Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԵՏՈՅԻ ՎԵՐՋԻՆ ՄԱՐՏԸ



18 տարի առաջ, փետրվարի 14-ին, Օմարի լեռնանցքի ազատագրման մարտերում զոհվեց Արցախի հերոս Պետրոս Ղեւոնդյանը:

Սկիզբը` նախորդ համարում

Խորհրդակցելով իր գումարտակի զինջոկատների հրամանատարների հետ՝ Պետոն վճռում է գործողությունը իրականացնել հետեւյալ ուղղվածությամբ. ամենից առաջ անհրաժեշտ էր օգտագործել 2071 բարձունքի դիմացի հենակետում տեղաբաշխված Մամիկոնի (Կալոյան Մամիկոն, ներկայիս ՀՀ բանակի գնդապետ) զինջոկատի տղաներին: Նա, մինչ այդ, իր գլխավորած մարտիկներով մի քանի անգամ այդ հենակետում լավ ջարդ էր տվել ադրբեջանցիներին, եւ այդ պատճառով զինվորները բարձունքը կոչել էին նրա անունով՝ «Մամիկոնի բարձունք» – Հ. Գ.):

Մամիկոնին հանձնարարվում է իր հենակետից առաջանալ եւ աջ կողմից հարձակվելով ադրբեջանցիների դիրքերի վրա՝ գրավել դրանք եւ շարժվել դեպի բարձունքի կենտրոնը:

Մամիկոնի ջոկատը շատ փոքրաթիվ էր, տվյալ պահին նրա կազմում ընդգրկված էր ընդամենը տասներկու ազատամարտիկ.

1.- Կալոյան Մամիկոն, 2.- Մանուկյան Դավիթ (փոխհրամանատար, ներկայիս` զորամասի հրամանատար, ՀՀ բանակի գնդապետ), 3.- Գալստյան Լեռնիկ (բուժականցի Լեռնիկ Գալստյան), 4.- Զաքարյան Խաչիկ, 5.- Կուսապատցի Կամո (ԼՂՀ Մարտակերտի շրջ., գ. Կուսապատ), 6.- Գառնեցի Արտակ (զոհվել է 1994թ. մարտի 3-ին), 7.- Գառնեցի Աշոտ, 8.- Քոչարյան Տիգրան (Թալինի շրջան, գյուղ Արեգ), 9.- Դավթյան Եղիշ (Թալինի շրջ., գյուղ Ոսկեթաս), 10.- Տոնոյան Աբրահամ (Թալինի շրջ., գյուղ Կաթնաղբյուր), 11.- Աղաջանյան Մարատ (Մռե, Թալինի շրջ., գյուղ Կարմրաշեն), 12.- Հրազդանցի Էդիկ:

Մի՞թե տասներկու հոգուց բաղկացած այդ փոքրաքանակ խումբը ի զորու էր կատարելու այնպիսի կարեւորագույն մարտական առաջադրանք, որի հնարավոր ձախողումը կարող էր բացասաբար անդրադառնալ ոչ միայն գումարտակի, այլ գուցեև ողջ ռազմաճակատով մեկ մարտական գործողության հաջող ընթացքի ու վերջաբանի վրա: Իրո՛ք, միանգամայն անհավատալի ու անիրականանալի է թվում, թե ջոկատը կարող էր իրագործել այդչափ պատասխանատու առաջադրանք, այն էլ ձմռան խստաշունչ պայմաններում:

Տեղանքի ու հակառակորդի դիրքերի մանրակրկիտ ուսումնասիրության շնորհիվ Պետոն հանգում է միանգամայն կշռադատված հետեւության, որ առավել արդյունավետ գործելու համար պետք է համեմատաբար փոքրաքանակ ուժերով ծավալել հարձակումը` խուսափելով բաց տեղանքում անհարկի զոհերից:

Մարտական գործողություններին մասնակցելու համար նա ընտրում եւ կազմում է երկու ջոկատ: Առաջին ջոկատում Մամիկոնի մարտիկներն էին, իսկ երկրորդում՝ հրազդանցի Սմբատի (Մանուկյան Ռազմիկ, ք. Հրազդան) գլխավորած վաշտի 25 – 30 զինվորները:

Գումարտակի հիմնական ուժերը թողնելով ռեզերվում՝ Պետոն իր փոքրաքանակ խմբով` արցախյան վերոհիշյալ զորախմբերի համագործակցությամբ, ձեռնարկում է մի այնպիսի մարտական գործողության, որի իրագործման դեպքում ԼՂՀ բանակի տնօրինության ներքո պիտի հայտնվեր մինչեւ Օմարի լեռնանցքն ընկած տեղանքը: Համաձայն մշակված ծրագրի, փետրվարի 11-ին սկսվում է արցախյան ուժերի ընդհանուր հարձակումը: Առաջին հաջողությունները նկատվում են աջ թեւում, ուր գործում էին Մարտակերտի ու Ստեփանակերտի զինջոկատները: Արշոյի գումարտակի հարձակման գոտում, որտեղ գտնվում էր ամենամեծ բարձունքը, տեղանքն ավելի դժվարին էր, եւ առաջխաղացումն այդ ուղղությամբ մի փոքր դանդաղում էր: Ուստի եւ աջ հարեւանին աջակցելու նպատակով Պետոն պայմանավորված ժամկետից մի փոքր շուտ է սկսում հարձակումը: Գրոհող խմբերին կրակով աջակցելու համար Պետոն հրամայում է բարձունքներից մեկին տեղադրել գնդացիրները, այդ թվում` հաստոցավոր «ԴՇԿ» եւ «ԱԳՍ», որպեսզի կատաղի կրակահերթերով ադրբեջանցիներին գամեին իրենց իսկ խրամատներին:

Սրընթաց գրոհով խորտակելով հակառակորդի դիմադրությունն ու սարի աջ կողմից բարձրանալով եւ մեկը մյուսի հետեւից մաքրելով հակառակորդի հենակետերը՝ 2071 բարձունքի կենտրոնին է մոտենում Մամիկոնի ջոկատը: Պետոն անձամբ առաջնորդելով մյուս զորախումբը՝ ճակատային գրոհով հաղթահարում է խոչընդոտող արգելքները, դեռ մութը չընկած՝ բարձրանում սարի կենտրոնն ու միանալով Մամիկոնի տղաներին, դիրքավորվում գրավված հենակետերում: Առաջին օրվա մարտերի արդյունքները գերազանց էին: Գումարտակի գրոհային ջոկատներն առանց զոհերի եւ վիրավորների գրավում են 2071 բարձունքը` ապահովելով զորքի հետագա առաջխաղացումը:

Պետոն թիկունքն ապահովելու համար սարի վրա թողնում է մի փոքրիկ խումբ եւ հիմնական ուժերով իջնելով բարձունքներից՝ հարձակվում Բաղրսաղ, ապա Յանշաղ գյուղերի ուղղությամբ, որտեղ պետք է միանար Արշոյի գումարտակին:

Հարկ է նշել, որ Չիչագլի սարում գտնվող ադրբեջանական հենակետերը, հայտնվելով թիկունքում, մեկուսացվել էին ու արդեն ոչ մի վտանգ չէին ներկայացնում: Դեպի Բաղրսաղ գյուղը ձգվող ճանապարհներն ու բլուրները ադրբեջանցիները բավականին լավ ամրացրել էին: Սարից մինչեւ գյուղն ընկած տարածությունը հաղթահարելու համար գումարտակը պետք է կոտրեր այդ տարածքում տեղաբաշխված ադրբեջանական առանձին հենակետերի դիմադրությունը: Պետոն դարձյալ կազմակերպում է հակառակորդի դիրքերի հետախուզումը եւ նոր միայն ջոկատներն առաջնորդում գրոհի: Պարզվում է, որ թշնամու զինվորները մի քանի դիրք արդեն թողել էին, խուճապն ընդգրկել էր ողջ ճակատը: Շուտով Չիչագլիի լեռնագագաթներում կործանման դատապարտված ադրբեջանցիները, հայտնվելով անելանելի վիճակում՝ ճարահատյալ փոքր խմբերով լքում են դիրքերը: Լեռնալանջերից դեպի գյուղն ընկած ճանապարհների վրա Պետոն փոքր խմբերի մասնակցությամբ ծուղակ է կազմակերպում:

«Մենք, – պատմում է Էդիկը, – երկու օր մնացինք այդտեղ, ադրբեջանցիները երկու-երկու, չորս-չորս փախչելով` ընկնում էին մեր ծուղակը»:

Գումարտակը մեկը մյուսի հետեւից հաղթահարելով ադրբեջանցիների պաշտպանական դիրքերի դիմադրությունը՝ արագորեն մոտենում է Բաղրսաղ գյուղին, որի միջով 2071 բարձունքի հարեւանությամբ անցնում է գումարտակի ուժերի կողմից չվերահսկվող միակ ճանապարհ-միջանցքը:

Չիչագլի սարը շրջանցող բարձունքները գրավելուց երկու օր հետո Պետոն Ռոմիկի, Էդիկի, Ղարիբի, բուժականցի Գագիկի եւ Դավթի ընկերակցությամբ մոտենում է Բաղրսաղ գյուղին՝ հետախուզելու եւ պարզելու գյուղում եւ շրջակայքում տիրող իրավիճակը: Անհրաժեշտ որոշ մանրամասներ պարզաբանելուց հետո Պետոն կապվում է «ծուղակ հենակետերում» հերթապահող Մուրադին եւ հրամայում իր դասակի հետ իջնել գյուղ: Մինչ այդ` գումարտակի հրամանատարական կազմից ոմանք առաջարկում են ջոկատներով բարձրանալ Չիչագլիի հենակետերը, պարզել, ապա եւ անհրաժեշտության դեպքում զենքի ուժով մաքրել ու վերջնականապես վերացնել հիշյալ վայրերում տեղաբաշխված ադրբեջանցիների հենակետերը:

«Պետոն, – վերհիշում է Դավիթը, – չհամաձայնելով առաջարկությանը, ասաց` սար բարձրանալու անհրաժեշտություն չկա: Ադրբեջանցիները սարալանջերում եւ բարձունքներում կա՛մ սառել են ու ցրտահարվել, կա՛մ էլ հասցրել են փախչել: Նրանց համար ոչ մի փրկություն չկա, որպեսզի չցրտահարվեն ու սովամահ չլինեն, ստիպված են հենակետերից իջնել եւ անցնել մեր կողմից թողնված միակ ճանապարհ-միջանցքով, որն էլ անցնում է Բաղրսաղ գյուղով: Եթե նրանք հայտնվեն, ապա հենց գյուղում էլ կդիմավորենք նրանց»:

Մուրադի դասակի տեղ հասնելուն պես՝ Պետոն զինվորներին առաջնորդում է գյուղ եւ առանց որեւէ լուրջ դիմադրության հանդիպելու՝ գրավում այն: Գյուղը լքելիս ադրբեջանցիները թողել էին զգալի քանակությամբ զինամթերք: Գերեվարած ադրբեջանցիներին ու ռազմավարը ԼՂՀ բանակի տնօրինությանը հանձնելուց եւ տեղային հետախուզություն իրականացնելուց հետո գումարտակը շարունակում է առաջխաղացումը:

Բարոյալքված ու մարտունակությունը կորցրած թշնամին, մեկը մյուսի հետեւից դիրքերը հանձնելով, խուճապահար փախչում էր: Ռազմաճակատի արեւմտյան հատվածում տեղաբաշխված զորամիավորումները նույնպես արագորեն առաջ շարժվելով՝ հավասարվում են դեպի հյուսիս առաջացող յուրայիններին` իրենց վերահսկողության տակ առնելով Օմարի լեռնանցքը:

Պետոն այս անգամ եւս, իր գումարտակով հրաշալիորեն է կատարում մարտական հույժ կարեւոր առաջադրանքը, ինչի շնորհիվ ճակատի առաջավոր դիրքերը թիկունքից արդեն զգալիորեն հեռացել էին: Լեռնալանջերին դիրքավորված մարտիկներին անհրաժեշտ էր ժամանակին ապահովել սննդով ու տաք հագուստով: Իր զինվորների պահանջներն ու կարիքները ժամանակին բավարարելու եւ հոգալու խնդիրները Պետոյի համար առաջնահերթ էր, եւ մինչեւ խորապես չհամոզվեր, որ դիրքերում գտնվող զինվորներն ապահովված են անհրաժեշտ միջոցներով, չէր կարող իրեն հանգիստ զգալ:

Թիկունքն առաջավոր դիրքերին կապող ասֆալտապատ միակ ճանապարհը, որն անցնում էր Յանշաղ ու Ղամշլի գյուղերով, ձյան պատճառով տեղ-տեղ դեռեւս խցանված էր: Անհրաժեշտ էր բացել այդ ճանապարհը եւ ժամանակին լուծել դիրքերում գտնվող զինվորների մատակարարման խնդիրները: Պետոն փետրվարի 14-ին այդ նպատակով Յանշաղից իջնում է Ղամշլի, ապա շարժվում դեպի Գյանջա-Քարվաճառ ճանապարհահատվածը` խաչմերուկի ուղղությամբ: Գյանջա տանող ճանապարհին, խաչմերուկից 6-7 կմ հեռավորության վրա հանդիպում է շտապօգնության մեքենայի եւ նրա շուրջը խմբված զինվորների պատմածներից տեղականում, որ իրենց հանձնարարված է մարտադաշտից դուրս բերել ԼՂՀ բանակի վիրավոր զինվորներից մեկին: Բայց քանի որ ճանապարհը ականապատված էր, ապա շտապօգնության մեքենայի սպասարկող անձնակազմը, երկյուղելով ողբերգական հետեւանքներից, չի համարձակվում առաջ շարժվել, իսկ մարտադաշտում նրանց օգնությանն էր սպասում վիրավոր զինվորը:

Արհամարհելով մահվան վտանգ եւ ամեն սպառնալիք` հայրենյաց նվիրյալ զինվորը վարորդի փոխարեն ձեռքն է առնում մեքենայի ղեկը եւ միայնակ շտապում վայրկյան առաջ մարտադաշտից դուրս բերելու վիրավոր մարտիկին: Մի քանի ակնթարթ անց լսվում է ահարկու պայթյունը, եւ ականի բեկորներից խոցված Պետոն կնքում է իր մահկանացուն, իսկ հաշված րոպեներ անց այդ նույն ճանապարհով մեքենաներով, արդեն անարգել, անցնում էին արցախյան բանակի զինվորները:

ԼՂՀ-ից դեպի Մռավ եւ Օմարի լեռնանցք ձգվող մայրուղին բաց է…

ՀԱՄԼԵՏ ԳԵՎՈՐԳՅԱՆ
պատմ., գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Խորագիր՝ #07 (923) 23.02.2012 – 29.02.2012, Ուշադրության կենտրոնում, Պատմության էջերից


29/02/2012