ՆՐԱՆՑ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, գնդապետ ՎԱԶԳԵՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ հետ զրույցի թեման արտասահմանյան բանակներում բարոյահոգեբանական վիճակի ապահովումն է:
– Պարո՛ն Մարգարյան, մեր բանակի ղեկավարությունը մեծապես կարևորում է ռազմահայրենասիրական դաստիարակությունը: Իսկ արտասահմանյան երկրների բանակներում կա՞ այդպիսի հասկացություն:
– Այնտեղ ԶՈՒ-ի պահանջվող մակարդակի մարտունակության և մարտական պատրաստության պահպանման նպատակով պետական և ռազմական ղեկավարության կողմից անցկացվող միջոցառումների համալիրում կարևոր տեղ է հատկացված անձնակազմի բարոյահոգեբանական պատրաստմանը, որի կարևոր ուղղություններից մեկն է հայրենասիրության, ազգային արժեքներին հավատարմության դաստիարակությունը:
– Ո՞րն է անձնակազմի բարոյահոգեբանական պատրաստման արդյունքը:
– ԶՈՒ-ի անձնակազմի բարձր մակարդակի բարոյահոգեբանական վիճակի ապահովումը:
– Իսկ ի՞նչ է ենթադրում դա:
-Ինչպես առանձին զինծառայողի, այնպես էլ ստորաբաժանման անձնակազմի (նաև ԶՈՒ-ն ամբողջությամբ վերցված) բարոյական և հոգեբանական մեծ կայունություն, որը կառուցվածքային առումով, ըստ արտասահմանյան մասնագետների, ներառում է հետևյալ տարրերը` կարգապահություն, մարտական ոգի, հաղթելու կամք, ինքնատիրապետում, արժանապատվության զգացում, նվիրվածություն զինվորական գործին և այլն:
-Ի՞նչ դերակատարություն ունի եկեղեցին ԶՈՒ-ի անձնակազմի կենսակերպում:
– Զինվորական քահանաները հրամանատարներին մեծ օգնություն են ցուցաբերում անձնակազմի դաստիարակության գործում: ԱՄՆ-ի ռազմաքաղաքական ղեկավարությունը եկեղեցին դիտում է որպես կարևոր հաստատություն, որն անմիջականորեն է ներգործում վարքի նորմերի և բարոյական սկզբունքների ձևավորման վրա, և որը ԶՈՒ-ի անձնակազմը դաստիարակում է տվյալ հասարակությունում ձևավորված բարոյական արժեքներին համապատասխան: Կրոնական ներգործությունն ուղղված է զինծառայողների մեջ այնպիսի որակների ձևավորմանը, ինչպիսիք են` նվիրվածությունը, պատասխանատվությունը, հանդուրժողականությունը, ֆիզիկականի և հոգեկանի ներդաշնակությունը, բարձր բարոյական ոգին, անձնուրացությունը, բարոյահոգեբանական որակների համապատասխանությունը սահմանված նորմերին: Հեռանկարում ԶՈՒ-ում կրոնական ներգործությունը ավելի մեծ չափով ուղղված կլինի անձնակազմի շրջանում սոցիալական վարքի կարծրատիպերի ամրապնդմանը և ցանկացած խնդրի կատարման անհրաժեշտության մեջ համոզվածության ձևավորմանը:
– Մենք սիրում ենք շեշտել, որ հայ զինվորին բնորոշ է մարտական ոգու հզորությունը: Հետաքրքիր է, իսկ արտասահմանյան (ավելի որոշակի՝ Արևմուտքի) երկրների զինծառայողնե՞րն ինչ առավելություն ունեն:
– Ճիշտ ձևակերպում է՝ նրանք նույնպես առավելություններ ունեն, որոնց իմացությունը առնվազն ուսանելի է մեզ համար: Ինչպես ցույց է տալիս պրակտիկան, ՆԱՏՕ-ի երկրների զինծառայողների ԲՀՎ ուժեղ կողմերն են` բարձր մակարդակի անհատական մասնագիտական պատրաստությունը և այն մշտապես բարձրացնելու ձգտումը, համոզվածությունը պետության կողմից վարվող քաղաքականության բացառիկության մեջ, հպարտությունը իր երկրի և այդ երկրի ԶՈՒ-ում ծառայելու համար, նվիրվածությունը ԶՈՒ-ի ավանդույթներին, վստահությունը իրեն տրամադրված սպառազինության և ռազմական տեխնիկայի որակի նկատմամբ, ռազմական գործողություններին բարձր հոգեբանական պատրաստությունը:
– Փաստորեն, այդ ամենին ձգտում ենք հասնել նաև մենք:
– Իհարկե, դրանք բոլորն էլ անհրաժեշտ և կարևոր որակներ են:
– Բայց նրանք ունեն նաև թերություններ…
– Անշուշտ: Մասնագետները հետազոտություններով ի հայտ են բերել Արևմուտքի բանակների զինծառայողներին բնորոշ մի շարք բացասական գծեր, մասնավորապես՝ չափից դուրս մեծ ձգտում դեպի նյութական խթանները, քամահրական (արհամարհական) վերաբերմունք հակառակորդի նկատմամբ, իր ուժերի գերագնահատում, հարմարություններ չլինելու և անհաջողությունների նկատմամբ բարձր զգայունակություն (մարտական գործողությունների ընթացքում նախաձեռնության կորուստը կարող է հանգեցնել զինծառայողների ԲՀՎ մակարդակի անկման), ռասայական նախապաշարմունքներ, ծայրահեղ ձևերի անհատապաշտության դրսևորում, կարիերամոլություն, ինքնամփոփություն, փոխհարաբերություններում լարվածություն, ոգելից խմիչքների, թմրանյութերի չարաշահում, կին զինծառայողների նկատմամբ սեքսուալ նկրտումներ և այլանդակություններ:
– Կարելի՞ է ասել, որ այն, ինչ նրանց թերությունն է, բնորոշ չէ մեզ, ուստի մեր առավելությունն է:
– Թերևս, միայն վերապահումով, քանի որ ոչ թե պետք է հայտարարենք, որ մենք զերծ ենք նշված թերություններից, այլ ամեն ինչ անենք՝ դրանցից խուսափելու համար:
– Այդ դեպքում եկեք փոքր-ինչ մանրամասնենք թերությունները: Նախևառաջ, հարց է ծագում՝ ինչպե՞ս կարելի է լինել նյութապաշտ, կարիերամոլ և միևնույն ժամանակ՝ բարոյապես կայուն, ունենալ արժանապատվության զգացում, նվիրված լինել ոչ նյութական արժեքների:
– Բնականաբար, նյութապաշտությունը սահմանափակում է բարոյական կայունությունը: ՆԱՏՕ-ի բանակների զինծառայողներին բնորոշ թերությունների մեջ ես նշեցի նաև «հարմարություններ չլինելու և անհաջողությունների նկատմամբ բարձր զգայունակությունը», ինչն էլ հենց նյութապաշտության հետևանքն է:
– Եթե խիստ լինենք, ապա բարոյական կայունությունը միշտ էլ ինչ-որ սահման ունի:
– Բնականաբար, և բարձր մակարդակի բարոյահոգեբանական վիճակի պահպանման նպատակը այդ կայունությունը անհրաժեշտ սահմանի վրա պահելն է: Սակայն համաձայնեք, որ դա կարող է լինել հեշտ կամ դժվար, և այդ շեմը կարող է լինել բարձր կամ ցածր: Իսկ դա մարտի դաշտում շատ բան է փոխում:
– Լավ, իսկ ինչո՞վ է վատ ինքնամփոփությունը:
– Նախևառաջ, անկանխատեսելիությամբ. ինքնամփոփ զինվորի հոգեկանում կատարվող պրոցեսները անհայտ և անհասկանալի են հրամանատարին, ուստի նա չի կարող հարկ եղած դեպքում միջոցներ ձեռնարկել զինվորի բարոյահոգեբանական վիճակը վերականգնելու ուղղությամբ: Մարտի դաշտում դա նշանակում է չիմանալ կամ վատ իմանալ սեփական հնարավորությունները՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:
– Իսկ ի՞նչ նկատի ունեք «ծայրահեղ ձևերի անհատապաշտության դրսևորում» ասելով:
– Եսասիրությունը: Պատերազմում անհնար է հաղթել միայնակ: Եւ ուրեմն՝ յուրաքանչյուր զինվոր պետք է ունենա սոցիալականացմամբ պայմանավորված անհրաժեշտ դրական հատկություններ, հետևաբար և, տոգորված լինի ընկերասիրության նվազագույն չափով: Իսկ անհատապաշտության ծայրահեղ դրսևորումները որոշակի իրավիճակներում թույլ չեն տալիս կատարել մարտական խնդիրը:
Զրույցը վարեց ԱՐՍԵՆ ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆԸ
Խորագիր՝ #06 (922) 16.02.2012 – 22.02.2012, Ուշադրության կենտրոնում, Ռազմական