ՏԵՐ ԿԱՆԳՆԵՆՔ ՄԵՐ ՆԱԽՆԻՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻՆ
Հարցազրույց ծնողազուրկ երեխաների մանկապատանեկան-երիտասարդական «Վահան» կենտրոնի հիմնադիր-նախագահ ՎԼԱԴԻՄԻՐ ՆԻԿՈՂՈՍՅԱՆԻ հետ
– Ուղիղ 20 տարի առաջ` 1992թ. փետրվարի 6-ին, Դուք Ձեր և Ձեր կնոջ` Թագուհի Գրիգորյանի հավաքագրած ընտանիքների հետ միասին Երևանից տեղափոխվեցիք Մեղրիի շրջան` արձագանքելով սահմանամերձ շրջանները վերաբնակեցնելու կառավարության կոչին:
– Այո՛, 1991թ. սեպտեմբերին ՀՀ Նախարարների Խորհուրդը կոչով դիմեց հայ ժողովրդին` վերաբնակեցնել սահմանամերձ շրջանները: Դե, գիտեք, շարունակվում էր Ղարաբաղյան պատերազմը, անհրաժեշտ էր ապահովել նորաստեղծ հանրապետության անվտանգությունն ու ամրությունը: Կառավարությունում ստեղծվեց պաշտպանության շտաբ, որին օգնելու համար ես ու կինս մեր նախաձեռնությամբ, առանց որևէ նախապայմանի, լծվեցինք այդ գործին: Վերաբնակեցման նախաձեռնողն էր «Շեն» միությունը (նախագահ` Հայկ Մինասյան): Մեր ծանոթների շրջանում սկսեցինք բացատրական աշխատանք տանել, ընտանիքներ հավաքագրեցինք, և 1992թ. փետրվարի 6-ին կառավարության շենքի մոտից ավտոբուսը շարժվեց դեպի Մեղրիի շրջանի ամենահեռավոր Նյուվադի գյուղը, որը գտնվում է Ադրբեջանի սահմանից ընդամենը 7-8կմ հեռավորության վրա: Գյուղը ադրբեջանաբնակ էր եղել, որի բնակիչները 1991թ. օգոստոսի 8-ին լքել էին այն: Ես ընտրեցի այս գյուղը, քանի որ այդ ժամանակ չորս ռուս մտավորականներ հացադուլ էին սկսել (երկուսը` Ադրբեջանի, երկուսը` Հայաստանի տարածքում)` պահանջելով ադրբեջանցիներին վերադարձնել Նյուվադի:
Շատ լավ աշխատանք ունեի, Ռուսաստանի գրանցում, սակայն պահի թելադրանքն էր` հրաժարվել այս ամենից և արձագանքել հայրենիքի սահմաններն ամրացնելու կոչին: Ես դա անուն հանելու համար չեմ արել, ես ցանկանում էի, որ մարդիկ հայրենասիրության գաղափարի շուրջ համախմբվեն, մասնակցեն այս ազգանվեր գործին: Մենք վերաբնակեցրինք Նյուվադին 1/3-ով՝ շուրջ 200 հոգի: Մեզ հետ էր նաև բժիշկ-մանկաբույժ Սոնյա Ուստյանը իր ընտանիքի հետ, ով պատերազմի ժամանակ բազմաթիվ վիրավորների օգնություն ցույց տվեց, նաև երեխաների ծնունդ է ընդունել: Գյուղում սկսեցին գործել դպրոց, մանկապարտեզ, բուժկետ, խանութ, ակումբ և հեռախոսակայան: Դպրոցի գրադարանը հիմնելու համար Երևանից տեղափոխեցի իմ գրադարանը` մեկ բեռնատար գիրք, որոնք ես հավաքել էի հատուկ այս նպատակի համար` թերթեր, ամսագրեր, դպրոցական ծրագրին համապատասխան գեղարվեստական գրականություն, դասագրքեր, մեթոդական ձեռնարկներ և այլն: Նյուվադիում ես մշակույթի տան տնօրենն էի, իսկ կինս մանկապարտեզի վարիչն էր:
– Դուք նաև մանկատան, ծնողազուրկ երեխաների եք Ձեր ընտանիքի հետ տարել Նյուվադի: Ինչպե՞ս դա կազմակերպեցիք:
– Մեկ տարի անց` 1993թ. փետրվարին, Նյուվադի գյուղում (որը շուտով վերանվանվեց Նռնաձոր) ստեղծեցի ծնողազուրկ երեխաների մանկապատանեկան-երիտասարդական «Վահան» կենտրոնը` Մեղրիի շրջանային «Կարմիր խաչ» կոմիտեին կից: Կենտրոնի նպատակն էր ամեն կերպ օժանդակել և ապահովել ծնողազուրկ երեխաների, պատանիների ու երիտասարդների բարոյաիրավական պաշտպանվածությունը: Մինչև կենտրոնը ստեղծելը, երեք ամիս շարունակ Երևանում հավաքագրել եմ մանկատան նախկին սաներին, որոնք բնակվում էին որտեղ պատահեր: Շուտով Նյուվադիում սկսեցին ապրել 12 երկկողմանի ծնողազուրկներ` 7 ամսականից մինչև 24 տարեկան: Փոքրերն ապրում էին իմ տանը, իմ երեք երեխաների հետ, իսկ մեծերին հատկացվեցին գյուղի ազատ տներն իրենց հողամասերով: Մինչ այդ իմ տանն արդեն բնակվում էին Բաքվի ջարդերից մի կերպ փրկված երեք քույրեր, որոնց մայրն անհետ կորել էր արյունալի դեպքերի ժամանակ, իսկ հայրը անբուժելի հիվանդությունից Մեղրիի հիվանդանոցում մահացավ 33 տարեկան հասակում: Նրանք համարյա հայերեն չէին խոսում, սակայն որոշ ժամանակ անց, շփվելով մյուսների հետ, կամաց-կամաց հայերեն սովորեցին և սկսեցին հաճախել տեղի հայկական դպրոցը: Կենտրոնն իրականացնում էր բոլոր երեխաների աշխատանքային դաստիարակությունը և ուսուցումը: Մենք աշխատել ենք սաներին դաստիարակել հայրենասիրության, մարդկային բարձր բարոյականության ոգով: Զորակոչի տարիքի պատանիներին ամբողջ գյուղով ճանապարհել ենք բանակ: Մենք ապրում էինք մի ընտանիքի պես, ամեն ինչ անում էինք միասին: Միասին ճաշում էինք, միասին մշակում մեր հողամասը, ինչը, նշեմ, երեխաների ամենամեծ ուրախությունն էր:
– Բայց չէ՞ որ շատ դժվար է ամեն բան զրոյից սկսել, շատ ծանր տարիներ էին` պատերազմ, շրջափակում: Ինչպե՞ս էիք ապրում, այդքան երեխաների կերակրում, հագցնում:
– Այո՛, շատ դժվար էր: Երբ հիմա տարիների հեռվից հետ եմ նայում, ինքս զարմանում եմ ինձ վրա, թե ինչ ոգևորություն էի ապրում՝ ցանկանալով անպայման իմ լուման ունենալ մեր սահմանները ամրապնդելու հարցում: Շատ բան եմ արել իմ անհատական միջոցներով, վաճառել եմ իմ տան ոսկեղենը, այլ իրեր, որպեսզի կարողանամ բենզին, ուտելիք գնել: Օր է եղել, երբ ոչ մի կոպեկ չի եղել, սակայն երբեք չեմ հուսահատվել: Այն, ինչ կատարել եմ, Աստծո կամքով է եղել և իհարկե կնոջս` Թագուհու անձնվեր օգնությամբ, նա միշտ իմ կողքին է եղել, իմ գաղափարակիցը: Հիշում եմ, երբ 1991թ. հռչակվեց ՀՀ անկախությունը, նա մի գիշերում երեխաների համար եռագույն գլխակապ գործեց, և հաջորդ օրը նրանք դրանով դուրս եկան հանրահավաքի: Այդ կադրը ֆիքսեց Վազգեն Սիսլյանը և տպագրեց Բեյրութում հրատարակվող ԱՍԱԼԱ-ի ամսագրի շապիկին: Նյուվադիում ապրած ժամանակները հիշելով` երբեմն սարսափում եմ, քանի որ ամեն վայրկյանը կարող էր վերջինը լինել մեզ համար: Սահմանը շատ մոտ էր, պատերազմ էր, անընդհատ կրակոցներ էին, մի անգամ էլ հենց մեր կողքի տան վրա ռումբ ընկավ: Ինձ համար բոլորանվեր անձնազոհության օրինակ է եղել դանիացի Մարիա Յակոբսոնը, ով իր նախաձեռնությամբ ստեղծած «Թռչնոց բույն» որբանոցում հարյուրավոր հայ երեխաներ է պահել Մեծ եղեռնի տարիներին և դրանից հետո՝ մինչև իր մահը: Ես երբեք չեմ մտածել` թող ինչ-որ մեկն այս բանը անի, տեսնեմ` ինչ է ստացվում, հետո ես կանեմ: Իմ կարգախոսն է` եթե ոչ ես, ապա ո՞վ: Ես դա ընկալում եմ որպես քաղաքացիական պարտք, որպես ներքին պահանջ:
– Ձեր հայրենանվեր գործին աջակիցներ, օգնողներ կայի՞ն:
– Իհարկե: «Վահան» կենտրոնին առաջին նյութական օգնությունը` 60 հազար ռուբլի տվել է «Շառլ Ազնավուրը Հայաստանին» կազմակերպության ներկայացուցիչ Մարսյալը: Հիմնական օգնությունը ստացել ենք «Սպիտակ» փրկարարական ջոկատից (նախագահ` Մովսես Պողոսյան) և զորամասից (հրամանատար` Ղևոնդ Հովհաննիսյան), շրջխորհրդի նախագահ Ավետիք Արիստակեսյանից, նաև` Կապանի տրիկոտաժի ֆաբրիկայից (տնօրեն` Դերենիկ Մարգարյան), այն ժամանակ Կոոպերատիվների միության նախագահ Հերմինե Նաղդալյանից, «Աշտարակ կաթ»-ից (տնօրեն` Աշոտ Ափոյան) և իմ ընտանիքի լավ բարեկամ Միկոյան Սպարտակը (զոհվել է Արցախյան պատերազմում): «Վահան» ընտանեկան մանկատանը օգնել են նաև` Մեղրիի քաղ-պաշտպանության շտաբի պետ Գրիգոր Բոյաջյանը, շատ ու շատ այլ մարդիկ, որոնց ես հայտնում եմ իմ խորին երախտագիտությունը: Նռնաձորում հյուրընկալել ենք ֆրանսահայ բարեգործ Ալեքսան Մանուկյանին, թեհրանահայ համայնքի ներկայացուցիչներին, Նյու Յորքից մի երիտասարդ ֆիլմ նկարահանեց ամերիկահայ համայնքի համար: «Լրաբեր» ծրագրի նկարահանող խումբը Սամվել Սեդրակյանի գլխավորությամբ մեր մասին հեռուստահաղորդում նկարահանեց:
Օգնողներ եղել են, սակայն խանգարողներ էլ են եղել: Դե, վերաբնակները Հայաստանի տարբեր գյուղերից էին, ինչպես նաև Շահումյանի շրջանի Գետաշեն գյուղից, տարբեր մտածողության տեր մարդիկ: Միշտ ներողամիտ եմ եղել նրանց նկատմամբ` հանուն երեխաների անվտանգության և մեր արած գործի լրջության ու կարևորության: Ոչ մի համալսարան ինձ չէր տա այն գիտելիքները, ինչ ես ստացա Նյուվադիում «ուսանելուս» չորս տարիների ընթացքում, վերաբերում է և՛ մարդկային հարաբերություններին, և՛ հոգեբանությանը, և՛ մանկավարժությանը, և՛ կենցաղին` հողագործություն, այգեգործություն և այլն:
– Իսկ Նյուվադիից հետո որտե՞ղ շարունակեցիք Ձեր գործը:
– 1996թ. հունվարին մեկնեցինք ազատագրված տարածքներ` ԼՂՀ Քաշաթաղի շրջանի Միջնավան քաղաք, որտեղ մնացինք մինչև 2000թ. վերջը: Այնտեղ էլ փորձեցինք շարունակել մեր գործը, սակայն ինչ ինչ պատճառներով ստիպված էինք վերադառնալ Երևան: Այժմ զբաղվում եմ շինարարությամբ, կինս աշխատում է «Գրանդ Քենդի» ֆաբրիկայում, երեխաներս ուսանող են: Ես համակարգում եմ նաև ազգապահպան գործով զբաղվող տարբեր ՀԿ-ների աշխատանքը:
– Իսկ ի՞նչ ծրագրեր ունեք:
– Ցանկանում եմ կիսատ մնացած գործը շարունակել, վերադառնալ Քաշաթաղի շրջան: Այնտեղ շատ գործ կա: Չէ՞ որ մենք պետք է տեր կանգնենք մեր նախնիների տարածքներին:
Զրույցը վարեց ՆԱԻՐԱ ՄԿՐՏՉՅԱՆԸ
Խորագիր՝ #06 (922) 16.02.2012 – 22.02.2012, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում