ՖՐԱՆՍԻԱՆ ՈՒ ԱՄՆ-Ը ՎԵՐՍՏԻՆ ԴԻՄՈՒՄ ԵՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ՈՒ ՉԻՆԱՍՏԱՆԻՆ
Ֆրանսիայի արտգործնախարար Ալեն Ժյուպեն Ռուսաստանին ու Չինաստանին կոչ է արել չշրջափակել Սիրիայի վերաբերյալ ՄԱԿ անվտանգության խորհրդի նոր բանաձևի ընդունումը: Նա նաև հայտնել է, որ փետրվարի 24-ին Թունիսում «Սիրիայի բարեկամների» առաջին կոնֆերանսին կհետևեն Ստամբուլում ու Փարիզում գումարվելիք կոնֆերանսները, սակայն չի հստակեցրել դրանց հրավիրման ժամկետները:
Իր հերթին, Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը Ռուսաստանին ու Չինաստանին կոչ է արել օգտագործել Բաշար Ասադի վրա ունեցած ողջ ազդեցությունը, որպեսզի նա վերջ տա բռնություններին և գոնե մեկ օրով թույլ տա մարդասիրական օգնություն տրամադրել մարտական գործողությունների գոտում գտնվող բնակչությանը:
Միաժամանակ հայտնի է դարձել, որ Սիրիայի նախագահը ստորագրել է փետրվարի 26-ին հանրաքվեի դրված նոր սահմանադրության նախագիծը, որի օգտին, ըստ Սիրիայի իշխանությունների, քվեարկել է հանրաքվեի մասնակիցների 89,4 տոկոսը:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական