ՄԱԼԻՇԿԱՑԻ ՀԵՐՈՍ ՎԵՏԵՐԱՆԸ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի` լեգենդար հայկական Թամանյան դիվիզիայի մարտիկ Համազասպ Գուրգենի Խաչատրյանին հասցեագրված շնորհավորական նամակում կարդում ենք.
-Ընդունեք իմ սրտագին շնորհավորանքը գերմանաֆաշիստական զորքերից մեր երկրի ազատագրման 60-ամյա տարեդարձի կապակցությամբ։ Հունիսի 3-ը Բելառուսի համար ոչ միայն անկախության, այլեւ ազգային հպարտության եւ Մեծ հայրենականի վետերանների մեծարման ու անմար փառքի օրն է։ Հայրենիքը շատ բարձր է գնահատում ձեր ռազմական սխրագործությունը եւ անձնազոհ աշխատանքը։ Բելառուս ժողովուրդը միշտ երախտապարտ կլինի ձեզ իրեն պարգեւած խաղաղության եւ երջանկության համար։ Համազասպ Գուրգենի, մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, տոնական տրամադրություն, բարեկեցություն, Ձեր նկատմամբ հոգատար վերաբերմունք Ձեր իսկ հարազատների եւ մտերիմների կողմից։
-Աստծո կամոք եթե ողջ մնացի եւ անձամբ Բելառուսի նախագահի կողմից հրավեր ստացա, 2013թ. Բելառուսի ազատագրման 70-ամյա տարեդարձի կապակցությամբ մեկնելու եմ Մինսկ՝ փորձելով եւս մեկ անգամ լինել այն վայրերում, որտեղ մարտնչել ենք ես եւ իմ մարտական ընկերները։
Իննսունի շեմին մոտեցած մալիշկացի Համազասպ պապը ռազմաճակատ է մեկնել կամավոր, տակավին պատանի, 18-ը դեռ չլրացած։ Ի դեպ, երբ նա գնացել է կռիվ, հայրը՝ Գուրգեն Խաչատրյանը, արդեն երկու տարի թեժ մարտերի մեջ էր։
Հրաձգային զորամասի կրտսեր հրամանատարների կարճաժամկետ դասընթացներն ավարտելուց հետո պատանի Համազասպը նշանակվում է ջոկի հրամանատար եւ մարտական մկրտությունը ստանում Կովկասյան լեռների համար մղվող դաժան մարտերում, կռվելով հասնում Բեռլին եւ ծնունդով արցախցի զուռնաչի ուստա Կարոյի կողքին դհոլ զարկում, որպեսզի առաջիններից մեկը Բեռլին ներխուժած հաղթական Թամանյան դիվիզիայի մարտիկները հենց թշնամու որջի՝ Ռայխստագի պատերի տակ պարեն «Հայկական քոչարին»։
Պատերազմը շատ փորձությունների է ենթարկել Համազասպ պապին։ Նա բազմիցս վիրավորվել է, երկու անգամ` շատ ծանր։ Իսկ Բելառուսի հերոս մայրաքաղաք Մինսկը ազատագրելիս նա անգամ «զոհվել» է, եւ հրամանատարությունը «սեւ թուղթ» է ուղարկել Մալիշկա՝ Խաչատրյաններին։
Պատմում է Համազասպ Խաչատրյանը.
-Նահանջող թշնամին կատաղի դիմադրություն էր ցույց տալիս. օդից ռումբերի, ցամաքից արկերի տարափ էր տեղում հարձակման անցած մեր զորքերի վրա։ Կենաց եւ մահու այս բախման ժամանակ էլ ծանր վիրավոր հայտնվում եմ ռումբերից շատրվանող հողաշերտերի տակ։ Թե քանի ժամ ու օր է տեւել այդ մղձավանջը, չեմ իմացել։ Աչքերս բացել եմ հոսպիտալում, որտեղ երկարատեւ բուժում եմ ստացել ու կրկին շարք վերադարձել, շարունակելով կռվել արդեն ուրիշ զորամասի կազմում։ Նախկին զորամասիս հրամանատարությունը ենթադրելով, որ շատերի հետ հերոսաբար զոհվել եմ նաեւ ես, ինձ հաշվառում են զոհվածների ցուցակում եւ «սեւ թուղթ» ուղարկում հարազատներիս (ի դեպ, այդ «սեւ թուղթ» կոչվածը առայսօր պահպանվում է Խաչատրյանների ընտանեկան արխիվում)։ Իսկ ես «զոհված», «անհետ կորած» շարունակեցի կռվել ու հասնել մինչեւ Բեռլին՝ Ռայխստագ, չզլանալով տուն ուղարկած իմ յուրաքանչյուր նամակով հերքել պատերազմական օրերի ոչ անսովոր այդ թյուրիմացությունը։
1950 թվականին զորացրվելով, Համազասպ Խաչատրյանն ընդունվում եւ ավարտում է ֆիզկուլտուրայի հայկական պետական ինստիտուտը եւ չորս տասնամյակից ավելի ֆիզկուլտուրա եւ զինվորական գործ դասավանդում Վայոց ձորի տարբեր դպրոցներում։ Մասնագիտական աշխատանքին զուգահեռ հերոս մալիշկացին նաեւ ակտիվ հասարակական գործունեություն է ծավալել նաեւ միութենական մարզական կազմակերպություններում։ Այսօր եռանդուն թամանցին ղեկավարում է Մալիշկայի պատերազմի եւ աշխատանքի վետերանների կազմակերպությունը։
-Մալիշկան ունեցել է 76 վետերան, մնացել ենք 4-ը։ Ապրում եմ հիշողություններով, իմ երեխեքով ու թոռներով, իմ այգով։ Մի օր ինձ հյուր գաք, կտեսնեք ինչ այգի եմ ստեղծել այս ձեռքերով (ցույց է տալիս արդեն խորշոմած ձեռքերը-Ս.Հ.), այգուս բերք ու բարիքը կհամտեսեք, իմ քաշած գինին կխմեք։
Պատմում է Համազասպ Խաչատրյանի մարտական ընկեր, Եղեգնաձորի վետերանների միության նախագահ 88-ամյա Սարգիս Հարությունյանը.
-Համազասպին առաջին անգամ հանդիպեցի 1945թ. Ֆրանկֆուրտում։ Հետո բաժանվեցինք, մոտ երկու տասնամյակ ոչ մի լուր, տեղեկություն չունեի նրանից։ Շատ էի անհանգստանում՝ մի բան պատահած չլինի։ Եվ այ քեզ ուրախություն, ընկերոջս գտա 17 տարի անց, 1962 թվականին։ Այդ ժամանակ նա Արենիում ֆիզկուլտուրա էր դասավանդում։ Այդ օրվանից անբաժան ենք։
ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
մայոր