ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԿՈՐԵԱՆ ՊԱՐԵՆԱՄԹԵՐՔԻ ԴԻՄԱՑ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻՑ
ԿԺԴՀ իշխանությունները պատրաստ են դադարեցնել ուրանի հարստացումը, միջուկային զենքի ու բալիստիկ հրթիռների փորձարկումները, փոխարենն ակնկալելով պարենամթերք ստանալ ԱՄՆ-ից: Փխենյանը համաձայնել է նաև երկիր թողնել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին, որոնք հետևելու են ուրանի հարստացման դադարեցման վերաբերյալ ԿԺԴՀ ստանձնած պարտականությունների կատարմանն ու ստուգելու Յոնբենի միջուկային ռեակտորի աշխատունակությունը:
Այս համաձայնությունը ձեռք է բերվել Պեկինում փետրվարի 23-24-ին ԿԺԴՀ և ԱՄՆ ներկայացուցիչների բանակցությունների արդյունքում:
Նախօրեին Միացյալ Նահանգների կողմից նման նախապայմանների մասին էր հայտարարել ԱՄՆ Խաղաղօվկիանոսյան նավատորմի հրամանատար, ծովակալ Ռոբերտ Ուիլիարդը, ինչը, սակայն, հակասում է մինչ այժմ Վաշինգտոնի հնչեցրած այն դիրքորոշմանը, թե միջուկային փորձարկումների դադարեցումն ու ԿԺԴՀ-ին պարենային օգնության ցուցաբերումը որևէ կապ չունեն միմյանց հետ:
ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարել է, որ մի շարք ասպարեզներում ԿԺԴՀ դիրքորոշումն ու քայլերը խորը մտահոգություն են առաջացնում, սակայն վերջին հայտարարությունը վկայում է մի քանի խնդրահարույց հարցերում թեև սահմանափակ, բայց առաջընթացի մասին: Ըստ շրջանառվող լուրերի, ԱՄՆ-ը պատրաստվում է Հյուսիսային Կորեային տրամադրել 240.000 տոննա պարենային օգնություն:
ԿԺԴՀ կողմից միջուկային փորձարկումների դադարեցման վերաբերյալ վեցակողմ` Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Ճապոնիայի ու Հարավային Կորեայի մասնակցությամբ ընթացող բանակցությունները սառեցվեցին 2008 թվականին:
Առ այսօր Հյուսիսային Կորեան 2006 և 2009 թվականներին իրականացրել է երկու միջուկային փորձարկում, իսկ 2009 թվականին փորձարկել է նաև հեռահար գործողության շառավղով բալիստիկ հրթիռ:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական