւիկ եւ Գեղամիկ Թովմասյանները, Սիրունիկ եւ Անդրանիկ Ներսիսյանները, Ալինա Աբգարյանը։ Տաթեւիկը երկու տարեկան է, Անդրանիկը՝ տասը։ Հունիսի 23-ին լրացավ Գեղամիկի հինգ տարին, 27-ին՝ Սիրունիկի 4, իսկ հուլիսի 8-ին Էդգարը դարձավ 1 տարեկան։ Երեքամյա Ալինան զինվորի հանդիպելիս պատիվ է տալիս ու թլոշ լեզվով կանչում.

-Հավսա՜լ, զգա՛ստ…

Հրամանատար հայրը՝ Հովիկ Աբգարյանը, պատմում է, որ Ալինան ամեն առավոտ իրենից շուտ արթնանում ու կանչում է.

-Հայլի՜կ, ուշանում ես հավսալ, զգաստից…

1997թ. հունիս:

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
մայոր

Խորագիր՝ #06 (922) 16.02.2012 – 22.02.2012, Հոգևոր-մշակութային


22/02/2012