ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐՉԻ ՀԱՐՑՈՒՄՆԵՐԸ ՀՐԵՇՏԱԿԻՆ
Հրեշտակ. -Աստված Մեկ է ու Սուրբ ու որևէ բանի չի նմանվում։ Նրան անկարելի է տեսնել, բայց արդարները և սուրբերը դատաստանի օրը Նրա Սուրբ Երեսը պիտի տեսնեն։
Ս. Գրիգոր. -Երկինքը քանի՞ աստիճաններից է բաղկացած, և հրեշտակները որ աստիճանում են գտնվում։
Հրեշտակ. -Երկինքը բաղկացած է տասը աստիճաններից։
Հրեշտակները վերջին աստիճանում են գտնվում, որ լուսեղեն երկինք է ասվում։ Հրեշտակների տեղը ինը կարգ է. բոլորն էլ Սուրբ Երրորդության են փառաբանում։
Ս. Գրիգոր. -Աստծո փառքը և շնորհը աշխարհին և մարդկանց ինչպե՞ս է տրվում։
Հրեշտակ. -Աստծո շնորհը նախ հրեշտակներին է տրվում և հետո մարդկանց։
Ս. Գրիգոր. -Ննջեցյալների հոգու համար որն է ավելի օգտակար, պա՞հքը, աղո՞թքը, թե՞ ողորմությունը։
Հրեշտակ. -Աղոթքը և ողորմությունը ննջեցյալների համար է, իսկ պահքը՝ պահողի համար։ Եթե Սուրբ Պատարագ մատուցողն արդար է, այն օգտակար կլինի ննջեցյալների համար, իսկ մեղավորների համար որևէ բան օգուտ չունի։
Ս. Գրիգոր. -Մի մեղավոր եթե մեռնելուց առաջ խոստովանի, «մեղա» ասի և լացով սուրբ հաղորդություն ուզի, արժանի՞ է նրան տալ։
Հրեշտակ. -Այո՛, արժանի է, որովհետև Աստված շատ ողորմած է, ինչպես Հիսուսն ասաց. «Նա, ով Մարմնովս և Արյունովս հաղորդվի, նա Ինձ հետ է, և Ես նրա հետ պիտի լինեմ»։ Բայց պետք է մեռնելուց առաջ հաղորդվել, որովհետև մարդ չգիտի, թե երբ պիտի մեռնի։ Եթե մեղավորի լեզուն կապվի և «մեղա» չասի, անպայման դժոխք կգնա, ինչպես որ Հիսուս զգուշացրեց. «Արթուն եղեք, որովհետեւ չգիտեք, թե տանտերը երբ կգա»։
Ս. Գրիգոր. -Ո՞ր մեղքն է ավելի մեծ ինչը դատաստանի օրը ամոթահար է թողնում մարդուն։
Հրեշտակ. -Այն մեղքն է մեծ, որ մարդ փոքր համարելով չի խոստովանում։
Ս. Գրիգոր. -Խոստովանությունը, ապաշխարությունը, լացն ու կոծը ինչպե՞ս են քավում մեղքերը։
Հրեշտակ. -Ինչպես մոմը կրակից է հալչում, խավարը փախչում է լույսից, խոստովանությունն ու ապաշխարությունն էլ ոչնչացնում են մեղքը։
Ս. Գրիգոր. -Եթե մարդը խոստովանի և նորից մեղք գործի, հետո դարձյալ խոստովանի, վերստին թողություն կստանա՞։
Հրեշտակ. -Այո՛, վերստին թողություն կստանա, ինչպես Հիսուս Պետրոս առաքյալին ասաց. «Եթե մեկը քո դեմ նույնիսկ 70 անգամ 7 մեղք գործի, և մեղա՜ ասի, պետք է ներես»։ Իսկ Աստված շատ ավելի ողորմած է և միշտ ներում է, եթե զղջումով խոստովանեն։
Ս. Գրիգոր. -Եթե մեկը լեռան վրա կամ անապատում գտնվի և մեռնելու ժամանակ մեղքերը հիշելով՝ առանց քահանայի և խոստովանության «մեղա՜» ասի, թողություն կստանա՞։
Հրեշտակ. -Ամեն մարդ շաբաթը մեկ անգամ պետք է խոստովանի իր մեղքերը. կամ գոնե տարին հինգ վեց անգամ։ Իսկ եթե քահանա չկա, կարող է որևէ մեկին խոստովանել։ Քրիստոս այն կընդունի, որովհետև բոլոր այն քրիստոնյաները, ովքեր մկրտության Սուրբ Ավազանից են ծնվել, մասնակցում են Սուրբ Հաղորդությանը, Սուրբ Երրորդությանը դավանում և երկրպագում Քրիստոսի Խաչին, նրանք Իր արյունով են գնված։
Ս. Գրիգոր. -Ի՞նչ բան է պահքը։
Հրեշտակ. -Պահքը մարդկանց նմանեցնում է հրեշտակների, պայքարում է դևերի դեմ և արգելք է լինում սատանային, որ մարդկանց մեջ մտնելով նրանց չմոլորեցնի։
Ս. Գրիգոր. -Ի՞նչ բան է աղոթքը։
Հրեշտակ. -Աղոթքը մարդու հոգին Աստծուն է կապում։ Շարունակ աղոթող մարդը մեղք գործելու ժամանակ չի ունենա։
Ս. Գրիգոր. -Ինչո՞ւ է սաղմոսի մեջ գրված, թե մեղավորի մահը չար է։
Հրեշտակ. -Եթե մի մարդ առանց խոստովանության մեռնի, հիրավի այդ մարդու մահը չար է։ Քանի որ դատաստանի օրը պիտի լսի այն զարհուրելի ձայնը, թե՝ «Հեռացեք Ինձանից անիծյալներ դեպի հավիտենական կրակի մեջ, որովհետև միշտ սատանայի հետևից գնացիք»։ Աստված, որ այնքան ողորմած է, չզղջացող մեղավորներին չի ներում, այլ միշտ բարկությամբ է նայում նրանց։
Ս. Գրիգոր. -Կարելի՞ է արդյոք մահը սուրբ ասել։
Հրեշտակ. -Այո՛, որովհետև արդարը չխաբվեց աշխարհին, աշխարհի ցանկությունների համար իրեն մեռած համարեց և իր հույսը Քրիստոսի արքայության վրա դրեց։ Դրա համար արդարի մահը սուրբ է։ Նա միշտ սպասում է մահվան ինչպես Պողոս առաքյալն է ասում. «Ցանկանում եմ ժամ առաջ այս մարմնից դուրս գալ և Քրիստոսի մոտ գնալ» (բ. կորնթ. 5.8), որովհետև արդարների համար այս աշխարհը բանտ է։
Ս. Գրիգոր. -Դատաստանի օրը մարդուն իր գործերին համեմատ ի՞նչ է տրվելու։
Հրեշտակ. -Արդարներին այնպիսի փառք է տրվելու, որ Պողոս առաքյալի ասածի պես ո՛չ աչքն է տեսել, ո՛չ էլ ականջը լսել և ո՛չ էլ մարդ կարող է երևակայել։ Մեղավորներին էլ նմանը չունեցող չարչարանքներ կտրվեն։ Ինչպես Արքայության փառքը, այնպես էլ դժոխքի չարչարանքը վեր է մտքից։
Ս. Գրիգոր. -Ո՞ր գործն է ավելի օգտակար։
Հրեշտակ. -Զղջումը, խոստովանությունը և ապաշխարությունը։ Ով այս երեք գործերը կատարի, նրա համար, անտարակույս, արքայությունն իրական է։
Ս. Գրիգոր. -Ո՞ր գործն է ամենավատը։
Հրեշտակ. -Ամենավատը, եթե մարդ առանց զղջման ու խոստովանության մեռնի, այդպիսին, անտարակույս, հավիտենական դժոխք կգնա։
Ս. Գրիգոր. -Եթե մեկը մեղքերը խոստովանի, բայց առանց ապաշխարելու մեռնի, ի՞նչ կլինի նրա հետ։
Հրեշտակ. -Եթե անմնացորդ զղջացել է, եկեղեցու աղոթքն ու պատարագը նրա մեղքերը կքավեն, որովհետև եթե առողջ լիներ, անպայման պիտի ապաշխարեր։
Ս. Գրիգոր. -Մարմնից դուրս եկած հոգիները ի՞նչ են ցանկանում։
Հրեշտակ. -Արդարի հոգին ցանկանում է դատաստանի օրը արքայության անբավ փառքը վայելել, իսկ մեղավորի հոգին խորհում է, թե դատաստանի օրը իր վիճակը ի՞նչ պիտի լինի և դժոխքի չարչարանքները մտաբերելով՝ միշտ լալիս է։
Ս. Գրիգոր. -Գնացող հոգիները մնացողներին հիշո՞ւմ են, թե՞ բոլորովին մոռանում։
Հրեշտակ. -Անպայման հիշում են։ Եվ եթե ապրողները նրանց անունով ողորմություն բաժանեն և Սուրբ Պատարագ մատուցեն, ապա ննջեցյալների հոգիներն էլ նրանց համար կաղոթեն, որպեսզի Աստված բարի օրեր պարգևի ու փրկի զանազան փորձություններից. հակառակ պարագայում անհիշատակ կմնան։
Ս. Գրիգոր. -Հոգիները իրար տեսնել, ճանաչել և սիրել կարո՞ղ են։
Հրեշտակ. -Եթե չտեսնեին՝ կույրի պես կլինեին։ Եթե չճանաչեին՝ անասունի պես կլինեին։
Ս. Գրիգոր. -Արքայության մեջ ինչպե՞ս են սիրում միմյանց։
Հրեշտակ. -Այնտեղ մարմնավոր սեր չկա, այլ հրեշտակների պես հոգևոր սեր ունեն միմյանց հանդեպ։
Ու բոլորը հավիտենական փառքով զարդարված, անդադար ուրախությամբ փառաբանում են Աստծուն։
Այստեղ գլխավոր հարցերս վերջացան։
Աղբյուրը`
Գրիգոր Խլաթեցի «Յայսմաւուրք»
ի տպարանի Գրիգոր Մարսվանեցու 1723թ.