Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԻՆՁ ԳՐԿԻՐ, ՍԻՐԻ՛Ր ՀԱՅՐԻԿԻ ՊԵՍ



Ասում են, թե ցավը հիշողություն է։ Հասուն տարիքում չար մարդու արարքը ժամանակի հետ կա՛մ մոռացվում, կա՛մ էլ ավելի է չարացնում մարդուն։ Բայց կա մի ցավ, որը գալիս է մանկության երջանիկ, անհոգ օրերից ու տարիների հետ փոխվում է կարոտի ու երանության։ Հորեղբայրս՝ Հարազատը, 4 տարեկան է եղել, երբ Սարիբեկ հայրը մեկնել է Մեծ հայրենական ու չի վերադարձել։ Արդեն տարիքն առած հորեղբայրս պատմում է. «Ձեռքիս ափն ինչ-որ բանի էր կպել ու կտրվել։ Արյունը չէր դադարում։ Հայրս մի ձեռքով ամուր սեղմեց դաստակս, մյուս ձեռքով առվույտ քաղեց, ծեծեց ու դնելով վերքիս՝ կապեց։ Դեմքն աղոտ եմ հիշում, սակայն դաստակիս սեղմումը, ցավը տարիների հետ մնացել են այնպես, ասես երեկ լիներ»։ Լաչինում 1992-ին հորը կորցրած 5-ամյա աղջնակը՝ Լենան, նույնպես աղոտ է հիշում հոր՝ մայոր Արկադի Սեմերջյանի դիմագծերը, այն էլ նկարներից։ Երբ փոքրիկին մայրը՝ Նելլին, գրկում, համբուրում էր, խռովկանի նման մորից պահանջում էր.

-Ինձ գրկիր, սիրի՛ր հայրիկի պես, նրա նման ուժով սեղմիր կրծքիդ, ես լաց չեմ լինի։

Խորագիր՝ #07 (923) 23.02.2012 – 29.02.2012, Հոգևոր-մշակութային


29/02/2012