Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԳԻՐՔ ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ՄԻՏՔ, ԱՌԱՋԸՆԹԱՑ, ԶԱՐԳԱՑՈՒՄ



Հարցազրույց «Հայ զինվոր» թերթի լրագրող, բանասեր-թարգմանիչ ԳԵՎՈՐԳ ԱՍԱՏՐՅԱՆԻ հետ

Մայոր Գևորգ Ասատրյանը սովորել է Գյումրի քաղաքի Պետրոս Դուրյանի անվան N 28 դպրոցում։ Խորհրդային բանակում ծառայելուց հետո ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետը՝ ստանալով լրագրողի, բանասեր-թարգմանչի որակավորում։

Աշխատել է տպագիր և էլեկտրոնային լրատվության մի շարք խմբագրություններում՝ «Ավանգարդ» թերթ, «Հայաստանի աշխատավորուհի» ամսագիր (բաժնի վարիչ), Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի պետական կոմիտեի պրոպագանդայի խմբագրությունում (խմբագիր, ավագ խմբագիր), Ազգային ռադիոյի հասարակական-քաղաքական, երիտասարդական հաղորդումների գլխավոր խմբագրությունում (գլխավոր խմբագիր) և այլն։

1998թ. ապրիլից ծառայում է ՀՀ զինված ուժերում։

Ծառայության տարիների ընթացքում զբաղեցրել է ՊՆ լրատվության և քարոզչության վարչության բաժանմունքի պետի, մամուլի բաժնի պետի պաշտոնները։ 2005 թվականից ծառայում է «Հայ զինվոր» պաշտոնաթերթում` որպես նամակների և սեփական թղթակիցների բաժնի պետ։

Գ. Ասատրյանի Հայրենական պատերազմի և նրա հերոսներին նվիրված ակնարկաշարը հաղթող է ճանաչվել միջազգային մրցությունում և արժանացել ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների պատվոգրին։

Ծառայությանը զուգահեռ, համատեղության կարգով, նա աշխատում է ԵՊՀ-ում՝ դասավանդելով «Վերլուծական տեքստաբանություն» և «Թարգմանության տեսություն և պրակտիկա» առարկաները ։ Միաժամանակ զբաղվում է գեղարվեստական թարգմանությամբ։ Ասատրյանի հեղինակությամբ լույս են տեսել մի շարք գրքեր, այդ թվում՝ «Քալիլա և Դիլմա» (միջնադարյան առականին, V դար) և «Պարսկական ժողովրդական հեքիաթներ» ստվարածավալ աշխատանքները։

Վերջին գիրքը՝ տպագրված 2010 թվականին, օրերս արժանացել է Իրանի Իսլամական Հանրապետության բարձրագույն՝ պետական մրցանակի և ճանաչվել «Տարվա գիրք» միջազգային մրցանակաբաշխության հաղթող։

-Սիրելի Գևորգ, մենք սրտանց ուրախ ենք քո այս ստեղծագործական իսկապես մեծ հաջողության համար: Դեռ մինչև մի քանի տարի առաջ, երբ դու մեզ էիր ներկայացնում իրանական բանահյուսության նմուշների, հեքիաթների քո մշակումները և երկար ու ոգևորված պատմում էիր մեր և իրանցի ժողովրդի հոգևոր ու մշակության արժեքների նմանությունների ու առնչությունների, փոխազդեցությունների մասին, մեզանից ոչ մեկի մտքով չէր էլ կարող անցնել, որ մի օր քո տարիների տքնանքն ու ստեղծագործական տառապանքը կարժանանան այդպիսի բարձր պարգևի` Իրանի Իսլամական Հանրապետության բարձրագույն` պետական մրցանակի, և կճանաչվի «Տարվա գիրք» միջազգային մրցանակաբաշխության հաղթող:

-Շնորհակալություն: Անշուշտ, ես չափազանց ուրախ եմ և հպարտ, որ իմ համեստ աշխատանքը այդպիսի բարձր գնահատականի է արժանացել, միաժամանակ ինձ համար այդ հաղթանակը երիցս թանկ է, որովհետև այն տրվել է բարեկամ երկրի, մի երկրի ու մի ժողովրդի կողմից, որը աշխարհի հնագույն քաղաքակրթություններից մեկի կրողն ու օրրանն է:

-Ինձ թվում է` ամեն հայ և ամեն հայ մտավորական համաձայն կլինի քո գնահատականի հետ, այնուամենայնիվ, ի՞նչ է իրենից ներկայացնում «Տարվա գիրք» միջազգային այդ մրցանակաբաշխությունը:

-«Տարվա գիրք» մրցանակաբաշխությունը Իրանում անցկացվում է արդեն 29-րդ անգամ, իսկ միջազգայինը` 19-րդ: Մրցանակները տրվում են երկու խոշոր` իսլամական և իրանագիտական հետազոտություններ ու աշխատանքներ անվանակարգերում: Այս տարի ընդհանուր առմամբ մրցության է ներկայացվել Իրանում և ամբողջ աշխարհում 2010թ. հրատարակված շուրջ 27 հազար անուն գիրք: Թվերն արդեն հուշում են «Տարվա գիրք» նախագծի թե՛ ծավալների ու չափերի և թե՛ խիստ մրցակցային դաշտի մասին: Միջազգային ժյուրիի մաս են կազմում աշխարհի մոտ 50 իրանագիտական ու մշակութային հետազոտությունների կենտրոններ, հանրահայտ համալսարաններ, գրադարաններ, անվանի արվեստագետներ, գրողներ ու մտավորականներ: Ահա ինչու «Տարվա գիրք» մրցանակաբաշխությունը Իրանի ամենահեղինակավոր, տարվա ամենամեծ մշակութային միջոցառումն է, և հաղթողներն արժանանում են բարձրագույն` պետական մրցանակի, որը տրվում է երկրի նախագահի կողմից և ձեռամբ:

-Մամուլից տեղեկացանք, որ մեր փոքրիկ Հայաստանը տեղ է զբաղեցրել այնպիսի խոշոր երկրների շարքում, ինչպիսիք են Չինաստանը, Ռուսաստանը, Գերմանիան, Անգլիան, Թուրքիան…

-Սիրելի Գնել, թույլ տուր քեզ ընդհատել: Ցավոք, տպագիր ու էլեկտրոնային մամուլով տարածված տեղեկությունը մի շարք անճշտություններ էր պարունակում: Նախ` հաղթող են ճանաչվել տասը երկրի` Չինաստանի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Պակիստանի, Վրաստանի, Շվեյցարիայի, Ճապոնիայի, Անգլիայի, Գերմանիայի և Հայաստանի ներկայացուցիչները: Ինչպես տեսնում եք, Թուրքիայի անունը չկա այս ցանկում, և ոչ էլ մանավանդ, ասենք, Ադրբեջանինը: Ո՞վ է «մեյդան» գցել Թուրքիայի անունը, ինչի՞ համար, ինձ համար անհասկանալի է: Ասեմ ավելին, Հայաստանը միակ երկիրն էր, որ առաջին անգամ էր մասնակցում այդ մրցանակաբաշխությանը և միանգամից էլ երկու բարձրագույն մրցանակի արժանացավ: Իմ գրքի` «Պարսկական ժողովրդական հեքիաթների» մշակումների մասին արդեն խոսեցինք, մյուսը հաղթողը Երևանի պետական համալսարանի իրանագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Գառնիկ Ասատրյանի թալիշ ժողովրդի պատմությանն ու մշակույթին նվիրված մենագրությունն էր: Ի դեպ, հենց պարոն Ասատրյանին էլ պատիվ արվեց միջազգային մրցանակաբաշխության հաղթողների անունից ելույթ ունենալ և շնորհակալական խոսք ասել: Եվս մի հաճելի մանրուք, որ ես չհիշել չեմ կարող. երբ մրցանակաբաշխության հանդիսավարը հայտարարեց. «Հայաստանի Հանրապետություն` երկո՛ւ մրցանակ»` հատկապես շեշտելով «երկու» բառը, դահլիճը բուռն ծափերով մեզ բեմ ուղեկցեց: Վերադառնալով հիշյալ հաղորդագրությանը, ևս մի վրիպում մատնանշեմ. այնտեղ ես ներկայացվել եմ որպես արևելագետ, մինչդեռ ես սովորել և ավարտել եմ ԵՊՀ-ի հայկական բանասիրության ֆակուլտետը և ահա տասնհինգ տարի է ծառայում եմ ՀՀ զինված ուժերում: Շփոթի պատճառը հավանաբար այն փաստն է, որ ես համատեղության կարգով դասավանդում եմ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնում:

-Հետաքրքիր է, ինչպե՞ս ընդունվեց այն փաստը, որ ահա հայ զինվորականը գրական նման բարձր պարգևի է արժանանում…

-Այսպես ասեմ, կիսապաշտոնական հանդիպումներից մեկի ժամանակ, երբ հայտարարվեց իմ զինվորական լինելու մասին, ու ես ներկայացրի իմ զինվորական կոչումը` «մայոր», թարգմանիչը թարգմանեց «սարհանգ», այսինքն` գնդապետ: Եվ անմիջապես էլ այնքան հոլովվեց այդ կոչումը, որ ես պարզապես անհարմար զգացի որևէ բան ասել ու ճշտել: Բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը նույնիսկ այդ առիթով մի գեղեցիկ բան պատմեց, ասաց. «Ժամանակին, եթե մի փողոցում գնդապետ էր ապրում, ապա այդ փողոցի բնակիչները նույնպես բարձր հասարակության անդամի համարում էին ձեռք բերում և մյուսների կողմից հատուկ հարգանքի էին արժանանում»:

-Քո տպավորություններն այնքան շատ են, որ հավանաբար կբավականացնի մի ամբողջ գիրք գրելու…

-Անպայման այդպես է, բայց ես ամենից շատ տպավորված եմ այն մեծ ուշադրությունից ու վերաբերմունքից, որ Իրանի ժողովուրդն ու պետությունը ունի, տածում է մշակույթի, գրի ու գրականության նկատմամբ: Թեհրանի համալսարանին հարող, հատվող ու խաչվող բոլոր փողոցներով ձգվում են գրախանութների անվերջանալի շարքերը, գրախանութ ասվածն էլ գրքի տներ հասկացեք: Ես քայլում էի այդ գրախանութների հսկայական ու անվերջանալի շարքերի մոտով ու մտածում էի չորսուկես-հինգ գրախանութով մեր մայրաքաղաքի մասին, դրսի ապակիներից նայում էի այդ լուսավոր ու տաք գրախանութների ներսն, ու աչքիս առաջ պատկերանում էին երևանյան մութ ու խոնավ, գարշահոտ անցումներում իրար վրա կիտված մեր գրքերը: Տխուր բան եմ ասում, բայց, փաստորեն, մեզանում ամեն բան արժեք ունի` կոշիկը, մոխրամանը, անդրավարտիքը, շինանյութը, միրգը և պահվում է ծածկի տակ, բացի գրքից…

-Հուսանք, որ կշտկվի նաև այդ բացը, և գիրքը կվերագտնի նախկին արժեքը, որ ունեցել է մեր ժողովրդի համար երեկ և դարեր շարունակ…

-Անպայմա՛ն: Ես հավատում եմ և խորապես համոզված եմ, որ պատմությունն այն երկու հայուհիների մասին, որոնք այն դժնդակ, կոտորածների տարում իրենց ուսերին կրել-փրկել են Մշո սուրբ Ավետարանը, միայն գեղեցիկ հեքիաթ, առասպել չէ, այլ իրականությո՛ւն, եղելությո՛ւն: Ես ուզում եմ հավատալ, որ վաղը, մյուս օրը, մենք դարձյալ, ինչպես անցած ժամանակներում, գրախանութների դիմաց ամբողջ գիշեր հերթի կանգնենք` Չարենցի, Տերյանի և մեր մշակույթի մյուս մեծերի գրքերը ձեռք բերելու համար… Չէ՞ որ գիրք նշանակում է միտք, այսինքն` առաջընթաց, զարգացում, ուժ, հաղթանակ… Հավատացեք, մեր Արցախյան հաղթանակն էլ, առաջին հերթին, պայմանավորված էր ոչ այնքան մեր բազկի ուժով, որքան մեր մտքի թռիչքով, զարգացածությամբ, տաղանդով… Այսօր էլ, համոզված եմ, մեր բանակի հաջողությունների հիմքում դրված է ոչ թե միայն «մկանը», այլ հենց միտքը, մեր ժողովրդի հազարամյա փորձառությունը, տաղանդը։ Ինչպես տեսնում ենք, ամեն ինչ այնուամենայնիվ հանգում է մտքին, այսինքն՝ գրքին…

-Քո հաղթանակը, մեր գրքերի հաղթանակը, օտար երկրում պետական բարձրագույն մրցանակի արժանանալը մի՞թե հենց քո ասած ու ակնկալած փոփոխությունների լավագույն ապացույցներից մեկը չէ…

– Ի դեպ, ասեմ, որ որքան էլ պատվավոր լինի «Տարվա գիրք» կոչումն ու Իրանի պետական մրցանակը, ինձ համար, որպես գրականության մարդու և ստեղծագործողի, լրագրողի երիցս մեծ արժեք ու կշիռ ունի այն անկեղծ ու բարձր գնահատականը, որ Երևանում իմ աշխատանքին տվեց իմ ուսուցիչը, հայտնի լեզվաբան, այժմ արդեն հանգուցյալ, պրոֆեսոր Ռուբեն Ղազարյանը: Նրա` հայ լեզվաբանի ու մտավորականի, մեր մշակույթի անխոնջ մշակի կարծիքն ինձ համար, հավատա՛, բարձր է ամեն կարգի մրցանակից, անգամ` պետական:

-Գևորգ, դու քո «Հեքիաթների» գիրքը շատ գեղեցիկ մակագրությամբ նվիրել ես մորդ հիշատակին. «Մորս` ում շուրթերից լսել եմ իմ կյանքի առաջին հեքիաթը»: Չե՞ս մտածում, որ նրա հիշատակը քեզ հաջողություն է բերում…

-Մորս անունը, նրա հիշատակն ինձ օգնել է իմ ամբողջ կյանքում: Անկեղծորեն ասեմ, ես իմ այս հաջողության համար պարտական եմ առաջին հերթին հենց նրան: Մայրս համոզված էր, որ ես մեծ մարդ եմ դառնալու, թեև իմ դպրոցական ավելի քան համեստ հաջողություններն ուղղակի հողմացրիվ էին անում նրա այդ գեղեցիկ, շքեղ երազանքները… Ես, իհարկե, մեծ մարդ չդարձա, բայց մտածում եմ, որ նա շատ կուրախանար, եթե իմանար, որ իր որդու աշխատանքը «Տարվա գիրք» է ճանաչվել ու արժանացել պետական մրցանակի…

-Թող Աստված քեզ օգնական լինի քո բոլոր գործերում և նախաձեռնություններում և քեզ այնքան ուժ ու եռանդ տա, որ գնաս հասնես մորդ երազանքների ետևից: Շնորհակալություն: Ուզում եմ մեկ անգամ ևս մեր` քո ծառայակից ընկերների, «Հայ զինվոր» թերթի ողջ անձնակազմի անունից շնորհավորել և շնորհակալություն հայտնել իսկապես հայրենանվեր քո աշխատանքի համար:

Հարզազրույցը վարեց
ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ

Խորագիր՝ #07 (923) 23.02.2012 – 29.02.2012, Հոգևոր-մշակութային


29/02/2012