Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԼԵԳԵՆԴԱՐ ԳԱՅԸ



Փետրվարի 19-ին նշվում է Հայկ Բժշկյանցի (Գայի)` լեգենդար հերոսի ծննդյան 125-ամյակը։ Իր դիվիզիայի կարմիրբանակայինները դժվարանում էին արտասանել թե՛ Հայկ անունը, թե՛ Բժշկյանց ազգանունը, ուստի խնդրեցին հրամանատարին, որ դիմեն իրեն Գայ ազգանունով։ Դա իրենց համար հեշտ էր արտասանել եւ հասկանալի բառ էր (սլավոնների լեզվով նշանակում է անտառ)։ Հետագայում նաեւ ռազմական հրամաններում եւ պաշտոնական փաստաթղթերում Բժշկյանցը անվանվում էր՝ Դմիտրի Գայ։ Այդպես Ռուսաստանի քաղաքացիական կռիվներում ծնվեց լեգենդար հերոս Գայ, ազգությամբ հայ։

Սակայն այդ լեգենդար հերոսը դաժանորեն սպանվեց 1937թ., երբ Ի. Ստալինի կամակատարները Գային կեղծ մեղադրանք ներկայացրին, անվանելով նրան «ժողովրդի թշնամի»։ Գայի անունը մոտ 20 տարի մատնվեց մոռացության ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Հայաստանում։ Միայն Ստալինի մահվանից հետո, երբ պսակազերծվեց նրա կերպարը, Գայը հետմահու արդարացվեց, եւ նրա անունը վերադարձվեց ժողովրդին ու պատմությանը։

Հայկ Բժշկյանցի հերոսական ուղին սկսվել էր դեռ 1915թ., Կովկասյան ճակատում, երբ նա, որպես վաշտի հրամանատար, կռվում էր Հայկական կամավորական VI դրուժինայի կազմում։ Նրա հերոսության մասին 1915 թվականի սկզբին գրեց «Մշակ» (ք. Թիֆլիս) թերթը «Հայազգի հերոսներից մեկը» հոդվածում։ Երբ սպանվում է դրուժինայի հրամանատարը, այն գլխավորում է 3 անգամ վիրավորված Բժշկյանցը եւ իր քաջերի հետ 3 օր տեւած մարտերում ջախջախում է թուրքերին ու քրդերին։ Հայ քաջերն ազատագրում են 3 գյուղ, թշնամուն շպրտելով մոտ 35 վերստ եւ հասցնելով նրան մեծ կորուստներ՝ 600-ից ավելի սպանված զինվոր եւ 3 սպա։ Կորպուսի հրամանատար ռուս գեներալը գրկում, համբուրում է Հայկ Բժշկյանցին եւ նրա կրծքին ամրացնում ս. Գեւորգ շքանշանը ու մեդալը։ Այդ փայլուն հաղթանակից հետո Հայկի անունը հայտնի դարձավ ողջ ռուս-թուրքական ռազմաճակատում։

Հետագայում Գայը ընտանիքով հայտնվում է Միջին Ասիայում, իսկ հետո էլ Մերձվոլգյան շրջանում, որտեղից էլ սկսվում է նրա փառաբանված ռազմական ուղին։

1918թ. Գայը դառնում է 24-րդ կարմիր դիվիզիայի («Երկաթյա») հրամանատարը։ Մի անգամ զինվորներից մեկը հարցնում է հրամանատարին, թե ինչպես եղավ, որ կովկասցին եկավ, հասավ Ռուսաստանի կռիվներին։ Գայը պատասխանում է. «Դուք, ռուսներդ, եկաք մեզ, հայերիս օգնության՝ կռվելու թուրքերի դեմ։ Հիմա էլ ես եմ եկել ձեզ օգնության»։

Գայը, հիրավի, օժտված էր զորավարի տաղանդով եւ քաջի ոգով։ Երբ նրա դիվիզիան ազատագրեց Լենինի ծննդավայր ք. Սիմբիրսկը, Գայը վիրավոր առաջնորդին ուղարկեց պատմական հեռագիր այդ լավ լուրի մասին։ Հետագայում Գայի դիվիզիան մասնակցում է Մերձվոլգյան եւ Մերձուրալյան 100-ից ավելի քաղաքների ազատագրմանը, ինչից հետո նրան նշանակում են Արեւելյան ճակատի Առաջին բանակի հրամանատար։

Գայի վերջին ռազմական փայլուն էջը եղել է նրա հեծելազորային կորպուսի մասնակցությունը Լեհաստանի դեմ մղված պատերազմում, երբ նա համարձակ սրընթաց արշավ կատարեց թշնամու թիկունք։

Հայկ Բժշկյանցի մշտական երազանքն է եղել ծառայել Հայաստանին ու նրա ժողովրդին։ 1922թ. նա նշանակվեց Հայաստանում ռազմական գործերի ժողովրդական կոմիսար (ժողկոմ)։ Հասցրեց շատ բան անել Երեւանի միացյալ հրամանատարների դպրոցի եւ լեռնահրաձգային դիվիզիայի ստեղծման գործում։

Վերադառնալով Մոսկվա, Գայը ավարտում է Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան (1927), պաշտպանում ատենախոսություն (1929թ.) եւ հետո էլ դասավանդում ռազմաօդային ակադեմիայում, լինելով ամբիոնի վարիչ, պրոֆեսոր։

Հայաստանում 1967թ. հանդիսությամբ նշվեց Գայի 80-ամյակը, որին ներկա էր Ռիգայից ժամանած նրա դուստր Թամարը։ Հայաստանի Մինիստրների Խորհուրդն այն ժամանակ ընդունեց մի շարք որոշումներ։ Դրանց թվում էին՝ կանգնեցնել արձան Գային, նրա անունով կոչել փողոցներ, դպրոցներ (Երեանում N 129), ինչպես նաեւ սպայի տունը, տեղադրել հուշատախտակ Ալավերդյան N 37 տան վրա, ուր աշխատել է նա 1922-23թթ.։

Ես, որպես Հայկ Բժշկյանցի զարմիկ (տատս եղել է Գայի մորաքրոջ աղջիկը), հպարտ եմ, որ հայ ժողովուրդը ծնել է այդպիսի տաղանդավոր զորավար եւ քաջարի զինվոր։ Համոզված եմ, որ ամեն մի հայ զինվորի մեջ ներկա է նրա քաջ ոգին։ Եվ դա նրանք ապացուցեցին Արցախյան պատերազմում, երբ ի հայտ եկան Գայի նման տասնյակ հերոսներ։

ՌՈՒԴՈԼՖ ՕՀԱՆՅԱՆ
Հայաստանի պետական մրցանակի
դափնեկիր

Խորագիր՝ #07 (923) 23.02.2012 – 29.02.2012, Ճակատագրեր


29/02/2012