Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԵՏՈՅԻ ՎԵՐՋԻՆ ՄԱՐՏԸ



18 տարի առաջ, փետրվարի 14-ին, Օմարի լեռնանցքի ազատագրման մարտերում զոհվեց Արցախի հերոս Պետրոս Ղեւոնդյանը:

1994թ. հունվարյան կռիվները եւս մեկ փառապանծ ու ուսանելի էջ պարգեւեցին Արցախյան ազատամարտի պատմությանը: Հակառակ ադրբեջանական իշխանությունների գործադրած հսկայական ջանքերի եւ ի լուր աշխարհի հռչակած ամպագոռգոռ հայտարարությունների, նրանց բազմակողմանիորեն կազմակերպված եւ տեխնիկապես գերազանց հագեցված բանակը կրել էր իր հերթական ծանր պարտությունը՝ այս անգամ արդեն ղարաբաղյան ռազմաճակատի գրեթե բոլոր հատվածներում: Միակ խոցելի տեղը թերեւս Քարվաճառի ուղղությունն էր. ադրբեջանցիների զորամիավորումներին հաջողվել էր անցնել Օմարի լեռնանցքը եւ հաղթահարելով այդ ճակատում մարտնչող հայկական ուժերի պաշտպանությունը՝ կարողացել էր իր վերահսկողության տակ վերցնել լեռնանցքից մինչեւ Բաղիրլի, Բուզդուխ, Չիչագլի սարի բարձունքներն ու դրանցից դեպի հյուսիս-արեւելք՝ մինչեւ Սեիդլյար ընկած տարածքները: Ռազմաճակատի այդ հատվածում թշնամու հետագա առաջխաղացումն անխուսափելիորեն կարող էր բացասաբար անդրադառնալ Արցախի մյուս ճակատներում ծավալվող մարտական գործողությունների ընթացքի վրա:

Տվյալ իրավիճակում անհրաժեշտ էր արմատական բեկում մտցնել նաեւ Քարվաճառի հյուսիսում ընթացող մարտական գործողություններում եւ վճռական ու խելամիտ քայլերի միջոցով հաղթահարելով ադրբեջանական զորքերի դիմադրությունը՝ վերստին վերահսկողության տակ վերցնել մինչեւ Օմարի լեռնանցքը ձգվող տարածքը: Այդ խնդիրը կենսագործելու նպատակով Արցախի Հանրապետության բանակի հրամանատարությունը Քարվաճառի ռազմաճակատ է տեղափոխում ղարաբաղյան մի քանի փորձառու ջոկատներ, որոնց թվում նաեւ Շուշիի առանձնակի գումարտակի` Մարգարյան Ռոմիկի գլխավորած ջոկատը, թվով 15 հոգի:

Համակողմանիորեն կշռադատելով արդեն ստեղծված կացությունը՝ Ռոմիկը կատարում է տվյալ իրավիճակում թերեւս միակ ու ճշմարիտ քայլը. «Ես կապվեցի Պետոյի (Պետրոս Ղեւոնդյանի) հետ եւ ասացի, որ այստեղ գործ չի արվում: Կա՛մ մենք պետք է թողնենք եւ հետ գանք, կա՛մ, եթե գործ պետք է արվի, ուրեմն ամբողջ գումարտակը պիտի տեղափոխվի այստեղ: Թե չէ, չենք հասկանում, ո՞վ է հրամանատարը, ո՞րն է մեր անելիքը: Ընդամենը մի քանի կիլոմետրի վրա մի քանի գնդերից բերել են կիսատ – պռատ գումարտակներ, եւ այդ ճակատում ամբողջականություն եւ կազմակերպվածություն չկա»:

Ռոմիկից ստանալով վերոհիշյալ տեղեկությունները՝ Պետոն մեկնում է Ստեփանակերտ՝ հանդիպելու ԼՂՀ բանակի հրամանատարին եւ մինչ կհասցներ նրան շարադրել իր առաջարկությունը, հրամանատարն ինքն է հանձնարարում Պետոյին գումարտակով մեկնել Քարվաճառի շրջան եւ ձեռնամուխ լինել մարտական շատ կարեւոր ու պատասխանատու առաջադրանքի կատարմանը: Գումարտակը պետք էր հյուսիսային ճակատ եւ այնտեղ գտնվող արցախյան մյուս ռազմիկների համագործակցությամբ ջախջախեր հակառակորդին ու մաքրեր մինչեւ Օմարի լեռնանցքը ձգվող տարածքը:

Գումարտակի ուժերը տեղաբաշխվում են Չիչագլի սարից դեպի հարավ-արեւելք ձգվող ճանապարհի մերձակայքում, որտեղից Չիչագլիի բարձունքները շատ լավ երեւում էին: Այդ ժամանակ բարձունքների երեք հիմնական հենակետերից երկուսը գտնվում էին ադրբեջանցիների, իսկ մեկը՝ արցախյան մարտիկների վերահսկողության ներքո: Մինչեւ Շուշիի առանձնակի գումարտակի այստեղ տեղափոխվելը՝ արցախյան ուժերը փորձել են գրավել Չիչագլիի բարձունքները, որոնք ավարտվել էին անարդյունք: Պետոն դեռեւս չէր հասցրել, ինչպես հարկն է, տեղաբաշխել գումարտակի ուժերը, երբ ադրբեջանցիները գրավում են նաեւ ղարաբաղյան մարտիկների հսկողության տակ գտնվող միակ հենակետը:

Ի՞նչ պիտի արվեր:

Նախ՝ հարկավոր էր պահպանել զինվորների մարտունակությունը, թույլ չտալ, որ նրանք մրսեն ու հիվանդանան: Քարվաճառի ճակատում խստաշունչ եւ սարսափելի ցուրտ եղանակներ էին: Քանի դեռ մարտական գործողությունները չէին սկսվել, դեռեւս գտնվում էին նախապատրաստական փուլում, Պետոն, գումարտակի զինվորներին ցրտահարությունից, ինչպես նաեւ հոգնածությունից զերծ պահելու նկատառումով հրահանգում է զորաջոկատներին պարտադիր կարգով ամեն օր կատարել լիցքային վարժություններ, առավոտյան անպայման վազել ու ոչ մի դեպքում անգործության չմատնվել:

Երկրորդ՝ անհրաժեշտ էր պարզել տեղանքի ընդհանուր յուրահատկությունները, բարձունքում տեղաբաշխված հակառակորդի դիրքերի ու այնտեղ եղած ուժերի իրական դասավորությունը։ Երկաթյա օրենք էր՝ մինչեւ որեւէ գործողության ձեռնարկելը Պետոն ինքը պետք է գնար հետախուզության եւ անձամբ ուսումնասիրեր բոլոր այն նրբությունները, որոնց համակողմանի վերլուծությունն ու իմացությունը անհրաժեշտ էր մարտական գործողությունները հաջողությամբ մշակելու եւ իրականացնելու համար:

«Երեք օր,- պատմում է գումարտակում բոլորի կողմից սիրված երգիչ ու փորձառու ազատամարտիկ սասունիկցի Մակիչը (Մկրտիչ Մկրտչյան),- չափչփեցինք սարերը: Երեկոյան թրջված, ձնակոլոլ վերադառնում էինք, տաքանում եւ մյուս օրը՝ նորից: Երեք օր՝ առավոտից մինչեւ իրիկուն»:

Տեղանքը, իրոք, շատ բարդ կառուցվածք ուներ: Լեռնագագաթներում բուք էր, իսկ ներքեւում լեռնալանջերը պատված էին մինչեւ կես մետր ձյան շերտով: Ճիշտ է, մասնակիցների վկայությամբ, թշնամին այնքան էլ բազմաքանակ չէր, բայց տիրելով տեղանքը իշխող բարձունքներին՝ նրանք ձեռք էին բերել դիրքային շատ մեծ առավելություն: Արցախյան ստորաբաժանումների արդյունավետ գործողություններին զգալի չափով խոչընդոտում էր նաեւ այն, որ նրանց հարձակման գոտում, մինչեւ ադրբեջանցիների գրաված դիրքերը, ընդհատվում էր անտառային շերտը, իսկ բաց դաշտում բարձունքների վրա հարձակում գործելն անհամեմատ դժվարին խնդիր է: Պաշտպանության նման հզոր համակարգը խորտակելու համար անհրաժեշտ էր ուժերի հարաբերակցության ճշգրիտ հաշվարկ, մարտավարական ճկունություն եւ, իհարկե, ֆիզիկական ահռելի ուժերի ներդրում:

Հետախուզություն կատարելու ընթացքում, Մակիչի վկայությամբ, Պետոյի գլխում գործողությունն իրականացնելու հստակ մտահղացումը արդեն իսկ ծնվել էր:

Պարզվում է, որ ադրբեջանցիները, հիմնական ուշադրությունը բեւեռելով Չիչագլիի բարձունքներին, անընդհատ նորանոր ուժերով համալրում ու ուժեղացնում էին այդ հենակետերը: Տվյալ իրավիճակում դա շատ կարեւոր եւ նուրբ հանգամանք էր, որի նշանակությունը Պետոն անմիջապես նկատում է ու պատշաճորեն գնահատում: «Բոլորը սպասում են, որ մենք առաջին հերթին այդ բարձունքները (նկատի ունի Չիչագլի սարի վրա ադրբեջանցիներից վերահսկվող երեք բարձունքները – Հ. Գ.) կվերցնենք, որպեսզի տիրենք ու նոր առաջանանք: Բայց մենք ուրիշ բան կանենք. կկտրենք դեպի սարը ձգվող ճանապարհը, եւ նրանք կորցնելով թիկունքի հետ կապող հաղորդակցության ուղին՝ կհայտնվեն շրջափակման մեջ»:

Հակառակորդի դիրքերի վրա համանման մարտավարությամբ գրոհելու գաղափարը մինչ այդ արտահայտել էր նաեւ գումարտակի սպայակույտի պետ Ռոմիկը, որը մինչ Պետոյի Քարվաճառ գալը գտնվելով այդ ճակատում՝ գերազանց գիտեր տեղանքը: Պետոն Ռոմիկի ուղեկցությամբ մեկնում է Վանք գյուղ, որտեղ գտնվում էր Վիտալի Բալասանյանի գլխավորած Ասկերանի գնդի կենտրոնը՝ ռազմական խորհրդում ներկայացնելու հենց այդ տարբերակը:

«Առաջարկեցինք,- նշում է Ռոմիկը,- որ սարը թողնենք մեր թիկունքում, հենակետեր դնենք, որպեսզի նրանք չիջնեն սարից ու մեր ճանապարհը չփակեն: Առաջարկեցինք հենց այդտեղ պաշտպանություն դնել եւ աշխատենք մյուս բարձունքների՝ մասնավորապես 2071-ի վրա: Եթե գրավեինք այդ բարձունքը, ապա կփակվեր դեպի Չիչագլի տանող ճանապարհը, դեպի ուր այլեւս ոչ մի մեքենա ու տեխնիկա չէր կարող գնալ: Օգնության ճանապարհը փակում էինք, եւ նրանք, առանց սննդի ու փոխարինման, ստիպված կլինեին ցած իջնել»:

Փաստարկը միանգամայն տրամաբանական էր ու հիմնավորված, եւ ռազմական խորհուրդը հաստատեց Պեպոյի ու Ռոմիկի առաջարկությունը, որը զուտ մարտավարական առումով ոչ միայն խորապես կշռադատված էր ու արդյունավետ, այլեւ ուսանելի:

Արցախյան վերոհիշյալ ուժերի զբաղեցրած տարածքը, որտեղից պիտի սկսվեր հարձակումը, կիսալուսնաձեւ տեսք ուներ: Կիսալուսնի ձախ կողմը, Չիչագլի սարի հարավարեւմտյան ուղղությամբ մինչեւ Գյանջա-Քարվաճառ ձգվող ճանապարհների խաչմերուկը, զբաղեցնում էր Մարտունու շրջանի Խնուշնակ զորախումբը, մեջտեղում՝ Պետոյի գումարտակը, իսկ կիսալուսնի աջ կողմում տեղաբաշխված էր Ասկերանի գնդից Արշոյի՝ Պետոյի համալսարանական ընկերոջ, գլխավորած գումարտակը: Իսկ ավելի աջ Ստեփանակերտի գնդի հետախույզների դասակն էր, ապա՝ Մարտակերտի Իլիչի գումարտակի մարտիկները: Վերոհիշյալ զորախմբերից մարտակերտցիները մյուսների համեմատ հարձակման համար ունեին փոքր-ինչ նպաստավոր դիրք, քանի որ այդ պահին նրանց վերահսկողության տակ էր գտնվում Օմարի լեռնանցքից դեպի հարավ-արեւելք ձգվող ճանապարհահատվածը: Համաձայն ռազմական խորհրդում ձեռք բերված պայմանավորվածության, յուրաքանչյուր զորախումբ ինքն էր իր տեղամասում որոշելու հարձակման ուղղությունն ու գործողությանը մասնակցող զինվորների թվաքանակը:

Պետոյի գումարտակը պետք է գրավեր 2071 բարձունքը եւ կտրելով դեպի Չիչագլի ձգվող հաղորդակցության ուղիները՝ շրջափակման մեջ վերցներ սարի վրա դիրքավորված հակառակորդի խմբավորումը: Արշոյի գումարտակին հանձնարարված էր գրոհել այդ տեղանքում ամենաբարձր ու իշխող դիրք ունեցող Բաղրլուի բարձունքը եւ գրավելով այն՝ իջնել համանուն գյուղը: Նրանցից աջ միաժամանակ գործելու էին Ստեփանակերտի եւ Մարտակերտի զորաջոկատները:

Նախորդ գործողությունների անհաջողությունը վկայում էր, որ մարտերի անարդյունավետության հիմնական պատճառներից մեկը մինչ այդ տարբեր զորամիավորումների միջեւ ներդաշնակ համագործակցության բացակայությունն էր: Ուստի եւ մինչ այդ հաշվի առնելով անցյալի դառը փորձը, որոշվեց նախեւառաջ ապահովել մասնակից ուժերի կապն ու փոխգործողությունները: Եվ ի պատիվ զորահրամանատարների, պիտի ասել, որ նրանք այս անգամ առաջադրանքը իրագործեցին փայլուն:

Շարունակելի

ՀԱՄԼԵՏ ԳԵՎՈՐԳՅԱՆ
պատմ., գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Խորագիր՝ #06 (922) 16.02.2012 – 22.02.2012, Պատմության էջերից


22/02/2012