ԱՆՈՒՇԸ ՔԱՂՑՐ ԱՆՈՒՆ Է…
Սիաննա Մնացականյանը ծնունդով Արարատից է։ Պատերազմական օրերին կամավոր մեկնել է Արցախ և որպես բուժքույր մասնակցել է սահմանային տարբեր բնակավայրերի ինքնապաշտպանական ու ազատագրական կռիվներին։ Ամուսնացել է Արցախում, ամուսինը՝ Արթուրը, որը նույնպես մարտնչում էր նույն ջոկատում, Ստեփանակերտից է։
-Երբ ծնվեց աղջիկս՝ անունը չէի որոշել։ Արթուրը երբ եկավ Ստեփանակերտի ծննդատուն, հարցրի, թե ինչպես պիտի կոչենք մեր աղջկան, ասաց.
-Անուշ կդնենք, հիշո՞ւմ ես Անուշին…
-Հիշեցի Անուշին, որը զոհվեց 1993-ի փետրվարի 7-ին, Վաղուհասում: Կարո Բաբայանի ջոկատից էր։ Նրանք եկել էին մեզ փոխարինելու։ Երբ տեղ հասան` մեր ջոկատը հանգստանում էր։ Ես քնել էի ԲՄՊ-ին հենված։ Ինձ արթնացրին, հանձնեցինք հերթափոխն ու վերադառնում էինք Ստեփանակերտ՝ ճանապարհին լուր տվին, որ Անուշը զոհվել է։ Երբ հետ դարձանք, տեսա, որ Անուշը նստել էր նույն իմ տեղը՝ ԲՄՊ-ին հենված։ Ու այդպես էլ զոհվել էր արկի բեկորից։ Այ քեզ ճակատագիր՝ եթե քիչ ուշացումով գային մեզ փոխարինելու, արկի բեկորը միգուցե ինձ բաժին հասներ՝ ի՞նչ իմանաս… Հետո, երբ Ստեփանակերտ հասանք, հոսպիտալում ով տեսնում՝ փաթաթվում էր ինձ, ուրախության արցունքներով հարցնում՝ «Դու ո՞ղջ ես, բա ասում էին»…
Ու հիմա ծնվել է իմ աղջնակը, ու ամուսինս առաջարկում է Անուշ անվանակոչել։ Մենք լուռ հասկացանք մեկմեկու։ Հիմա Անուշս օրիորդ է, գեղեցիկ պարմանուհի, որը գիտի իր անվան պատմությունը։ Անուշը քաղցր անուն է, որը հիշեցնում է բուժքույր-մարտիկ Անուշ Ավագյանին, որը նույնպես ծնվել էր Ստեփանակերտում,- պատմեց Սիաննա Մնացականյանը։
Խորագիր՝ #07 (923) 23.02.2012 – 29.02.2012, Հոգևոր-մշակութային